Հատվածներ Ռոբերտ Քոչարյանի ելույթից
Արեւելյան կենտրոնի սրահում լեհ արեւելագետները ոտքի կանգնեցին ի պատիվ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, իսկ նրա ելույթի վերջում՝ ծափահարեցին։ Տարածաշրջանային նկարագրումից, Եվրոպա-Հարավային Կովկաս համեմատությունից հետո Հայաստանի նախագահը ներկայացրեց Հայաստանի տեղն ու նշանակությունն այս տարածության մեջ։ «… ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ըստ էության, ձեւավորվեցին երկու պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նրանք ձեւավորվեցին նույն պրոցեսների արդյունքում եւ նույն իրավական գործողությունների հիման վրա։ Իրավական տեսանկյունից ԼՂՀ-ի գոյության փաստն անբասիր է։ ԼՂՀ-ն ունի գոյության բացարձակապես նույն հիմքերը, ինչ-որ Ադրբեջանի Հանրապետությունը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից փորձ արվեց ուժային միջոցներով ճնշել ղարաբաղցիներին, ծագեց պատերազմ, որի արդյունքում Ադրբեջանը պարտություն կրեց (նաեւ՝ շնորհիվ Հայաստանի աջակցության)։
… Ես համոզված եմ, որ եթե այդ կոնֆլիկտը լիներ ոչ թե 1991-ին, այլ հիմա, ապա այն շատ նման կլիներ Կոսովոյի իրադրությանը։ Չնայած խաղաղությունը հաստատվել է 94-ի մայիսին, եւ չնայած միջազգային աջակցությունը բացակայում է, այնուամենայնիվ հրադադարը շարունակվում է։ Ամենավատը, որ կարող էր տեղի ունենալ տարածաշրջանում, արդեն տեղի է ունեցել։ Չկան վիճելի տարածքներ, բոլոր սահմաններն այսօր գնում են էթնիկական բնակության սահմաններին համապատասխան։ Հարցի կարգավորման մեր տեսակետը հետեւյալն է. կարգավորումը պետք է հիմնվի հետեւյալ սկզբունքների վրա։ Առաջինը՝ կողմերի իրավահավասարությունն է, Ղարաբաղի կախյալ դառնալու անհնարինությունը եւ Ղարաբաղի բնակչության երաշխավորված անվտանգությունը։
Հարցի կարգավորումը առանց Ղարաբաղի լիիրավ մասնակցության, բացարձակապես անհնարին է։ Միջազգային վերջին առաջարկները հենված են այս սկզբունքների վրա։ Հայկական երկու կողմերը՝ ե՛ւ ՀՀ-ն ե՛ւ ԼՂՀ-ն ընդունել են այդ առաջարկները, որոնումներ են կատարվում, որ Ադրբեջանը ընդունի այս պայմանները»։
Կարդացեք նաև
ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ
Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցում են հին կառավարությունից մնացած նախարարներից երկուսը՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Խորհրդարանից ուղեկցում են «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ «Միասնություն» դաշինքից Արմեն Հակոբյանը, որոնք նման պաշտոնական այցի առաջին անգամն են մասնակցում եւ մի քիչ «խամություն» են անում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Վարշավա