Նախագահ Քոչարյանի այցը Ստեփանակերտ ավելի քան ուշագրավ էր։ Ոչ հերթապահ մտքեր շարադրելու համար, թե նա կանխեց Արցախում ներիշխանական առճակատումը։
Մանավանդ, հնարավոր էլ չէ պատկերացնել, թե ինչպես է ՀՀ նախագահը Արցախյան զարգացումները կանխելու։ Իհարկե, դատելով նրանից, որ նախագահին ուղեկցել են ՊՆ եւ ՆԳ նախարարները, կարելի է ցանկության դեպքում մեկնաբանել, թե Վահե Գաբրիելյանի սպառնալիքը «միջամտության չհապաղելու» մասին, ենթադրում է ՀՀ ՆԳ հատուկ ջոկատայիններ Ստեփանակերտ իջեցնել կամ ՀՀ ՊՆ որեւէ ռազմական շարասյուն Արցախ մտցնել։ Նման դեպքում արտաքին քաղաքական հետեւանքները արդեն իսկապես «չեն հապաղի»։ Եթե ՀՀ նախագահը անգամ համարի էլ, թե իրեն իշխանություն է տրված ոչ միայն Հայաստանի 28900 քառ.կմ-ի վրա, այլեւ ինքնորոշված, հանրաքվեով անկախություն հռչակած, պատերազմ վարած եւ ադրբեջանական տարածքներ բուֆերային գոտու վերածած ԼՂՀ-ում, իրականությունը դրանից չի վերաձեւվի։ Նույն «ագրեսիան», որ Արցախի դեպքում բացատրվում էր ինքնապաշտպանությամբ եւ միջազգային հանրության կողմից ակտիվ հակազդեցության չարժանացավ, Հայաստանին վերագրվելու դեպքում չի ունենա որեւէ արդարացում, հանգամանք։
Արցախում այսօր ինչ էլ կատարվի, չի կարող ավելի վատթար լինել, քան Արցախը Հայաստանից չտարբերակելու արտաքին քաղաքական հետեւանքները։
Իսկ ի՞նչ է կատարվում Արցախում։ Սամվել Բաբայանը, որ ռազմական աշխարհընկալում եւ հայացքներ ունեցող անհատ է, ձգտում է քաղաքական դերակատարության, ստույգ՝ մենակատարության։ Ի՞նչ են ջանում բոլոր մյուսները։ Բաբայանին համոզել, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքականությունն էլ ռազմական գործ չէ։ Նույնը, ինչ 97-ի սեպտեմբերից 98-ի փետրվարը Հայաստանի «հայտնի ուժերին» էին փորձել համոզել։ Որեւէ արդյունք եղե՞լ էր։ Այժմ, գուցե թե սեփական փորձառությամբ քաղաքական ու ռազմական դաշտերի տարբերությանը բախվելով, 98-ի գործող ուժերը Սամվել Բաբայանին են ջանում հետ պահել իրենց անցած ուղուց։ Նույնիսկ «անհապաղ միջամտելու» գնով։ Երկրորդական է, Բաբայանին ԼՂՀ բանակի հրամանատար կնշանակե՞ն, թե՞ ընդհանրապես պաշտոնանկ կանեն, դա միայն Արցախում է հետեւանքներ ունենալու։
Կարդացեք նաև
Բայց մի քանի հարցեր՝ արդեն Հայաստանի ապագային անմիջականորեն առնչվող, արժե ձեւակերպել։ Արդյո՞ք Բաբայանին կանխող, վերահսկող, թե խելամտության կոչող հայաստանյան ղեկավարները կընդունե՞ն, որ ռազմական գործում նվիրական մեթոդը՝ միջոցների մեջ խտրություն չդնելով հասնել նպատակին, խորապես ներհակ է քաղաքական գործունեությանը, ուր տարբեր միջոցները հանգեցնում են տարբեր նպատակների։ 1998-ի «հայտնի ուժերը» արդեն ընդունո՞ւմ են, որ հաստատվող աշխարհակարգում պատերազմի ելքը հրամանատարները չեն որոշում։ Նրանք ընդամենը դիվանագիտությամբ գծված թույլատրելիի սահմաններում են գործում։
Եթե նույնիսկ «հայտնի ուժերը» ռազմական հաստատակամությունից արդեն անցում են կատարել քաղաքական մտածողության, թող Սամվել Բաբայանի այսօրվա քայլերի պրիզմայով դատեն, թե ինչ տպավորություն էր թողնում քաղաքականություն իրենց ներխուժելը մեկ տարի առաջ։
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ