Լրահոս
Օրվա լրահոսը

…ԻՍԿ ԴԱՎԻԹ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ ՍՈՎԻՑ ԿԱԽՎԵԼ Է

Հուլիս 14,1999 00:00
noyemberyan

Ժամանակակից գյուղի խրոնիկա

Ինքնասպանությունը սովի դեմ պայքարի ամենահուսալի միջոց համարելով՝ օրերս Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում կախվել է անասնաբույժ Դավիթ Բայրամյանը։ Նույն գյուղի բնակիչներից մեկ ուրիշը հինգ օր քաղցած է մնացել ու մահացել։

Նոյեմբերյանում, հարակից գյուղերում, ինչ խոսք, կան նաեւ սովից չմահացածներ, չկախվածներ։ Նրանց կարելի է բնութագրել մեկ բառով՝ ընտրազանգված։ Սահմանամերձ գյուղերում (որոնց ստրատեգիական նշանակության մասին չեն զլանում զրույցներ ասել ու ինչ-որ ոչ մի կերպ տեղ չհասնող գումարներ ուղարկել կառավարության անդամները) մարդիկ տառացիորեն քաղցած են մնում։

Դրանում համոզվեցի անձամբ։ Գյուղացիները թարմ հաց ուտում են առիթից առիթ, երբ թխում են։ Հետո մի քանի շաբաթ չորացած ու հին հացը վառարանների վրա տաքացնում են եւ նոր օգտագործում։ Հիմնական սնունդը ապառիկ գնած ձեթի մեջ տապակած կաղամբն ու կարտոոֆիլն են (սա՝ լավագույն դեպքում)։ Առեւտուրը խանութից կատարվում է հիմնականում ապառիկ։ Աշխատավարձն ու թոշակն այստեղ շատ հարաբերական, ավելի շուտ՝ վերացական կատեգորիաներ են։

Երեկոյան, կոնկրետ Կողբ գյուղում, ուր ես եղա, խավար է. գյուղացիները լույս վառում են խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հեռախոսավարձը չմուծելու պատճառով հատուկենտ ընտանիքներ կարող են օգտվել կապի այդ միջոցից։ Գյուղի սեւազգեստ տատիկների անեծքի տեսականին գնալով թարմանում է, նրանց «չանչը» ուղղված է Երեւանի կողմը (ուր շատերը երբեք չեն եղել)։

Նոյեմբերյանցիների մեծ մասը պատրաստվում է թողնել ծննդավայրը, շատերն արդեն վաղուց Ռուսաստանում կամ մայրաքաղաքում են։ Շրջանի մի քանի մեծահարուստները «Ջիպերով» պտտվում են «գյուղամիջում», մեծահոգաբար որոշ գումարներ բաշխում իրենց համագյուղացիներին, բայց որեւէ արտադրություն, աշխատատեղ ստեղծելուն, ինչպես գյուղացիներն են ասում՝ «գաղափարները չի հասնում»։ Փոխարենը նրանք հսկայական տներ են կառուցել, իրենց բակը ավլելու կամ փայտը կոտրելու համար պատրաստ են կանչել դպրոցի ուսուցիչներին։ Ընդ որում, այդ տեսարանը «պատմության համար» նաեւ տեսագրում են՝ թե տեսեք, մեր փայտը ով է կոտրում։ Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում մի մեծահարուստ նույնիսկ իր տնամերձ այգում սեփական եկեղեցի է կառուցել։ Չիմացա, քահանա վարձե՞լ է, թե՞ ոչ։

Գյուղացիների համար հեռուստատեսությունը (մանավանդ՝ ազգայինը) անառարկելի ճշմարտություններ հաղորդող մի ատյան է, ուր, ասենք, «Հայլուրի» հաղորդավար Արամ Հարությունյանի շուրթերից հնչած ամեն մի լուր բեկանման ենթակա չէ։ Կողբ գյուղի երեխաները, որոնք բնատուր ուշիմ են ու ճարպիկ, մանկապարտեզ չեն գնում. թանկ է։ Փոխարենն անգիր գիտեն հեռուստատեսությամբ հնչած բոլոր գովազդները, հատկապես՝ քաղցրեղենինը, որը երբեւէ չեն ճաշակում։

Երեւանցիներիս մտքով երբեւէ չի անցնում, թե ինչ սոսկալի վիճակ է հեռավոր գյուղերում։ Մարդիկ ընդհանրապես չեն ժպտում (նման առիթ չի լինում)։ Երեւանից գնացած հյուրի հետ միակ խոսքուզրույցի թեման «չորեին» եղանակն է, կարկուտը, որը ողջ բերքը փչացրել է, գյուղի՝ կարիքից ու վշտից իրենց մահկանացուն ժամանակից շուտ կնքածների թվարկումը։ Փոքր լռությունից հետո վերհիշում են՝ հավերը քաղցից ձու չեն ածում, խոզերը քաղցից բարակել են, կովերը քաղցից կաթ չունեն, մարդիկ քաղցից…

Ականջիս համար այսքան բացասական ինֆորմացիան շատ էր, բայց սա դեռ բոլորը չէ։

Մաքրասեր տիկնանց առօրյա հոգսերն այնքան են կտրել «աշխարհիկ» կյանքից, որ նրանց համար արդեն կարեւոր չէ՝ ճի՞շտ է փռել լվացքն իր հարեւանուհին կամ արդյո՞ք այն մաքուր է լվացել։ Իսկ գյուղի կանանց համար սա արդեն չափազանց է։ Ամենացավալին այն է, որ որեւէ տեղից, որեւէ մեկից օգնության հույս չկա։ «Ըրեւանա» (Երեւանի) ժողովուրդը գյուղացիներով չի հետաքրքրվում, իսկ իշխանություններին գյուղացիները պետք են միայն որպես «ընտրազանգված» կամ «թնդանոթի միս»։ Ու քաղաքացու «մեր բարձունքից» գյուղական «էկզոտիկայի» սիրահարի կեցվածքով գնում ենք հեռավոր գյուղեր, գլուխներս կարեկցանքով տմբտմբացնում՝ նրանց տառապանքի պատմությունը լսելով, իսկ մտքում ասում՝ երբ պիտի հասնեմ քաղաք։ Համ էլ՝ տեսնես Ղարաբաղո՞ւմ ինչ եղավ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031