Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՂԵՐՆ ՈՒ ԷՇԵՐԸ ՆՈՒՅՆ ՆԱԽԻՐՈՒՄ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՄԱՔՈՒՐՆԵՐԻՆ ԱՆՄԱՔՈՒՐՆԵՐԻՑ

Հուլիս 14,1999 00:00
Dmitri Martirosyan

«Ազատության ծառը պետք է ոռոգվի հայրենասերների արյունով»

Թոմաս Ջեֆերսոն

Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում: Ինչպե՞ս կարող է պատահել, որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը խաղաղության թզատերեւի հովանու տակ մարդակործան ռմբակոծությունների կազմակերպիչը լինի: Միաժամանակ, ուսանողական տարիներին «սեր եւ ոչ պատերազմ» քարոզած, հիպիական ազատականությամբ ոգեւորված, թմրախոտի բույրը շնչած ժամանակակից քաղաքական սերնդի մոտ որտեղի՞ց այդքան պուրիտանական կիրք եւ ավյուն՝ տխրահռչակ Մոնիկապատումի ընթացքում: Այս որոշակի դուալիզմը, քաղաքական եւ հասարակական կյանքում հստակ արտահայտված այս երկվությունը հասկանալու համար հարկավոր է անդրադարձ կատարել ներգաղթողների տարբեր հոսանքների արդյունքում առաջացած ԱՄՆ բազմակուսակցականության պատմությանը:

Երբ 18 դարի սկզբին վերաբնակները «կրկին հայտնաբերեցին Ամերիկան»՝ դրդապատճառներն արդեն միանգամայն այլ էին, քան մեկ դար առաջ «Մեյֆլաուերով» ժամանած ուխտավոր-հայրերինը: Այս անգամ ոմանք գալիս էին կարիերա սարքելու եւ կարողություն դիզելու (Ուոլդ-Սթրիթի ապագա շնաձկները, ազատ նախրչիները եւ ոստիկանները, ռեյգանոմիկայի հետեւորդները, Կլոնդայկում ոսկի որոնողները եւն), ոմանք ազատության որոնումներում փախուստ էին տալիս քաղաքական եւ կրոնական քարոզչության հետապնդումներից (ազատամիտները, ինտելեկտուալները, Հարվարդի եւ Յելլի հիմնադիրներն ու ապագա շրջանավարտները, Սելինջեր եւ Ֆոլքներ կարդացողները, Human rights watch-ի եւ Freedom house-ի ապագա անդամները), ոմանք էլ կտրում էին Օվկիանոսը՝ լքելով մեղքերի ու արատների մեջ թաղված Հին Աշխարհը: Վերջինները կրոնական այլախոհներն էին՝ վիգերը, քվաքերները, մորմոնները, որոնց գերմարդկային աշխատասիրությունն ու նահատակվելու պատրաստակամությունը գերազանցում են անգամ դարասկզբի ռուս հեղափոխականների խենթությանը, իսկ մոլեռանդությունն ու վարքային ժուժկալությունը՝ բոլոր ժամանակների իսլամ արմատականների անհանդուրժողությանը: Սրանք միսիոներներն էին, հնդկացիներին մկրտողները, չարչարանաց սյուներին հոգիներն ավանդողները, Ամերիկայի մարտիրոսները, նրա ապագա ցենզորներն ու բարոյախոսները, Սալեմի ինկվիզիտորներն ու Քլինթոնի ընդդիմախոսները, որոնք հավերժական պայքարի մեջ են աբորտի, հակասաղմնավորիչների, կանանց ազատագրության, պացիֆիստական շարժման, հիպիների, մինի-յուբկաների դեմ:

Նման երկբեւեռությունը, որի աջ թեւը ներկայացնում է կրոնական շինծու առաքինությունը, իսկ ձախը՝ լուսավորչական ազատախոհությունը, խորապես նստած է ամերիկացիների արյան մեջ եւ հիանալի մարմնավորված՝ Ազատության արձանի ու Կու-Կլուքս-Կլանի այրվող խաչի տեսքով: Այն նաեւ էապես բնութագրում է ԱՄՆ կուսակցական համակարգը, որի ակունքները ձգվում են մինչեւ 18-րդ դարի 90-ականները:

Հանրապետական կուսակցությունը եղել է ապագա ինդիվիդուալիստական, ամբողջովին աջական տնտեսական դոկտրինի գաղափարակիրը: «Ինչպես ցանես, այնպես կհնձես»՝ ցածր հարկերով, սոցիալական ծրագրերի գոնե նվազագույն առկայությամբ եւ խոր համոզվածությամբ, որ կյանքը ճակատամարտ է, ուր հաղթանակն ու ազատությունը ձեռք են բերվում միայն հանապազօրյա պայքարի արդյունքում: Սա աշխատանքային կոնկիստադորների, միայնակ գայլերի, անհատ հերոսների, բուռն ինդիվիդուալիստների տնտեսակարգն է, ուր ամեն մեկն իր համար է, իսկ Աստված՝ բոլորի: Մեդիսոնի եւ Ջեֆերսոնի մկրտությամբ անցած այս կուսակցությունը սերում է Հարավի կամ վայրի Արեւմուտքի հեռախորքերից, ուր գրքեր եւ ուսյալներ հազվադեպ էին հանդիպում, եւ ուր ավելի հաճախ կրակում էր Կոլտի ատրճանակը: Բջիջներով ընդունելով աջ պահպանողական տնտեսակարգը՝ հանրապետականները ստեղծեցին վառ արտահայտված աջ քաղաքականություն՝ ուժեղ, խանչալային, նեղմիտ կողմնակալությամբ անհանդուրժող, ուղղված եւ բարուն եւ չարին, այլ խոսքով՝ Միշտ թշնամի որոնող եւ այդ թշնամուն հրով ու սրով հաղթելու՝ հավաքական կամքի արտահայտություն, անկախ այն բանից՝ պայքարի հուրը Պրոմեթեւսինն է, թե Ինկվիզիցիայինը: Այս քաղաքականությանը հարողները Լինչի դատաստանի, Կու-Կլուքս-Կլանի կողմնակիցներն են, Ֆոլքների հերոսները, սեւամորթներին ընտրության իրավունք շնորհելու դեմ ընդվզողները, միաժամանակ՝ ստրկության, ֆաշիզմի, Կաստրոյի ու Սադամի ռեժիմների դեմ պայքարողները, կոմունիզմի դեմ խաչակրաց արշավանքի կազմակերպիչները եւն:

Դեմոկրատները նույնպես չեն ընդունում ստրկությունն ու ռեժիմները, սակայն նրանք հակված չեն խաչակրաց արշավանքների կամ մարտնչող առաքինության զոհասեղանների: Արտահայտելով լայնախոհ ու հանդուրժող, բայց միաժամանակ եսասեր ու պրագմատիկ մարդկանց աշխարհայացքը՝ դեմոկրատական կուսակցությունն ավելի շուտ բիզնեսի, գիտության, մշակույթի կուսակցություն է, որ վարում է նորարարություններին ու առաջընթացին ուղղված ազատական քաղաքականություն: Ազգային փոքրամասնությունների, նաեւ՝ սեռական փոքրամասնությունների պաշտպանությունը, կանանց հոգեւորական դառնալու իրավունքը, «սեր եւ ոչ պատերազմ» կարգախոսը, էրոտիկայի արգելման հրաժարականը. ազգային արժեքների այս լրացումները դեմոկրատների ձեռքբերումներն են, որոնք թույլատրելիության մեծ դիապազոն ունեն, սակայն որոնք չեն սիրում երկինք-երկիր խառնել իրար հանուն այն բանի, որպեսզի արգելեն որեւէ չարիք հեռավոր մայրցամաքներում: Կլաասի աճյունը չի բախում նրանց սրտերում:

Պահպանողական դատախազ Քեննեթ Սթարի ձայնը 17-րդ դարի խորքերից եկող հնչողություն ուներ, որ արտահայտում էր նեղ քաղքենիական կենցաղի նախապաշարումներով դաստիարակված մտածողության ընդվզումը ամուսնական անհավատարմության դեմ, որի դեմ, որպես իսկական դեմոկրատ, կանգնած էր Քլինթոնը՝ լուսավորյալ ու անտարբեր, հանդուրժող ու օտար: Եվ հաղթեց, որովհետեւ Ամերիկան վաղուց արդեն կարողանում է չափավորել հանրապետականների սահմանափակ աղանդավորական մտածողությամբ ներքին քաղաքականությունը, եւ «վհուկներին» մահապատիժ պահանջող դատախազ Սալեմի ոգին այլեւս չի հորդորում մեծամասնությանը:

Ընդհանրապես, ամերիկյան կշեռքի աջ եւ ձախ նժարների համակարգն ինքնակարգավորիչ հատկություն է ձեռք բերել: Այսպես, տնտեսակարգում դեմոկրատների թեթեւակի ձախ երանգավորումները (որոնք անընդհատ ուզում են ժողովրդին անվճար արտոնությունիկներ շնորհել) չափավորվում են ամերիկացի սեփականատերերի եւ աշխատամոլների ղժղժան ակտիվ զանգվածով, որոնցից հեշտ չէ պոկել վաստակած դոլարը՝ ծույլերին ու մակաբույծներին տալու համար: Ամերիկան չի սիրում անգործներին ու անբաններին, այդ պատճառով հիպիական շարժումն այստեղ չարմատակալեց եւ թառամեց՝ ասպարեզը զիջելով յապիներին՝ լավ կրթությամբ ու սպիտակ օձիքներով, ձեռնհաս ու ձեռներեց «օֆիսմեններին»: Կոնգրեսը խափանեց բժշկությունը մասամբ ձրի դարձնելու՝ Քլինթոնի նախաձեռնությունը: Խափանվեցին նաեւ ազգային փողերը Կոսովոյի ճգնաժամում վատնելու փորձերը: Գերիշխող աջ տնտեսակարգին, իմա՝ առանց սոցիալիստական ձրիաբանությունների տնտեսությանը հավասարակշռում է ձախ ներքին քաղաքականությունը՝ ազատությունների մի ամբողջ կապոցով, նվազագույն արգելքներով, ցանկացած փոքրամասնությունների նկատմամբ քնքուշ վերաբերմունքով:

Ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը ձեռք է բերվում ձախ եւ աջ մոտեցումների հաջորդափոխությամբ, որ կարելի է բնութագրել որոշակի թողտվությամբ, բարեկրթությամբ եւ չմիջամտելու քաղաքավարի կեցվածքով, չարի նկատմամբ հանդուրժողությամբ այնքան ժամանակ, քանի դեռ ուրիշների խնդիրները դուրս չեն եկել թույլատրելի ափերից եւ չեն սպառնում խախտել լիբերալ կապիտալիզմի եւ կարմիր կամ իսլամիստական ուղղափառության միջեւ հաստատված համաշխարհային հավասարակշռությունը: Այդ ժամանակ, չարին պատժելու եւ արդարությունը վերահաստատելու առաքելությամբ՝ հորինվում են ֆուլտոնյան ճառերը, ընդունվում են արգելքների կիրառման վճիռները, եւ 911-ի փրկարարներին հատուկ հապճեպությամբ ու գթասրտությամբ ներխուժում են երկրների տարածքներ: Նման քաղաքականությունը նպաստել է Ստալինի, Հիտլերի, Մաոի, Պոլ Պոտի ռեժիմների հաստատմանը, որոնց դեմ հետո պայքարի է ելել:

Աշխարհի միաբեւեռության հաստատմամբ նոր խնդիրներ ծագեցին ամերիկյան քաղաքականության համար. հարկավոր էր արագ հակակշիռ գտնել, միեւնույն է՝ ինչ մարմնավորման տակ՝ իսլամ արմատականների, բռնապետ Միլոշեւիչի, բոլոր տեսակի անջատողականների: Իսկ ավելի հարմար է բոլորին, ով «սպառնում է» նոր աշխարհակարգին, միասին մի կապոցում տեղավորելը: Աշխարհը բարձրագույն հումանիտար կրթությամբ ոստիկանների, լուսավորիչների, դաստիարակների, պաշտպանների կարիք ունի, եւ ՆԱՏՕ-ն, միջազգային չինովնիկների իր երկհազարանոց բանակով եւ հումանիստ-պրոֆեսոր Սոլանայի գլխավորությամբ, հիանալի կատարում է այդ դերը՝ միայն իրեն հասկանալի սկզբունքներով որոշելով ճակատագրերը, ժողովուրդների ազատությունների չափերը եւ երկրների սահմանները:

Ուստի, պետք չէ զարմանալ, առավելեւս՝ զայրանալ Ղարաբաղյան հարցին վերաբերող՝ Մադլեն Օլբրայթի հայտարարությունների կամ Պոլ Գոբլի դատողությունների վրա, որովհետեւ ով վճարում է, նա էլ պատվիրում է եղանակը: Եվ պետք չէ բողոքել «կրկնակի ստանդարտներից», քանի որ այդպիսի բան գոյություն չունի: Պարզապես՝ կան իրական ազգային շահեր, որ հստակ գիտակցված են պետական քաղաքականության մակարդակով, որին, ի տարբերություն մեզ, հետեւում են ամերիկյան երկու կուսակցություններն էլ:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

30.06.99

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031