Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ

Հուլիս 15,1999 00:00
kin

Եդեմական այգուց տղամարդն ու կինը դուրս եկան լրիվ հավասար պայմաններում՝ մորե-մերկ, սակայն կյանքը մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին կանք։ Հիմա ամբողջ աշխարհում (ու հատկապես՝ Հայաստանում) թվում է, թե տղամարդը հասել է ամեն ինչի, կինը՝ գրեթե ոչնչի։

Չեմ կարծում, թե այս հարցի շուրջ տղամարդիկ երբեւէ մտածել են, բայց համաձայնեք, որ հենց տղամարդիկ են կանանց ուղարկել խոհանոց՝ բացարձակ ցանկություն չունենալով իրավիճակը պատկերել ֆեմինիստի (մանավանդ որ, հաստատ ֆեմինիստ չեմ) տեսանկյունից, պարզապես ներկայացնեմ, թե կարիերայի մեկնարկային պահից ինչպիսի հնարավորություններ են ունենում կինն ու տղամարդը եւ, ի վերջո, ինչի է հասնում նրանցից յուրաքանչյուրը։

Կինն ու տղամարդը միասին կյանք են մտնում միեւնույն դիպլոմներով, երկուսն էլ՝ էներգիայով ու էնտուզիազմով լի։ Մեկնարկի պահին տղամարդն ու կինը գործնականում հավասար են։ 2-3 տարի հետո տղամարդն արդեն բավականին առաջ է անցնում կնոջից։ Աշխատանքի ընդունելիս ղեկավարները թերեւս ե՛ւ կնոջը, ե՛ւ տղամարդուն ուղղում են միեւնույն՝ «ամուսնացա՞ծ եք» հարցը։ Սակայն եթե տղամարդու դրական պատասխանը նոր դռներ է բացում իր կարիերայի համար, ապա կնոջ ամուսնացած լինելու հանգամանքն ավելի շատ խանգարում է նրա առաջընթացին։ Նման մոտեցումը շատ պարզ բացատրություն ունի. յուրաքանչյուր ղեկավար լավ գիտակցում է, որ ամուսնացած կինը, որքան էլ իբրեւ մասնագետ բարձր որակ ապահովի, միեւնույն է, հենց կնոջ ուսերին են ծառացած ընտանիքի հոգսերը, ու ամուսնացած կինը չի կարող օր ու գիշեր նվիրվել աշխատանքին։ Ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում ամուսնացած տղամարդու դեպքում։ Եթե նույնիսկ մասնագիտական գիտելիքներով ամուսնացած տղամարդը զիջում է ամուսնացած կնոջը, միեւնույն է՝ աշխատանքը նա է ստանում։ Ամուսնացած տղամարդը երկու առավելություն ունի՝ նախ, արդեն սեփական կին ունի եւ չամուսնացածների նման այդքան չի վազում կանանց հետեւից։ Երկրորդ՝ սեփական կինը հոգում է ընտանիքի ողջ հոգսերը եւ ամուսնացած տղամարդն ազատ է ինչպես թռչունը՝ հաջող կարիերա անելու եւ աշխատավայրում անվերջ գտնվելու համար։

Համոզվելու համար բերեմ հենց մեր հարազատ կառավարության օրինակը. նախորդ կառավարությունը որքան էլ երիտասարդ՝ միեւնույն է, 95 տոկոսով ամուսնացած էր. միակ ամուրին, իհարկե, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր։ Ի տարբերություն նախորդի, այս կառավարությունում հիմա արդեն վարչապետի կողքին հայտնվեց եւս մեկ ամուրի։ Թվում է, թե վերը նշածս սկզբունքը խախտվում է, բայց ուշադրություն դարձրեք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե վարչապետի պաշտոնն ավելի է պարտավորեցնում, որպեսզի ինքը արագացնի ամուսնության գործընթացը (իսկ պաշտպանության նախարարը գուցե իսկապես պետք է զենքի հետ ամուսնացած լինի)։ Չգիտեմ, ամուսնացածներին առաջնություն տալու սկզբունքից ելնելո՞վ, թե՞ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը չապահովելու համար ամուրի վարչապետը տառացիորեն չորս օր առաջ պաշտոնից հեռացրեց եւս մի ամուրիի՝ պետության գլխավոր գանձապետ Արամ Ղարիբյանին։ Իմիջիայլոց, ասում են, թե հենց այս ամուրիի ամուսնության հարցով բավականին մտահոգված են եղել նախորդ կառավարության որոշ անդամներ։

Ինչեւէ, թեման շարունակելով ասեմ, որ թեպետ ամուրի լինելու դեպքում առաջնությունը տրվում է կնոջը, այդուհանդերձ, ղեկավարները նախընտրում են «բանակցությունները» վարել տղամարդու լեզվով։ Սա է հիմնական բացատրությունն այն «գաղտնիքի», որ խիստ հավասար պայմանների դեպքում անգամ, տղամարդը առավել արագ եւ հաջող կարիերա է անում։ Սովորաբար, տղամարդիկ ընտրում են արագընթաց վերելքը. նրանք դեպի իրենց նպատակ են գնում ուղիղ գծով՝ ճանապարհին չնկատելով ոչինչ ու ոչ ոքի։ Կանայք եւս տղամարդկանց նման իրենց նպատակը շատ լավ են տեսնում, սակայն, ի տարբերություն տղամարդկանց, կանայք նպատակը տանող ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են տեսնում։ Բացի այդ, կանայք ստիպված են հաղթահարել երկու մրցակցություն՝ եթե տղամարդիկ կանանց մրցակից չեն համարում, ապա կանայք ստիպված են հաղթահարել մրցակցությունը ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց շրջանում։ Այս կրկնակի մրցակցությունը, բնականաբար, ավելորդ լարված ու նյարդային իրավիճակ է առաջացնում։

Սակայն հենց այս կրկնակի մրցակցությունն էլ կարող է կանանց համար առավելություն դառնալ։ Որոշակի իրավիճակներում, երբ տղամարդիկ դեռ իրար հետ հարաբերություններ են պարզում՝ կինը օգտագործելով «տղամարդու զենքը», տոնում է հաղթանակը։ Սակայն, եթե կինը որոշի գնալ ավելի բարձր պաշտոնների, պետք է տիրապետի տղամարդու բազմաթիվ հնարքներին։ Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ աշխատանքում, կարիերայում հաջողած կանայք, որպես կանոն, կամ ամուսնացած չեն, կամ ամուսնալուծված են։ Բնականաբար, կինը ֆիզիկապես չի կարող հավասարաչափ տրվել եւ ընտանիքին, եւ աշխատանքին։ Դրանցից որեւէ մեկին նախապատվություն տալու դեպքում անպայման տուժում է մյուսը։ Այս խնդիրը երբեք որեւէ տղամարդու առջեւ չի ծառանում։ Նա կարող է եւ չափազանց կարիերա անել, եւ ունենալ երջանիկ ընտանիք, չէ՞ որ վերջինիս ապահովումը կնոջ ուսերի վրա է։

Այսքանով հանդերձ, գոնե մեր պետությունում, չամուսնացած եւ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով կնոջը դեռեւս չի հաջողվում հասնել ամենաբարձր պաշտոնների։ Հերթական կառավարությունը ձեւավորվեց՝ դարձյալ տեղ չհատկացնելով որեւէ կնոջ։ Ազգային ժողովի ընտրությունների պատնեշը հաղթահարեց ընդամենը չորս կին։ Սա այն դեպքում, երբ ուսանողական նստարանից սկսած (նույնիսկ՝ աշակերտական) մինչեւ աշխատանքի միջին օղակները, ամենաակտիվը կանայք են։ Այդ վերին օղակին հասնելուն ինչն է խոչընդոտում կանանց. կորցնում են մասնագիտական պրոֆեսիոնալի՞զմը, նախընտրում են մնալ ընտանիքին նվիրված տնտեսուհինե՞ր, թե՞ իսկապես տղամարդիկ թույլ չեն տալիս հասնել վերեւին՝ պարզ չէ։ Գուցե կա այս հարցի չորրորդ, հինգերորդ… տարբերա՞կը, մի բան ակնհայտ է, որ ամենաբարձր պաշտոնի հասած մեր կանայք առանձնապես հաջողությունների չեն հասել՝ հասարակության համար։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031