Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ

Հուլիս 15,1999 00:00
Ashot agababyan

Արդեն գրվել է, որ Աշոտ Աղաբաբյանը օգտագործվել է բոլոր իշխանությունների կողմից։ Նրան հանձնարարվում էին ամենակեղտոտ եւ աղմկահարույց գործերը՝ կրակել ժողովրդի վրա, ջարդել քվեատուփը կամ ծեծել վստահված անձանց։ Նա հանձն էր առնում կատարել առաջադրանքը, այդ ամբողջ ընթացքում բավարարվելով «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառով։ Նա շատերին պատգամավոր դարձրեց, բայց ինքը պատգամավոր չդարձավ։ Այսօր, երբ պետք է ցուցադրաբար պատժել ոմն օրինախախտի, որը հանդգնել է մեր օրինական եւ իրավական երկրում ընտրություն կեղծել, ընտրվեց հենց Աշոտ Աղաբաբյանը։ Երեկ «Հրազդան» ստադիոնում տեղի ունեցավ նման օրինախախտի եւ նրա մաֆիայի պատժման թատերականացված գործողության հերթական արարը։ Առանց պետհամարանիշերի ջիպերով, ոստիկանական համարանիշերով, տասնյակ այլ մեքենաներով սեւ ու մինչեւ պարանոցը ձգվող դիմակներով հատուկ ջոկատայինները հենց կանանց եւ երեխաների աչքի առաջ ոտքերով «լանգետ» սարքեցին տոնավաճառի անվտանգությունն ապահովող մի քանի տղաների, որոնք ենթադրաբար մասնակցել էին կիրակի օրվա ընտրական գործընթացներին։ Քիչ անց նրանց նստեցրին ավտոմեքենաներ եւ սլացան հավանաբար մեկուսարան։

Աշոտ Աղաբաբյանը պատժվեց։ Հնարավոր է, որ սրան հետեւեն այլ արարներ եւս, որպեսզի ժողովուրդը համոզվի, թե ինչ է լինում օրենքը խախտողների հետ։ Մինչդեռ իրականում ո՞րն է Աշոտ Աղաբաբյանի մեղքը։ Բոլոր նախորդ ընտրությունների եւ ոչ միայն ընտրությունների ժամանակ նա հանդես է եկել Վազգեն Սարգսյանի անունից։ Նրան տրված է եղել այդ անունը արտասանելու իրավունքը եւ այդ պատճառով նրան արժանին էր հատուցվում։ Այս անգամ Վազգեն Սարգսյանի անունից հանդես գալու արտոնությունը տրված էր մյուս կողմին եւ Աշոտ Աղաբաբյանը խախտել էր արտոնագրային իրավունքը։ Բայց այդ դեպքում ի՞նչ մեղք ունեն տոնավաճառի անվտանգության աշխատակիցները, որոնք հակված են մտածելու, որ իրենք ամեն դեպքում անպատժելի են։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031