ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվող կլոր սեղաններին ավանդույթ է դառնում մի քանի շաբաթվա ինֆորմացիան առավել մանրամասնությամբ ներկայացնելը։ Այս անգամ Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը ամենայն մանրամասնությամբ պատմեց Գյումրիում բացված մարդասիրական օգնության դեղատան մասին։
Այժմ այնտեղ 20 մլն դրամ արժողությամբ 81 անուն դեղորայք կա, որն անապահով մարդիկ կստանան անվճար։ Շիրակի մարզն ապահովվել է ինսուլինով՝ ամբողջությամբ, հոգեմետ դեղերով՝ մասամբ, առաջիկայում հնարավոր է նաեւ՝ հակաուռուցքային դեղերով։ Պրն Խաչատրյանը հայտնեց, որ Շիրակի մարզի բուժհիմնարկների աշխատավարձի պարտքը 150 մլն դրամ է եւ մեծ ոգեւորությամբ փաստեց, որ հատկապես առողջապահության նախարարության նախաձեռնությամբ շուտով կփակվեն այդ պարտքերն էլ։ Այնուհետեւ պրն Խաչատրյանը այնպիսի չթուլացող պաթոսով շեշտեց. «Ուզում եմ հատուկ կրկնել՝ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ…»։ Կարծես բուժաշխատողների աշխատավարձի համար ֆինանսների նախարարության «դռները» կրթության եւ գիտության նախարարությունը «պիտի ջարդի»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու Հրայր Ասլանյանը պատմեց այն ծրագրի մասին, որի իրականացման համար Հայաստանին աջակցում է ԱՀԿ։ Վերջին 5-6 տարիների ընթացքում եվրոպական տարածաշրջանում տուբերկուլյոզի աճ է նկատվում՝ 11%։ Հայաստանում այդ թիվը կազմում է՝ 100000 բնակչին՝ 37 դեպք։ Հայաստանը ստացել է 43 հազար գուլդեն արժողությամբ հակատուբերկուլյոզային դեղերի խմբաքանակ, որը կբավականացնի առաջիկա 1-1,5 տարում։ Այդ դեղորայքը տուպդիսպանսերներին կբաշխվի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրում» ընդգրկված հանձնաժողովի կողմից։ Այդ ծրագրով Հայաստանը ԱՀԿ-ից բուժսարքավորում եւ դեղորայք է ստացել, իսկ 1995-ից 2500 հիվանդ է բուժվել։
Ինչպես Հայաստանի (եւ ոչ միայն) բոլոր ոլորտները, առողջապահությունը եւս օգտվում է Համաշխարհային բանկի բարիքներից։ ՀԲ-ի առողջապահության հարցերի գրասենյակի տնօրեն Սուսաննա Հայրապետյանն էլ այս ծրագրերը ներկայացրեց։
Կարդացեք նաև
Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը դարձյալ դժգոհ էր մեր ժողովրդի անփութությունից։ Սնկային թունավորումները շարունակվում են եւ միայն հուլիսի 8-12-ը նման 6 դեպք է գրանցվել (17 մարդ), ընդ որում 6 հոգին՝ մի ընտանիքում։ Բարեբախտաբար այս անգամ մահվան դեպք չկա։ Պրն Դավիդյանցը առայժմ անփութության արդյունք համարեց նաեւ հուլիսի սկզբներին արձանագրված հինգ որովայնային տիֆի դեպքերը (3-ը՝ նույն ընտանիքում)։ 1998-ի հունիս ամսվա համեմատությամբ, գրեթե չորս անգամ աճել են այս տարվա հունիսին գրանցված պարոտիտի դեպքերը՝ 297 (254-ը երեխա)՝ 1998-ին, 1125 (989 երեխա)՝ 1999-ին։ Մի հարյուր անգամ գրել ենք, պարզապես հիշեցնում ենք, որ հանրապետությունն ուներ 50 հազար դոզա պարոտիտի դեմ պատվաստանյութ, սակայն կարիք ունի եւս 20 հազար դոզայի։ Դրա գնման համար տենդեր է հայտարարված եւ մինչեւ կառավարությունը գումարը տա, հավանաբար տենդերը որեւէ մեկն էլ կշահի։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ