Հայաստանում մշակութային նոր գործունեություն է սկսվել։ Նոր տիպի կուլտուրա է արմատավորվում։ Հեռուստագովազդային եթերից մշակութային այրերը համոզում են՝ օգնել մեզ, գնել մերը։ Այսինքն՝ հայրենական արտադրության հանդեպ սուրբ սիրով վեհանալ եւ բավարարվել հայրենական արտադրանքի որակով։
Համարյա ութ տարեկան երկիր ենք, անհրաժեշտ բոլոր տարրերով։ Անգամ բազում օրենքներ ունենք։ Հարկային ու մաքսային օրենքներ, որոնք, դժվար է ասել, իրականում օգնում են, թե խանգարում հայրենական արտադրողին։ Մի բան հաստատ է՝ տնտեսություն ունենալու մասին պատկերացումները Մարկ Տվենի արտահայտությամբ՝ մի փոքր չափազանցված են։ Ասվածը որպես չարախնդություն չի կարելի ընկալել։ Հայրենական արտադրության ամեն մի փոքր հաջողություն մամուլն ու ժողովուրդը ցնծությամբ է ընդունում։ Քիչ թե շատ լուրջ արտադրական ձեռնարկության հիմնման մասին թեման ամիսներով չի իջնում մամուլի էջերից ու հեռուստաէկրաններից։ 10-20 նոր աշխատատեղեր խոստացող ձեռնարկությունների բացումն ուղեկցվում է հանդիսավոր արարողություններով, որոնց երկրի առաջին դեմքերն են մասնակցում։ Հանրապետության արտադրական ձեռնարկությունների բոլոր տերերին ու տնօրեններին ժողովուրդը դեմքով է ճանաչում։ Խոսքն աշխատող արտադրական ձեռնարկությունների տնօրենների մասին է։
Համազգային, ցնծության հասնող թոհուբոհի մեջ չի նկատվում մի փաստ՝ մոռացել ենք տարրական գիտելիքները տնտեսության մասին։ Վաղուց արդեն մոռացել ենք Ա եւ Բ խմբերի արտադրության մասին։ Լուրջ՝ ինչ-որ իմաստով, ու որոշակի ոլորտներում հզոր արտադրական պոտենցիալից մնացել է ընդամենը կաթնամթերքի ու գարեջրի արտադրությունը։ «Օգնենք մեզ, գնենք մերը» համոզում է հեռուստագովազդը էկրանին հայտնվող դեմքերով։ Առայժմ մենք մեզ ենք համոզում, որ մեր արտադրանքը լավն է։ Ուրիշներին համոզելու փող չունենք։ Էկրանից համոզող դեմքերին նույն էկրանի վրա շրջապատում են հայրենական նորօրյա արտադրության առաջամարտիկների ապրանքանիշերը (լոգոները)։ Դրանց մեջ, թող ներվի ասել՝ ոչ մի լուրջ արտադրանքի (տնտեսագետները կասեին՝ հեռանկարային միջազգային շուկայում մրցանակ) ապրանքանիշ չկա։ Մենք մեզ գովազդում ենք՝ ջուր, կաթ, պաղպաղակ, երշիկ, ծխախոտ, գարեջուր։ Նաեւ՝ կոնյակ, որ, դժվար է հասկանալ՝ մերն է, թե բրենդի է։ Միակ լոգոն, որ ծամելու չէ «Հայկական ավիաուղիներն» է։ Կարծես մինչեւ այս ակցիան «Բելգիական արքայական ավիաուղիներով» էինք երթեւեկում։
Արտադրության մյուս բոլոր ոլորտներն առայժմ մնում են կառավարական ծրագրերի մակարդակում։ Առայժմ միայն այդ ծրագրերն են հիշում ռադիոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը, սարքաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Հիշում են ու խոստանում «վերականգնել, ընդլայնել, զարգացնել, խթանել» եւ այլն։ Կառավարությունն էլ հետո զարմանում է, որ արտահանման ծավալները չնչին են։ Համաձայնեք, որ պաղպաղակ ու երշիկ արտահանելը դժվար խնդիր է։
Կարդացեք նաև
Տնտեսական ընթացող պրոցեսների (որոնք «բարեփոխում» են անվանվում) հայրերը հենց սկզբից վստահ-վստահ բացատրում էին, որ արտադրական հին գիգանտները նոր Հայաստանի համար չեն։ Ոչ համոզելն էր դժվար, ոչ ըմբռնելը։ Ի վերջո բոլորս էլ հասկացանք, որ գիգանտ «նաիրիտները» ապագա չունեն։ Բայց դժվար է համոզվելը, որ Հայաստանում ապագա չունեն քիմիական ու թեթեւ արդյունաբերությունները, արտադրության մյուս ճյուղերը։ Ուրախանալով նշում ենք, որ վրացական գինեգործությունը հետաքրքրվել է հայկական խաղողով։ Եթե հաջողվի, մեր ձեռնարկությունների փոխարեն վրացիները կմթերեն մեր տեխնիկական խաղողը։ Արդեն տարածաշրջանում էլ կդառնանք հումք մատակարարող երկիր։ Պատրաստի արտադրանք թողարկելն ու իրացնելը մեր խելքի բանը չէ։ Արտահանվող պեռլիտին ու մոլիբդենին խաղողի տեխնիկական սորտերն են որպես հումք ավելանում։
Իսկ ինչ մնում է «մերը գնելու ու մեզ օգնելու» կուլտուրա արմատավորելու հեռուստատեսային ձեռնարկին՝ վատ չէ։ Գոնե մենք գնենք մերը։ Նույն բանն ուրիշին պարտադրել (ասել է թե՝ պատրաստի արտադրանք արտահանել) առայժմ մեզ չի հաջողվում։ Հուսանք, որ գոնե՝ առայժմ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ