Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սոցիալական հանձնաժողովը կին չէ

Հուլիս 14,1999 00:00

Ոչ մեկին չի հրապուրում

Խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական ցիտատները քաղաքական գործիչները բերում են միմիայն ՀՀ վարչապետից եւ ԱԺ նախագահից։ Ընդ որում, նրանց անունները տրվում են միշտ միասին, իսկ մեջբերումները հիմնականում բերվում են բերանացի (անգիր)։

Ճիշտ այդ կերպ վարվեց երեկ նաեւ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը։ Հանձնաժողովում այժմ ընդգրկված է 13 պատգամավոր՝ պարտադիր 16-ի փոխարեն։ Սոցիալական հարցերով պատգամավորների չզբաղվելու արմատները հասկանալի խորն են։ Նախորդ ԱԺ-ից հանձնաժողովը ժառանգել է 23 օրենսդրական նախաձեռնություն։ Ասելու համար, որ հանձնաժողովը միայն օրենսդրական գործունեություն չի ծավալի, այլեւ կստանձնի որոշակի վերահսկողական ֆունկցիա, պրն Թադեւոսյանը չզլացավ տեղում մեջբերումներ անել թե պրն Դեմիրճյանից, թե վարչապետից։ Գագիկ Թադեւոսյանին հիացրել էր հատկապես Վազգեն Սարգսյանի այն միտքը, թե նախարարությունների գործունեությունը պիտի լինի թափանցիկ։ Սեւծովյան երկրների համագործակցության վեհաժողովին պրն Թադեւոսյանին հանձնարարված էր ելույթ ունենալ, «եւ ես ելույթ ունեցա եւ նշեցի, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք որոշակի օրենսդրական դաշտ ստեղծել, որը համահունչ է միջազգային չափանիշներին»։ ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ պրն Թադեւոսյանը հաճելիորեն զարմացած էր ՀՀ վարչապետի՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հնչեցրած հետեւյալ մտքից. «Սոցիալական հարցերում չի կարելի ընկնել ոչ էմոցիաների գիրկը, ոչ պրագմատիզմի գիրկը»։ Իսկ հետո վարչապետն ավելացրել է. «Էմոցիաներն են շարժում աշխարհը»։

Ինչպես պրն Թադեւոսյանը նշեց, ինքը այն պատգամավորների թվին է պատկանում, որոնք ընտանեկան նպաստին դեմ էին։ Սույն փաստը հիմնավորվում է այս կերպ. «Ես ոչ ընտանեկան նպաստին եմ դեմ, այլ դա ավելի հարուստ երկրների կիրառման մեխանիզմ է, որը գալիս է լրացնելու սպառողական զամբյուղը։ Բայց մենք ընտանեկան նպաստ ենք տալիս՝ չհասցնելով անգամ մեկ շնչի սպառողական զամբյուղը»։ Ի դեպ, համեստ հաշվարկներով, սպառողական զամբյուղի «արժեքը» 29 հազար դրամ է։ «Իսկ մեզ մոտ ընտանեկան նպաստը 13 հազար դրամից չի անցնում»։ Խաբված ավանդատուների հարցը մեզ մոտ ոչ այնքան սոցիալական խնդիր է, եւ դրանով պետք է զբաղվի ոչ թե ԱԺ-ի սոցիալական, այլ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը։

Ինչ վերաբերում է նախկինում պատերազմի վետերաններին, հաշմանդամներին քաղաքային տրանսպորտից 50% զեղչով օգտվելուն, պրն Թադեւոսյանի համար սա մի պատմական էքսկուրս կատարելու առիթ էր։ «50% զեղչը արտոնություն էր, որը սահմանել էր Խորհրդային Հայաստանը։ Ասում են՝ ամեն նոր բան վաղուց մոռացված հինն է։ Դա մեր հավերժական վեճի խնդիրն է։ Մենք՝ սոցիալիստներս (ես, գիտեք, մնում եմ Կոմկուսի կենտկոմի քարտուղարներից մեկը, իմ համոզմունքներին ես երբեք չեմ դավաճանի) գտնում ենք, որ եթե երկիրը ծանր վիճակում է, սոցիալական հարցերը պիտի լինեն պետության կարգավորման շրջանակներում»։ Սոցիալիստները գտնում են, որ պետք է ընդունվի օրենք ոչ միայն պատերազմի վետերանների մասին, այլեւ աշխատանքի վետերանների (՞) մասին։ Եվ որ վարորդների «կներեք, ցածր կուլտուրայի» պատճառով մեր վետերանները «գլխարկները քաշում են դեմքին» եւ նոր իջնում ավտոբուսից՝ հընթացս արժանանալով վարորդների լուտանքներին։

Հայաստանում կա հացի կլանային մենատիրական ներմուծում։ Ըստ պրն Թադեւոսյանի՝ բյուջեի ճեղքվածքների խնդիրը հնարավոր կլինի կարգավորել պետական մենաշնորհով եւ առողջ մրցակցությամբ. «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հացի, բենզինի, ալկոհոլային խմիչքների պետական մենաշնորհի դեպքում բյուջեն էապես կլցվի»։

Ինչ խոսք, հաշվարկները տեղին են եւ ճիշտ։ Սակայն հարցն այն է, որ հենց պետական որոշ այրերի ձեռքում է թե՛ հացի, թե՛ բենզինի եւ թե՛ ակոհոլային խմիչքների ներմուծման մենաշնորհը։ Լյուդովիկոս XIV-ի հոգեբանությունը մեր «մոնոպոլիստներին» առավել քան սրտամոտ է. «Պետությունը ես եմ»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031