Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դեռեւս հյուր ենք հատուկ Եվրոպայի խորհրդում

Հուլիս 15,1999 00:00
xorhrdaran

Դեպի Եվրամիություն ձգտող Հայաստան, իմացած լինես, նպատակիդ հասնելու համար մի միջանցքով պիտի անցնես, որ կոչի Եվրախորհուրդ։

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվող տարեկան «Մարդկային զարգացման զեկույցների» հեղինակ-ազգային փորձագետների (այսուհետեւ ՀԱՓ- Ա. Գ.) եւ այլ շահագրգիռ անձանց ամիսը մեկ կազմակերպվող թեմատիկ բանավեճ-քննարկումներից երկրորդի ժամանակ նման համեմատություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը։ «Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին եւ դեմոկրատացում» թեմայով այս բանավեճը դեպի այդ «միջանցք» տանող ճանապարհների փնտրտուք էր։ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարոլլա Մյուլլեր-Հոլթքեմփերին թեեւ «դժվար էր գալիս» ներկա «շատ պատրաստված» հասարակությանը ինֆորմացիա տալ Եվրախորհրդի մասին, այդուհանդերձ, նա չզրկեց իրեն այդ հաճույքից։ Չխուսափեց նաեւ Հայաստանի «կոշտուկը տրորել»՝ հայտնելով («ջիջիլ գցելու» նման), թե Հայաստանի ամենամոտ հարեւան Վրաստանը արդեն Եվրախորհրդի անդամ է։

ՀԱՓ-երից Սուրեն Զոլյանը կարելի է ասել շարունակեց «կոշտուկի» թեման։ Նրա զեկուցումը նպատակ ուներ պարզելու, թե ինչու մինչեւ այժմ Հայաստանը չի անդամակցել Եվրախորհրդին եւ այնտեղ ընդամենը հատուկ հյուրի կարգավիճակ ունի։ Սակայն ավելի շատ ստացվեց, թե ախր ինչո՞ւ են 5-ը, անդամակցել են Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Խորվաթիան, Թուրքիան։ Ի դեպ, պրն Զոլյանն իր ելույթի սկզբում համարյա հանդիմանում էր Եվրախորհուրդն ու Եվրամիությունն իրարից չտարբերողներին եւ հենց ինքն էլ տեղում խճճվեց «միության ու խորհուրդի» միջեւ։ Վրաստանի համար, ինչքան էլ «վառված» լինենք, պիտի ուրախանանք, որ եթե նա Եվրախորհրդի անդամ է, ուրեմն մենք էլ հաստատ Եվրոպա ու Եվրոպա ենք ու ԵԽ-ի պոտենցիալ անդամ (տեսնես, Վրաստանը գիտի՞, որ իրեն Ալեքսանդր Մատրոսովի տեղն ենք դրել)։ «Մարդկային զարգացման զեկույցներում», ճիշտ է, արտաքին քաղաքականության մասը բացակայում է, բայց Սուրեն Զոլյանը գտնում է, որ ԵԽ-ին անդամակցելու համար Հայաստանի առջեւ լուրջ խոչընդոտներ չկան։

Կարոլլա Մյուլլերը, վախենալով «ավելի խճճել հարցը», որոշ պարզաբանումներ կատարեց նախորդ հռետորի ելույթի կապակցությամբ։ Հայաստանը, ի դեպ, ԵԽ-ի անդամակցության համար կարող է չսպասել ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը, միայն թե լուծումը պիտի տեսնի ոչ միայն ինքը։ Այսինքն լինի ավելի «ճկուն», այնքան «ճկուն», որքան Վրաստանը (տիկին Մյուլլերը դիվանագիտական լեզվի թարգմանեց «զըռ չոբան» ազգային արտահայտության հականիշը- Ա. Գ.)։ «Տակ չմնաց» Շմավոն Շահբազյանը. Հայաստանի անդամակցության զեկույցը՝ պատրաստ ԵԽ-ում է, մնում է քաղաքական որոշում լինի, (իմա «добро»-ն- Ա. Գ.)։ Իսկ վրացիները շատ ավելի են խոսում իրենց՝ եվրոպական կեցվածք ունենալու մասին, դրա համար էլ իրենք անդամ են։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, «որպես կարծիք ունեցող», շտապեց «ձերբազատվել» դրանից ու պատասխանեց ոչ այն է՝ տիկին Մյուլլերին, ոչ այն է՝ պրն Շահբազյանին. «Հայաստանը հարյուրավոր տարիներ առնչություններ ունի Եվրոպայի հետ»։ Հետո նա մի «պիտի-ների» շարք սկսեց, որը հնչում էր մոտավորապես այսպես. «Я…, вступая в ряды…, торжественно клянусь…»։

Ամենաաննախանձելին Եվրամիության Եվրոպական խորհրդի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դենիս Քորբոյի վիճակն էր. հինգ րոպեի չափ մարդը խնդրում էր, որ իրարից տարբերենք ԵՄ-ն եւ ԵԽ-ն, գոնե այդ դահլիճում։

ՀԱՓ-երից Տիգրան Խզմալյանը կոչ արեց այս հավաքները չդարձնել «ԱԺ-ի ֆիլիալ» եւ քաղաքականի կողքին բարձրացնել նաեւ մշակույթի դերը։ Ամենասոցիոլոգ եւ ամենաՀԱՓ Ահարոն Ադիբեկյանը հաջողեցրեց ԱԺ հապավումը բացել իբրեւ Ազգային ժողովուրդ, իսկ ԵԱՀԿ հապավումը Սուրեն Զոլյանի շուրթերից, թող ներվի ասել, բայց «յախկ» էր հնչում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031