Մինչ ամառվա «հերոսներին»՝ բուհերի ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահներին ի գործ ուղարկելը, ՀՀ նախագահն ու վարչապետը, արդեն ավանդաբար, հորդոր-սպառնալիքներով «ամրապնդում են» արդար քննություններ անցկացնելու նրանց ցանկությունը։
Բայց պատմությունը ցույց է տալիս, որ այդ սպառնալիքների ազդեցության ՕԳԳ-ն մոտ է զրոյի։ Անկախ այս հանրահայտ իրողությունից, երեկ ավանդական սպառնալիքներ հաղորդելու էր հրավիրել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս սպառնալիքների զորության մասին դեռ դատել չենք կարող, մանավանդ որ, ի տարբերություն նախորդ տարվա, վարչապետ-հանձնաժողովների նախագահներ մի հինգ րոպեանոց հանդիպումն այս անգամ փակ էր մամուլի համար։ Այնուամենայնիվ, ենթադրում ենք, որ Վազգեն Սարգսյանն ազնիվ, արդար, օբյեկտիվ… քննություններ անցկացնելու պահանջ է ներկայացրել ու նույնիսկ (սա արդեն հանդիպման մասնակիցների հավաստմամբ) ազնվորեն զգուշացրել է, որ ՆԳ եւ ԱԱ մարմինները եւս շատ զգոն են լինելու, ու վարչապետը տարբեր աղբյուրներից տեղեկություններ ստանալու հնարավորություն կունենա։ Օբյեկտիվ քննություններ անցկացնելու ցանկության ու կարողության շուրջ դատողություններ չենք անի, իմաստ չունի։ Այդ գործն անշահախնդրորեն վստահում ենք կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանին, որին, հանդիպման ավարտին համբերատար սպասելուց հետո, համոզեցինք պատասխանել «Առավոտի» մի քանի հարցերին։ Հանդիպման մասին նախարարից այն իմացանք, որ «ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն ընդունելության քննությունների վերաբերյալ։ Հույս հայտնեց, որ այսուհետ, միգուցե մյուս տարվանից, այդպիսի մեծ իրադարձություն դա չի համարվի, բնական հունով կընթանա (անցյալ տարի էլ էին նույնն ասում, նախորդ տարի էլ…- Ն. Հ.)։
Այս տարի հանձնաժողովների նախագահների գերակշիռ մասը (18-ից 13-ը) ԵՊՀ-ից են, այսինքն՝ նախարարի հարազատ բուհից։ Այն հարցին՝ «Ինչո՞վ է պայմանավորված այդ անարդարությունը», պարոն Ղազարյանը նախ արդարացավ, որ մյուս բուհերն էլ դուրս չեն մնացել այդ շնորհից։ Հետո էլ, ի պատասխան մեր մյուս հարցի, ստիպված էր համաձայնվել, որ դրանով փաստորեն ԵՊՀ-ն որոշակի պատասխանատվություն է իր վրա վերցնում։ Ճիշտ ու ճիշտ ընտրություններում հաղթող ուժի եւ կառավարություն ձեւավորելու նրա իրավունքի նմանությամբ։ «Իհարկե, եթե ճնշող մեծամասնությունը համալսարանից է, համալսարանն իր վրա որոշ առումով պատասխանատվություն է վերցնում։ Բայց ես չեմ հետեւել կառավարության մյուս պարամետրերով ձեւավորմանը, որովհետեւ մեր հանձնաժողովների նախագահներից յոթը կին են, իսկ կառավարությունում կին չկա»։ Թե ինչ չափանիշներով են այս տարի ընտրվել հանձնաժողովների նախագահներն ընդհանրապես, այդպես էլ մինչ օրս անորոշ է մնացել, քանի որ, էլի՛ ի տարբերություն նախորդ տարվա, ա՛յս նախարարը դեռեւս հանրությանը չի ներկայացրել նախագահներին ու նրանց արժանիքները։ Նախորդ տարվանից ծանոթ դեմքեր կային, ասենք՝ հայոց լեզվի (Սեյրան Գրիգորյան), աշխարհագրության (Աշոտ Խոյեցյան), ֆրանսերենի (Արամ Բարլեզիզյան) հանձնաժողովների նախագահները։ Ու քանի որ ընդունված է ասել, որ Էդվարդ Ղազարյանը «Դեմիրճյանի մարդն է», նախագահների ցանկում քիչ չեն «Դեմիրճյանի մարդիկ»։
Էդվարդ Ղազարյանը նախարար նշանակվեց այն ժամանակ, երբ բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքները, հատկապես փաստաթղթային մասով, գրեթե ավարտվել էին։ Նախարարը չուրացավ իր նախորդի աշխատանքը եւ անգամ այն հարցին՝ «ի՞նչ գործուն լծակներ ունի քննությունների օբյեկտիվությունն ապահովելու համար», համեստորեն նշեց. «Կան որոշ մեխանիզմներ վերջին երկու տարիներին արդեն ձեւավորված, ես որոշները ավելացրել եմ՝ էլ ավելի հուսալի դարձնելու համար»։ «Ավելացրած որոշներ»-ից է նաեւ ռեկտորներին քննասենյակ մուտքի իրավունք տալը, որից անցյալ տարի զրկվել էին։ «Առավոտի» այն հարցին, թե դրանով չե՞ն մեծացնի ճնշումները հանձնաժողովների վրա, պարոն Ղազարյանը լավատեսական պատասխան տվեց. «Դա զուտ բարոյական նշանակություն ունի։ Ոչ մի ռեկտոր իրեն թույլ չի տա գնա չորս ժամ քննասենյակում նստի, նա դրա կարիքը չունի, բայց նա դրա իրավունքը պիտի ունենա։ Դա պարտականությո՛ւն չէ, այլ իրավո՛ւնք է եւ բարոյակա՛ն իրավունք է։ Եվ, վերջիվերջո, այս կարեւոր գործում պետք է պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն ոչ միայն հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն ու իր ընտրած լիազոր ներկայացուցիչները (վերջինները պետություն չեն ներկայացնում), այլեւ՝ պետության ներկայացուցիչները՝ հանձինս ռեկտորների»։
Կարդացեք նաև
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ