Հուլիսի 11-ին Աջափնյակում տեղի ունեցածի նկատմամբ մամուլի վերաբերմունքը երկար սպասեցնել չտվեց։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, թե Երկրապահ կամավորականների միությունը ճեղքեր է տվել կամ նրա ներսում իշխանական կարկանդակները չեն կարողանում բաժանել եւ այլն։
Այս ամբողջի, ինչպես նաեւ նախորդած իրադարձությունների վերաբերյալ ԵԿՄ-ի դիրքորոշումները պարզելու համար զրույցի հրավիրեցինք ԱԺ եւ ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին. «Երկրապահ կամավորականների միությունը, իբրեւ կազմակերպություն, որեւէ առնչություն չունի Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ընտրությունների հետ»։
Լինելով հասարակական, եւ ոչ թե քաղաքական կազմակերպություն, ինչպես Ալբերտ Բազեյանը նշեց, ԵԿՄ-ն իրավունք չունի առաջադրել թեկնածություններ, եւ բացի այդ՝ ԵԿՄ վարչությունն էլ այդ հարցի վերաբերյալ որեւէ վճիռ չի առել. «Այլ խնդիր է, որ ԵԿՄ առանձին անդամներ, ելնելով իրենց անձնական հարաբերություններից եւ համակրություններից, պաշտպանել են այս կամ այն թեկնածուին։ ԵԿՄ-ն միանշանակորեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունները, բռնարարքները, օրինականության խախտումները, եւ հույս է հայտնում, որ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն մեղավորներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»։ Սա տեղի ունեցածի վերաբերյալ։ Իսկ այն մեկնաբանությանը, թե երկրապահները չկարողացան կիսել իշխանական կարկանդակը, տրվեց այսպիսի բացատրություն. «ԵԿՄ-ն իր ամբողջ գործունեությունն իրականացնում է զուտ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ նրանց քաղաքացիական, աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով։
Չեմ կարծում, որ կազմակերպությունն ամբողջությամբ կարող է պատասխանատու լինել իր յուրաքանչյուր անդամի վարքագծի համար։ Բոլորս էլ հավասար իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիներ ենք, եւ եթե որեւէ երկրապահ թույլ է տվել անօրինականություն կամ բռնարարք, ապա պիտի պատժվի օրենքով սահմանված կարգով, ինչպես մյուսները»։
Կարդացեք նաև
ԵԿՄ վարչության փոխնախագահը մեր այս զրույցում ասաց, թե երկրապահները միաշերտ չեն. «Կան մարդիկ, որ դատապարտվել են իրենց արարքների համար, կան երկրապահներ, որոնք ունեն բարձր վարկանիշ եւ հեղինակություն, եւ կան մարդիկ, որ երբեմն-երբեմն շահարկում են երկրապահների անունը՝ իրենց անձնական նկրտումներին հագուրդ տալու համար։ Մենք միանշանակ դատապարտում ենք տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ ամբողջ ԵԿՄ-ն կապել այս դեպքի հետ»։ Մյուս մեկնաբանությունը, թե երկրապահ շրջանակը ճեղքեր է տվել, արժանացավ այսպիսի պատասխանի.
– Նման բան գոյություն չունի։ ԵԿՄ-ն ունի մի քանի հազար անդամ՝ ամբողջ Հայաստանով մեկ, եւ բազմաթիվ բաժանմունքներ։ Կոնկրետ Աջափնյակի երկրապահների մեծ մասը տվյալ պարագայում պաշտպանել է Արծրուն Խաչատրյանի թեկնածությունը, իսկ մի խումբ երկրապահներ էլ իրենց ընկերական կապերից ելնելով պաշտպանել են Աշոտ Աղաբաբյանին։ Իսկ թե ովքեր են զենք եւ բռնություն գործադրել, պիտի պարզեն իրավապահ մարմինները, ինչը որեւէ կերպ չի առնչվում ԵԿՄ-ին։ Որեւէ երկրապահ այսօր զենք կրելու իրավունք չունի։
– Պարոն Բազեյան, դեպքեր են եղել, երբ, ասենք, երկրապահներից ոմանց համար կազմակերպությունը միջնորդել է՝ սկսած սոցիալական հարցերից մինչեւ դատարան, երբ որեւէ ազատամարտիկի մոտ մի քանի փամփուշտ է գտնվել։ Այս դեպքում նման միջնորդությունը բացառո՞ւմ եք։
– Իհարկե, բացառում եմ։ Հուլիսի 12-ին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ։ ԵԿՄ վարչությունն էլ, ըստ երեւույթին, մոտ օրերս նիստ կգումարի՝ քննարկելու տեղի ունեցածը։ ԵԿՄ-ն միարժեքորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել նաեւ ԵԿՄ-ի տարածքային բաժանմունքում։ Անպայմանորեն կպարզվի ամեն ինչ եւ կիմացվի, թե ովքեր են մեղավորները։
Մեր հաջորդ զրուցակիցն էր ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ տիկին Էմմա Խուդաբաշյանը, որը 1998-ի նախագահական ընտրություններում էլի նույն Աշոտ Աղաբաբյանի մեղմ ասած «կոշտ» վերաբերմունքին էր արժանացել՝ միաժամանակ նրա կողմնակիցների ձեռամբ ֆիզիկական ներգործության. «Ինչպես միշտ՝ հիմա էլ դատապարտում եմ այդպիսի արարքները, այդ խժդժությունները, այդ խուլիգանությունները։
Ինչ վերաբերում է 1998-ի նախագահական ընտրություններին՝ ես դա համարում եմ անցյալի գիրկն անցած միջադեպ։ Ես հիշաչար չեմ, մոռացել եմ դրա մասին։
Իսկ հուլիսի 11-ի իրադարձությունները, իմ կարծիքով, վարկաբեկում են «Միասնություն» դաշինքը»։ Տիկին Խուդաբաշյանի կարծիքով, անշուշտ, երկու կողմից էլ կան մեղավորներ, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։
Հարցին էլ, թե, արդյո՞ք, տեղի ունեցածը խփում է Վազգեն Սարգսյանի վարկին՝ տրվեց այսպիսի պատասխան. «Ես այդ կարծիքը բացարձակապես չեմ կիսում։ Վազգեն Սարգսյանն այսօր լծվել է ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման գործին, նա իր գործով է զբաղված»։ Տիկին Էմման, իր բնորոշմամբ, ասենք՝ այս խուլիգանությունների եւ Վազգեն Սարգսյանի հեղինակության միջեւ որեւէ առնչություն չի տեսնում եւ կարծում է, որ վարչապետը ճիշտ վճիռ կընդունի։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ