Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուկա՝ բազարների հետեւում

Հուլիս 14,1999 00:00
shuka

Շուկայի ու բազարների միջեւ մի շատ զգալի տարբերություն կա. շուկան տեր ունի՝ պատասխանատու, բազարը՝ ոչ։ 1980-ին, երկար կառուցվելուց հետո, շահագործման հանձնվեց ՊՀԽ-ի հարեւանությամբ գտնվող կոլտնտեսային շուկան։ Շահագործման հանձնվելուց անմիջապես հետո այն ստացավ լավագույն շուկայի համբավ։

Դրա համար պատճառները շատ էին. մյուս շուկաների համեմատությամբ ավելի լավ կահավորված, լուսավոր ու փակ շինություն, մթերքի մեծ ընտրանի, երկրորդ հարկում կոոպերատիվ արտադրանքի շուկա, խանութներ եւ, վերջապես, այն ժամանակվա չափանիշներով «մոդեռն» շենք, որն իրականում ստանդարտ մոդուլային շինություն է։

90-ականների սկզբին շուկայի շուրջը սնկի պես սկսեցին աճել տարբեր առեւտրի կետեր, որոնք, ի վերջո, փակեցին շուկայի մուտքերի ճանապարհները։

Թերեւս այս հոդվածը չէր լինի, եթե չլիներ երեւանյան շոգ ամառը, ավելի ճիշտ, շոգերի հետ շուկայի շրջակայքում տարածվող գարշահոտությունը։ Շուկա, որ վերջերս սեփականաշնորհվելուց հետո կարգի է բերվել, մաքրվել է կեղտից, մուտքերի աստիճաններով մտնելը դարձել է հնարավոր, մի տեսակ «թաքնվել» է փողոցային բազարների հետեւում։ Մինչեւ շուկայի մուտքին հասնելը պետք է անցնես մի քանի շարք առեւտրականների միջով, մի կուշտ շնչես շրջապատի գարշահոտը, եւ եթե դեռ առեւտուրդ չես արել, մեծ դժվարությամբ հասնես շուկայի մուտքին։

Ի դեպ, հետաքրքիր է, որ այս օրերին շուկայից դուրս բանջարեղեն վաճառողները նույն ապրանքներն ավելի թանկ են վաճառում, քան շուկայի ներսում։ Իրականում, որպես գյուղացիներ փողոցում առեւտուր անողները վերավաճառողներն են։ Հետո, երեկոյան, իրենցից հետո թողնելով հոտավետ աղբակույտեր՝ նրանք հեռանում են։ Իհարկե, քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ամեն օր մաքրում են տեղանքը, բայց ասֆալտին հոսած արյունը կամ պոմիդորի հյութը որքան էլ մաքրես, մեկ է, «բուրելու» է։

Չգիտեմ, քաղաքի սանիտարական ծառայությունները որքանով են տեղյակ այս բոլորին եւ ինչ միջոցներ են ձեռնարկում։

Դիմեցինք շուկան սեփականաշնորհած «Մարկոս-տորգ» ֆիրմայի գլխավոր տնօրեն Վլադիմիր Իսպիրյանին, որն էլ, մեր կարծիքով, պատասխանատու է իրավիճակի համար։ Նրա պատասխանը զարմացրեց. «Մեր տարածքը միայն շուկան է։ Շրջակայքը քաղաքապետարանի ու թաղապետարանի տնօրինության տակ է»։

Սակայն ցանկացած շինարար կասի, որ նման շինություններն առանց սպասարկման տարածքների չեն լինում։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ այսօր կրպակներն են, պետք է լիներ ավտոկանգառ, ավտոբեռնիչների աշխատելու տեղ եւ այլն։ Դրանից բացի, խստագույնս խախտվում են անվտանգության նորմերը։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե հրդեհի ժամանակ ի՞նչ ճանապարհով կարող են շուկային մոտենալ հրշեջ մեքենաները։

Կրպակները փակել են շուկայի երկու մուտքերը, իսկ փողոցում առեւտուր անողների պատճառով կտրուկ պակասում է առեւտրի շրջանառությունը շուկայի ներսում։ Երբ մոսկովյան «Մարկոս» կոնցեռնը շատ թանկ գնով ձեռք բերեց այս շուկան, նպատակը քաղաքակիրթ առեւտրի կետ ստեղծելն էր, շենքի վերանորոգումը եւ այլն, եւ այլն։ Կասկածում եմ, որ փնթի բազարների հետեւում ընկած շուկայի վրա «Մարկոսը» ինվեստիցիոն միջոցներ կծախսի։ Հարցը պետք է լուծվի, որքան շուտ, այնքան լավ։

Դժվար թե այս հարցը շուտափույթ լուծում գտնի։ Դժվար, որովհետեւ շուկայի շրջապատն էլ «տեր» ունի, ըստ երեւույթին քաղաքապետարանի կամ որեւէ այլ պետական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյան։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման «տերերի» շահերն ավելի առաջնային են դիտվում, քան ուզածդ սանիտարահիգիենիկ վիճակ կամ, ասենք, ինվեստիցիոն հոսք, քաղաքի բարելավում եւ այլն։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031