Հուլիսի 9-12-ը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ Տ. Ներսես արք. Պոզապալյանի նախագահությամբ, Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի եւ Կ.Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ատենապետությամբ գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի նստաշրջան:
Ժողովի ընթացքում քննարկվել են Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի ընտրություններին վերաբերող հարցեր: Գերագույն Հոգեւոր Խորհրդի որոշմամբ կաթողիկոսական ընտրությունները կկազմակերպվեն Ազգային-եկեղեցական ժողով գումարելու գործող կանոնադրության համաձայն /19 հունիս, 1945թ./: Ըստ նախնական որոշման Ազգային-եկեղեցական ժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-31-ը:
Ազգային-եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից ընտրվել է նաեւ ընտրական հանձնախումբ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Վաչե արք. Հովսեփյանի նախագահությամբ: Հանձնախմբի անդամներ են ընտրվել Հարավային Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայոց թեմերի առաջնորդներ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը եւ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը:
Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում գումարվել է եպիսկոպոսական ժողովի հերթական նիստ՝ նախագահությամբ կաթողիկոսական տեղապահ Ամենապատիվ Տ. Ներսես արք. Պոզապալյանի, ատենապետությամբ՝ Երուսաղեմի եւ Կ.Պոլսո հայոց պատրիարքների: Նիստի սկզբում ընտրվել է եպիսկոպոսական ժողովի նոր դիվան: Ի պաշտոնե դիվանը նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ կաթողիկոսական տեղապահը, ատենապետում՝ Երուսաղեմի եւ Կ. Պոլսո պատրիարքները: Ատենադպիրներ են ընտրվել Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը եւ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Ժողովը ընտրել է նաեւ եպիսկոպոսական ժողովի օրակարգը կարգավորող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են Եգիպտոսի հայոց առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանը, Գերմանիայի հայոց առաջնորդ Տ. Գարեգին արք. Բեքչյանը եւ Լիոնի եպիսկոպոս Տ. Նորվան Զաքարյանը:
Ժողովը քննարկել է Հայ Եկեղեցու առջեւ դրված մի շարք հարցեր:
ԱՐՄԵՆՊՐԵՍ