Արդեն երրորդ օրն է, շարունակվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը Լեհաստան։
Հուլիսի 14-ին նախագահ Քոչարյանին եւ նրա տիկնոջը ԼՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ դիմավորեց ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին՝ տիկնոջ հետ։ Դիմավորումից անմիջապես հետո «Ռոկոկո» սրահում հյուրերն ու տանտերերը նվերներ փոխանակեցին, այնուհետեւ նախագահ Ռ. Քոչարյանը եւ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին առանձնազրույց ունեցան։ Այս երկու արարողություններին լրագրողներս չմասնակցեցինք, ուստի չենք կարող կոնկրետ նշել, թե ի՞նչ նվերներ տվեցին ու վերցրին նախագահները եւ ինչի՞ մասին զրուցեցին։ Այդ ընթացքում լրագրողներին սպասեցնում էին ԼՀ նախագահի նստավայրի ընդարձակ պատշգամբում։ Մի քանի բաժակ սառը հյութ եւ ջուր հյուրասիրեցին, իսկ երբ փորձեցինք նաեւ սուրճ կամ թեյ խնդրել՝ հյուրասեր լեհերը խեղճացան. «Լիմիտը վերջացել է»։ Հաշվի առնելով, որ Լեհաստանը նախկին սոցճամբարի պետություն է եւ այստեղ եւս «սոցիալիզմը հաշվարկ է» լենինյան թեզը իշխել է երկար տարիներ, ըմբռնումով վերաբերվեցինք սույն փաստին։
Հետմանյան սրահում
Երկու երկրների նախագահներն այստեղ ստորագրեցին ՀՀ եւ ԼՀ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության մասին հռչակագիր։ Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԼՀ ԱԳՆ պետքարտուղար Ա. Անանիչը ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր։
Կարդացեք նաև
Վերջում ստորագրվեց երկու երկրների կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ Մեր կողմից փաստաթուղթը ստորագրեց հայկական պատվիրակության ամենաբարձրահասակ մարդը՝ առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Զավարյանը, իսկ լեհական կողմից՝ ամենաճաղատը։
Ի միջի այլոց, նկատենք, որ լեհական արարողակարգի աշխատակցուհին, իր բուն պարտականությունից բացի (այն է՝ թղթապանակը բացել, ստորագրությունը չորացնել եւ փակել) չէր մոռանում արագ-արագ ծամոն ծամել։
Առաջին հարցը՝ Ղարաբաղի մասին
Փաստաթղթերի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները մամուլի ասուլիս տվեցին եւ պատասխանեցին լեհ եւ հայ լրագրողների հարցերին։ Առաջին հարցը լեհական մամուլինն էր. «Ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Ղարաբաղի վիճակը»։ Հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկը ընդունվել է հայկական երկու կողմերի կողմից՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, մերժվել է Ադրբեջանի կողմից։ Սակայն այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում որոշ հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է միայն ձեւերին եւ ձեւակերպումներին։ Վերջին ժամանակների համար կարելի է ասել, որ լուրջ շարժ երկկողմանի կապերի զարգացման ուղղությամբ չկա։ Ես Մոսկվայում հանդիպել եմ նախագահ Ալիեւի հետ, այնուհետեւ՝ Վաշինգթոնում, եղել են մի քանի հեռախոսազրույցներ, առաջիկայում կլինի եւս մեկ հանդիպում։ Վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ավելի լավատեսորեն վերաբերվել փաստաթղթի ընդունման հնարավորությանը։ Իրադրությունը կայուն է, լուրջ միջադեպեր չեն լինում, փոքրիկ միջադեպերի դեպքում կողմերի միջամտությամբ հնարավոր է լինում հարթել կոնֆլիկտը։ Կապ կա ԱԳ նախարարությունների միջեւ։
Կովկասյան երկրների՝ Եվրամիություն մտնելու հարցի հիմնական լեյտմոտիվը տարածաշրջանի բոլոր կապերի զարգացումն է, որոնց միջոցով կարելի կլինի թեթեւացնել հարցի քաղաքական լուծման ուղիները»։ Հայ լրագրողներին հետաքրքրում էր, որ Հայաստանն այն միակ երկիրն է ԱՊՀ-ի երկրներից, որի քաղաքացիների համար Լեհաստանում սահմանված է խիստ վիզային կարգ։ Կարելի՞ է այս հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում ակնկալել, որ այս հարցը այլ լուծում կստանա։ ԼՀ նախագահ Ա. Կվասնեւսկին պատասխանեց. «Մենք այսօր այդ մասին արդեն խոսել ենք, բանակցությունները կշարունակվեն եւ հաշվի կառնվեն մեր նախարարների կարծիքները։ Այս հանդիպումների նպատակն է՝ հասնել այնպիսի պայմանավորվածության, որ բիզնեսով, տուրիզմով զբաղվող մարդիկ նորմալ անցնեն սահմանը։ Բայց թմրանյութերով զբաղվողների, տեռորիստների եւ անլեգալ սահմանախախտների վերաբերյալ կլինեն խիստ արգելքներ։ Ես վտահեցնում եմ, որ լեհական կողմը ձգտում է երկու երկրների միջեւ հարաբերությունների անարգելք իրականացմանը։ Սահման անցնելը լավ մարդկանց համար կլինի հեշտ գործ, իսկ վատ մարդկանց համար, նրանց, ովքեր կուզեն խախտել օրենքը՝ կլինեն արգելքներ»։
Հայ գործարարները լա՞վ մարդիկ են
Երեկ ԼՀ Առեւտրի պալատում բացվեց Հայ-լեհական բիզնես-ֆորումը։ Ներկայացված էին «Գրանտ Տոբակոն», «Կիլիկիան» «Կոտայքը», «Սիլ Գրուպի» արտադրանքը՝ հյութեր, հանքային ջուր, մուրաբա, թթու վարունգ եւ լոլիկ, ինչպես նաեւ «Հերմես» ընկերությունը, «Նեյտրոնը», «Ալմաստը», «Շամպայնը», կոնյակը եւ այլն։ Արտադրանքը հետաքրքրությամբ դիտվեց, խմվեց եւ ծամվեց։ Պայմանագրեր առայժմ չեն կնքվել, բայց բանակցությունները սկսված են։
«Սիլ Գրուպից» ոչ մի ներկայացուցիչ չկար եւ թարսի պես նրա արտադրանքով հետաքրքրվողները քիչ չէին։ Նրանցից մեկը պրն Ալիսեիչն էր՝ «Բորժոմի» հանքային ջրի պաշտոնական ներկայացուցիչը Լեհաստանում։ Նրան հետաքրքրում էին հանքային ջրերը, մասնավորապես «Բջնին»։
Մեդալի երկրորդ երեսը
Օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահը հանդիպեց ԼՀ Սեյմի մարշալ Մաչեյ Պլաժինսկու հետ։ Վերջինս մեր նախագահին հուշամեդալ հանձնեց, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց պատվո հյուրերի գրքում, որում արդեն փակցված էր նախագահի նկարը։ Սեյմից դուրս գալով, նախագահը եւ նրան ուղեկցողները հետիոտնի կարգավիճակով (ծրագրում այդպես էլ գրված էր՝ տեղափոխումը՝ ոտքով) հասան լեհական Սենատ։
Սենատում նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկ մեդալ եւս հանձնեցին եւ դարձյալ փոխարենը ստորագրություն դրվեց պատվո հյուրերի գրքում։ Ի դեպ, այստեղ եւս մեր նախագահի նկարը նախօրոք էր փակցված։
Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնում Ռոբերտ Քոչարյանը 10 րոպեանոց ելույթ ունեցավ եւ 30 րոպե պատասխանեց հարցերին։ Նմանակելով մեզ տրամադրված ծրագրին, շեշտենք. լեզուն՝ ռուսերեն։
Ճաշից առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց լեհական «Հառաչ» («Wprosh») ամսագրին։
«Ուրեմն խմենք, որ մարդու հնարավորություններն ու ցանկությունները համընկնեն»
ՀՀ նախագահի եւ նրա տիկնոջ պատվին ԼՀ նախագահն ու նրա տիկինը պաշտոնական ճաշկերույթ տվեցին։
Ականատեսները վկայում են, որ մոտ 100 հոգիանոց ճաշկերույթին մասնակցող կանայք երեկոյան զգեստներով էին, տղամարդիկ՝ սեւ կոստյումով։ Նախագահները կենացներ փոխանակեցին, տիկնայք ժպտացին։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին արարողակարգը վարողները, ստուգում էին հրավիրատոմսերը եւ բարձրաձայն հնչեցնում հերթական հյուրի անունը։ Եվ այսպես՝ հարյուր անգամ։
Մինչ պաշտոնատար անձինք երկու երկրների նախագահների եւ նրանց տիկնանց հետ ճաշում էին եւ փոխադարձաբար սիրալիրություններ փոխանակում, հայ լրագրողների փոքրիկ խումբը մտածում էր, թե ո՞ւր գնա, մի պատառ հաց ուտելու։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտի» թղթակից,
Վարշավա
Կարդացեք նաեւ էջ 4: