Հուլիսի 13-ին, Երեւանի ժամանակով ժամը 21։00-ին, ՀՀ նախագահի անձնական օգտագործման ինքնաթիռը վայրէջք կատարեց Վարշավայի ռազմական օդակայանում։
Այդ ժամանակ Վարշավայում ժամը 18։00-ն էր։ ՀՀ նախագահին ուղեկցում էին տիկին Բելա Քոչարյանը, ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մի խումբ գործարարներ Արամ Վարդանյանի գլխավորությամբ, «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Լեհաստան այցելողների ցուցակում ներկայացված բոլոր անձինք, նաեւ մի քանի լրագրողներ, Լեհաստան հասան առանց ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի։ Վերջինիս բացակայության պատճառը ոչ ոք չգիտեր։ Իսկ «Գրանտ Տոբակոն» եւ մյուս գործարարները նախագահին դիմավորեցին «Վիկտորիա» հյուրանոցի մոտ։ Մինչ օդանավի վայրէջք կատարելը, պաշտոնական այցի ծրագրին ծանոթանալով, արդեն ինքնաթիռում գիտեինք, որ օդակայանում պետք է բարձրացված լինեին ՀՀ եւ ԼՀ պետական դրոշները, շարժասանդուղքի առջեւ փռված պետք է լիներ կարմիր գորգ, շարված պետք է լիներ զինվորական դասակ։ Լեհական ԱԳՆ արարողակարգի վարչության պետ պրն Յանուշ Նեսիտոն շատ լավ էր պատրաստվել ՀՀ նախագահի պաշտոնական այցին։ Արարողակարգի համաձայն, ԼՀ նախագահը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կդիմավորի ոչ թե օդակայանում, այլ իր նստավայրում, այն էլ՝ հաջորդ առավոտ։
Իսկ ՀՀ նախագահին օդակայանում դիմավորեցին ԼՀ պետական քարտուղարի տեղակալ, ԼՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Անջեյ Մայկովսկին՝ տիկնոջ հետ եւ պաշտոնատար այլ անձինք։ Եղանակը Վարշավայում սովորական էր՝ եվրոպական։
Այսօր առավոտյան, Լեհաստանի ժամանակով ժամը 9-9։15, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու հետ։
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեւան-Վարշավա Հ. Գ. Երեւանի «Զվարթնոց» օդակայանից ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ճանապարհողների մեջ չկար։ Երեք ժամ տեւած թռիչքի ընթացքում ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրեթե անբաժան էին։