Վերջերս Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման ճակատագրով մտահոգված են ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլեւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ)։ Այս առիթով, պաշտոնական այցով Երեւանում էր ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահ Ասադ Կոտայդը եւ տարածաշրջանային տնօրեն Քրիստիան Այգլը։ ՀՀ նախագահի, վարչապետի, տրանսպորտի նախարարի հետ հանդիպելուց հետո պրն Կոտայդը պարզեց, որ օդային տրանսպորտը Հայաստանի համար կարեւորություն է, քանի որ Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է։ Պրն Կոտայդի այցը տարածաշրջան իզուր չի անցել, քանի որ նա ՀՀ իշխանություններից ստացել է քաղաքական օժանդակություն «Կովկասյան տրանսպորտային միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։
Հայաստան կայցելեն նաեւ ԻԿԱՕ-ի այլ փորձագետներ թռիչքային ապահովության ուղղությամբ զննումներ կատարելու։ Կոտայդը հուսադրեց, որ Հայաստանը մենակ չէ եւ նման ստուգումներ անցկացվում են նաեւ ԻԿԱՕ-ի անդամ 185 երկրներում։ ԻԿԱՕ-ն այնքան մտահոգված է ավիացիայի զարգացման հեռանկարով, որ շուտով մեզ կներկայացնի «Մաստեր» ավիացիայի զարգացման ծրագիր, որը կիրականացվի հնարավոր նվազագույնի ծախսերով։ Պրն Կոտայդի կարծիքով, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրը, իհարկե, ժամանակակից շինություն է, սակայն չի կարող աշխատել ամբողջ հզորությամբ, բայց ՀՀ իշխանություններին չհիասթափեցնելու համար նա հույս է հայտնել, որ ԻԿԱՕ-ն կտրամադրի անհրաժեշտ խորհուրդ, այն լրիվ հզորությամբ շահագործելու համար։
«ԻԿԱՕ-ի պահանջներով զինվորական օդանավակայանից արգելվում են քաղաքացիական չվերթերը, մինչդեռ «Էրեբունի» զինվորական օդանավակայանից իրականացվում են քաղաքացիական չվերթեր, որով շրջանցվում է ԻԿԱՕ-ի պահանջները»,- «Առավոտի» հարցից շփոթված, ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը փորձեց պրն Կոտայդի փոխարեն պատասխանել։ Երբ պնդեցի, որ պատասխանն ակնկալում ենք միայն Կոտայդից, թարգմանիչը Զախարյանից «դոբրոն» ստանալուց հետո թարգմանեց հարցը։ Կոտայդը պատմեց հերթական հեքիաթը, որ ԻԿԱՕ-ն լիազորություն չունի ստուգելու թռիչքային ապահովությունը զինվորական օդանավակայանում։ Ըստ նրա, եթե օդանավակայանն ընդունվում է որպես խառը ձեւի շահագործում՝ զինվորական եւ քաղաքացիական, ապա լրիվ կոորդինացում պետք է հաստատվի զինվորական եւ քաղաքացիական իշխանությունների միջեւ։
Պրն Կոտայդն ակնհայտ շրջանցեց մեր պատասխանը, մինչդեռ 30 րոպեից ավել փորձում էր լրագրողներին հավաստել, որ ԻԿԱՕ-ի նպատակը թռիչքների ապահովությունն է։
Կարդացեք նաև
Իր հերթին տրանսպորտի նախարարը «Առավոտին» հավաստեց, որ առաջիկայում մեր բարձրացրած խնդիրները դրական լուծում կստանան։
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ