Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ

Հուլիս 15,1999 00:00
armen khachatryan

Անցյալ շաբաթ հայ խորհրդարանականների եռանդամ պատվիրակությունն իր մասնակցությունը բերեց Սանկտ-Պետերբուրգում հերթական նստաշրջանը գումարող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

Տավրիկյան պալատում տեղի ունեցած միջխորհրդարանական այդ ատյանի աշխատանքներին մեր պատգամավորներից մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, որին եւ այսօր հրավիրել ենք զրույցի։

Հայկական պատվիրակությունը, ինչպես ներկայացրեց Արմեն Խաչատրյանը, ակտիվորեն մասնակցել է ինչպես լիագումար նիստերին, այնպես էլ հանձնաժողովների աշխատանքներին։ Տնտեսականում՝ Ռուբեն Միրոյանը, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում՝ Յուրի Բախշյանը, իսկ քաղաքականության եւ անվտանգության հանձնախմբում էլ իր մասնակցությունն է բերել Արմեն Խաչատրյանը։

Ունկնդրումներ են կազմակերպվել Կոսովոյում ԵԱՀԿ ԽՎ հետագա անելիքների ճշգրտման, Գալինա Ստարովոյտովայի սպանության հետաքննման շրջանակում ռուսաստանյան իրավապահ մարմիններին առնչվող եւ բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ։ Խոսակցություն է ծավալվել միջպետական հարաբերությունների, թեժ գոտիների, դրանցում իրադարձությունների զարգացումը, Արմեն Խաչատրյանի խոսքերով ասենք՝ նախականխելու, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ բազմաթիվ այլ հարցերի մասին։

Այս բոլոր խնդիրների վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել է իր դիրքորոշումները։ Ելույթ են ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանն ու Արմեն Խաչատրյանը։ «Նշեցինք, որ ԱԺ նոր կազմը պատրաստակամ է իր նպաստը բերել համամարդկային արժեքների դեմոկրատացման տանող օրենքների իրագործմանը, որոնք ԵԱՀԿ-ն պաշտպանում է համաշխարհային գործընթացներում։ Առանձնակիորեն ընդգծվել է, որ Հայաստանում չի լինելու հետընթաց շարժում ժողովրդավարությունից, քանի որ դեմոկրատիան է այն նախահիմքը, որի վրա էլ պիտի զարգանա տնտեսությունը, պաշտպանվեն մարդու իրավունքներն ու օրենքները։ Սա նոր քայլ է այն իմաստով, որ մենք կողմնորոշում ենք որդեգրում՝ պիտի կարողանանք ներդաշնակվել միջազգային կազմակերպությունների ներկայացրած պահանջներին՝ իհարկե, չմոռանալով մեր երկրի շահերը»։

Ինչեւիցե, նախնական փաստաթղթերը բազմաթիվ լրացումներով եւ ուղղումներով են ընդունվել, ծավալային առումով մեծանալով 2-3 անգամ, որոնցում տեղ են գտել նաեւ հայկական պատվիրակության առաջարկությունները։ Արմեն Խաչատրյանի վկայությամբ, հայ խորհրդարանականների մշակումները ջերմ ընդունելություն են գտել եւ արժանացել այլ պատվիրակությունների զորակցությանը նույնպես. «Այսուհետ նույնպես հարկավոր է հետեւողական քաղաքականություն վարել, որպեսզի այցելությունները ոչ թե զբոսաշրջիկություն լինեն, այլ իրենց կոնկրետ արդյունքներն ու հետեւանքներն ունենան եւ երեւան վաղվա խոսուն հեռանկարների արմատները»։

Այս շրջանակում էլ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց ԱԺ պատվիրակության հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Տավրիկյան պալատում գտնվող հայկական ներկայացուցչությունում։ Մերոնց հյուրերն են եղել ԱՄՆ-ի սենատորներ, Ֆրանսիայի եւ Թուրքիայի խորհրդարանների անդամներ:

Օգտվելով առիթից, որ մեր զրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է, եւ այս ընթացքում նա հասցրել է բավականին ծանոթանալ գործերի ընթացքին, փորձեցինք ճշտել նրա վերաբերմունքը նախորդ ԱԺ-ում հանձնաժողովի կատարածի վերաբերյալ. «Այստեղ, մեղմ ասած, ակնբախ է ոչ արդյունավետ գործունեության պատկերը», ասել է թե՝ բազմաթիվ ոլորտներ թերի են մնացել։ Սակայն, ամենավատն այն է, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականության կոնցեպցիա՝ ընդհուպ մինչեւ տնտեսական, սոցիալական հարցերը։

«Մեր խնդիրն է Հայաստանի դերի բարձրացումն այս տարածաշրջանում։ Մենք պիտի կարողանանք կապել Արեւմուտքն ու Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը եւ արդյունավետորեն օգտագործել Հայաստանի խաչմերուկային հնարավորությունները։ Մեր աշխարհագրական դիրքը ոչ թե պիտի վնասի, այլ օգտակար լինի»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031