Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԱՂՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ»

Հուլիս 14,1999 00:00
ugudov

Մովլադի Ուդուգովի բացառիկ հարցազրույցը «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը

Մովլադի Ուդուգովը այսօր չի ներկայացնում «պաշտոնական Գրոզնին», սակայն շարունակում է մնալ Չեչնիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Նա քաղաքականություն մտավ, դառնալով Ջոհար Դուդաեւի մամլո քարտուղարը: Նոր կառավարությունում առաջին փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները ստանձնելուց որոշ ժամանակ անց բաժանվեց Ասլան Մասխադովից եւ ներկայումս Չեչնիայի ընդդիմադիր կառույցի՝ Շուռայի առաջնորդներից մեկն է:

– Պարոն Ուդուգով, վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման կամ շփման փորձեր եղե՞լ են:

– 1991 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ Իչկերիայում իշխանությունն անցավ Չեչենական ժողովրդի համազգային համագումարին, Գրոզնի մի քանի անգամ եկել էր Հայաստանի Գերագույն Խորհրդի ոչ պաշտոնական պատվիրակությունը՝ ինչ-որ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ: Նրա անունը չեմ հիշում, բայց գիտեմ, որ նա անձամբ ծանոթ էր Ջոհար Դուդաեւի հետ:

– Որքանո՞վ են իրական այն լուրերը, որ չեչենական ջոկատները, հրամանատարներ Շամիլ Բասաեւի եւ Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ, մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին:

– Առանց մեկնաբանությունների:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու հակասությունը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ:

– Նման հակասությունները գոյություն ունեն ի սկզբանե կեղծ հարցադրումների շնորհիվ: Մենք մտադիր չենք աջակցել քաղաքական խաղերին, որոնք քողարկում են իրական վիճակը: Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ XX-րդ դարի վերջում ավելի ու ավելի հստակ է երեւում քրիստոնեական8211հեթանոսական միության ուրվագիծը, որի կորիզը հանդիսանում է սիոնիզմը: Այդ դաշինքը պատերազմ է հայտարարել ողջ իսլամական աշխարհին: Ըստ էության, այդ դաշինքը անամոթաբար գրավում է իսլամական հողերը: Եվ Ղարաբաղը (որի չեչենական անվանումը Արց է), ոչ միայն ադրբեջանական, այլեւ մահմեդական տարածք է:

– Տեսնո՞ւմ եք, արդյոք, որեւէ զուգահեռ Ղարաբաղյան եւ Չեչենական հակամարտությունների միջեւ:

– Արեւմտյան դաշինքը, որը հայտնի է «համաշխարհային հանրության» անվան տակ, փաստորեն պաշտպանում է Ղարաբաղի զավթումը եւ միաժամանակ դրդում է Ռուսաստանին բաց չթողնել Իչկերիան (կարծես թե դա Ռուսաստանից է կախված):

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, համակովկասյան հարցերում:

– Հարեւան հանրապետության տարածքների 20% գրավումը աննախադեպ իրադարձություն է նույնիսկ հետխորհրդային երկրների համար: Այդպիսի քաղաքականությունը, մանավանդ Կովկասում, հեռատեսական չէ: Կովկասի ժողովուրդների փոխհարաբերությունների պատմության մեջ նման դեպքեր երբեք չեն գրանցվել: Եվ դա վրդովմունք է առաջացնում Կովկասի ժողովուրդների եւ հատկապես չեչենական ժողովրդի մոտ:

– Իսկ նկատե՞լ եք որեւէ փոփոխություն Հայաստանի քաղաքականության մեջ 1998 իշխանափոխությունից հետո:

– Հայաստանի քաղաքականությունը վաղուց արդեն կախված չէ անձերից կամ կուսակցություններից, այլ թելադրվում է այն ուժերի կողմից, որոնք իբրեւ օգնություն «ՄԻԳեր» եւ «Միրաժներ» են տրամադրում: Ցավոք, Հայաստանի քաղաքական գործիչները իրենց եւ ողջ հայ ժողովրդին դարձրել են օտար շահերի պատանդ:

– Միգու՞ցե Չեչնիան կարող է իբրեւ միջնորդ հանդես գալ Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների կարգավորման գործում:

– Ոչ, Չեչնիան չի կարող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ լինել: Միջնորդությունը չեզոքություն է պահանջում: Մենք չենք կարող կրկնօրինակել Արեւմտյան Եվրոպայի «չեզոքությունը»: Աստված երկերեսություն չի ներում: Մենք պահանջում ենք ադրբեջանական տարածքների լիակատար, անվերապահ եւ կամավոր ազատագրումը, եւ աջակցելու ենք Ադրբեջանի մահմեդական ժողովրդին:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-Չեչնիա հարաբերությունների ապագան:

– Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Կփոխի՞ արդյոք նա իր քաղաքականությունը, կհրաժարվի՞ տարածքներ գրավելու պատմական անախրոնիզմից: Ինչու՞, օրինակ, ԱՄՆ-ն, Հայաստանից թույլ չլինելով, տարածքներ չի գրավում: Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ Մոսկվային հաջորդ տարի լուրջ ցնցումներ են սպասվում: Բայց նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը դառնա դեպի ՆԱՏՕ, սկզբունքորեն ոչ մի տարբերություն չի զգա: Եվ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն հակաիսլամական կողմնորոշում ունեն: Համապատասխանաբար, եւ հայ-չեչենական հարաբերությունները չեն բարելավվի: Կարելի է ընտրել ցանկացած դաշնակից ու հովանավորող, սակայն պետք է հստակ գիտակցել, որ քաղաքական անհաջող զարգացումների դեպքում Հայաստանը չի կարող տեղափոխվել ոչ Արխանգելսկի մարզ, ոչ էլ Պիրենեյան թերակղզի:

– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը տարածաշրջանում:

– Կարծում եմ, որ Իրանը սխալ կողմնորոշում է ընտրել:

– Պ-ն Ուդուգով, հոդվածներից մեկում Դուք գրել էիք, որ Արեւմուտքը ջանքեր է գործադրում խոչընդոտելու Ռուսաստանի եւ մահմեդական աշխարհի միջեւ դաշինքի կնքմանը: Արդյոք կա՞ն նախապայմաններ այդպիսի դաշինք կնքելու համար:

– Այո, կան:

– 1997-ի հունիսին Դուք հայտարարեցիք, որ Վրաստանը Իչկերիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է: Անդրկովկասի երեք պետություններից ու՞մ է նախապատվություն տալիս Չեչնիան այսօր:

– Իչկերիան նախապատվություն է տալիս է Կովկասի ապագաղութացմանը:

– 1997 թ. հունիսին Չեչնիան հանդես եկավ Կովկասում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության ստեղծման նախաձեռնությամբ: Ի՞նչ վիճակում է այդ նախագիծը, տարվե՞լ են արդյոք աշխատանքներ այդ ուղղությամբ:

– Մենք չենք հրաժարվել այդ գաղափարից: Խնդիրը նրանում է, որ կովկասյան լիդերները շարունակում են ապավինել Ռուսաստանին, Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ին, այն դեպքում, երբ կարելի է որոշումներ ընդունելու սեփական կենտրոններ ստեղծել:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տեղը տարածաշրջանում, մասնավորապես Կովկասում:

– Կարծում եմ, Կովկասում այս կամ այն ժողովրդի իրավունքների, տեղի եւ դերի մասին իրական պատկերը գերազանց պատկերացնում են լուրջ հայ պատմաբանները եւ կրոնական գործիչները:

– Պ-ն Ուդուգով , նկատվո՞ւմ է արդյոք Չեչնիայում թշնամական վերաբերմունք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

– Ինչպես արդեն ասացի, չեչենական մոջահեդների մոտ զայրույթ է առաջացնում հայկական քաղաքականությունը: Ես գիտեմ, որ շատ իսլամական ռազմական խմբերի ծրագրերում Դաղստանի ազատագրումից հետո թիվ երկրորդ հարցը հանդիսանում է Ղարաբաղը:

– Այսինքն, Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, չեչենական կամավորները կմեկնե՞ն ռազմաճակատ:

– Իսլամական զորամիավորումները չեն սպասելու պատերազմի վերսկսմանը: Որոշ տվյալների համաձայն, նրանք նախատեսում են 2000թ. Անդրկովկասի մահմեդական տարածքների վերադարձման արշավ սկսել:

– Եթե Ձեզ հրավիրեն այցելել Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ, արդյո՞ք կհամաձայնեք:

– Առանց մեկնաբանության:

– Ե՞րբ է Չեչնիան ճանաչվելու համաշխարհային հանրության կողմից:

– Անկեղծ ասած, մեզ քիչ է հետաքրքրում այսպես կոչված միջազգային ճանաչումը: Նման ճանաչումները խաղաղության երաշխիք չեն:

«ՄԵԴԻԱՄԱՔՍ» լրատվական գործակալություն՝

հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031