Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏ

Հուլիս 13,1999 00:00
serbia

Իմ սիրելի, համբերող հայ ընթերցող, Սերբիայի ռմբակոծություններն ավարտված են։ Երկու ամսից ավելի քեզ հասնում էին իմ խոսքերը եւ հիմա գուցե պահն է, որ անցկացվի վերջնագիծը… Ողջ եմ, չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի ռումբերից ես երբեմն տարանջատված էի նեղ տարածությամբ եւ փոքր ժամանակահատվածով, հաջորդաբար։ Ժամեր, րոպեներ, քայլափոխեր, մետրեր…

Դա վերաբերվում է ոչ միայն ինձ, որի դեպքում այնքան էլ մեծ վնաս չէր լինի, եթե գլխիս ինչ-որ բան դրմփար, այլ նաեւ կնոջս, երեխաներիս, թոռներիս։ Հիվանդանոցը, որտեղ ես աշխատում եմ, շենքը, որտեղ ես ապրում եմ՝ անվնաս են, սակայն անվնաս չէ հիվանդանոցը, որտեղ որպես բժիշկ աշխատում էր կինս, ոչ էլ Սերբիայի ռադիո-հեռուստատեսության շենքի մի մասը, որտեղ աշխատում է որդիս… Այդ ամենը հիմա նույնիսկ չի թվում հերոսական։ Այն պահին, երբ ռմբակոծությունները դադարեցին, Բելգրադը երեւաց արեւով ողողված, գուցե որպես պակաս վնասված քաղաքներից մեկը, որը «պահպանված» էր, եթե կարելի է այդպես ասել, արյունալի վերջաբանի համար. վերջաբանը, հրուշակեղենի նման, որը դեռեւս մնում է որպես յուրօրինակ գրավ այս անվերջ արյունալի խաղում, որին դեռեւս սպառնում է, որ պահանջվող հարկին, լինի հարթեցված (հողի հետ հավասարեցված) ինչ-որ բանակցությունների սեղանի նման։ Որովհետեւ պատմությունը դեռեւս չի ավարտված, դեռեւս բոլորի բերանները լի են բառերով, ինչպիսիք են՝ խաղաղություն, մարդասիրություն, առաջընթաց. նույն բառերով, որոնցով ղողանջում էին ինչպես ռմբակոծություններից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում… Իսկ խաղաղ բնակչության զոհերի թիվը հասնում է հազարների, այդ թվի 40%-ը երեխաներ են։ Նույնիսկ օձերը դուրս էին սողում իրենց ապաստարաններից, շնորհիվ գետնի տեղաշարժերի։ Նովի Սադ, երբեմնի սերբական Աթենք քաղաքի շրջակայքում դեռեւս կարելի է հանդիպել ճագարների դիակների։ Ճագարների սատկելու պատճառը ոչ ոք չի համարձակվում բարձրաձայն արտասանել։ Հավանաբար նրանց սպանել է թույնը, որը ներծծվել է նոր ծլած բույսերի մեջ…

Հազիվ թե որեւէ գարուն նման եղած լինի այս գարնանը, անձրեւառատ, անտառների ու դաշտերի ծանրացած մուգ կանաչով։ Ոնց որ թե ինքն էլ՝ բնությունը գիտեր, թե իրեն ինչ էր նախապատրաստված։ Ե՛վ լորենիները, որոնց բուրմունքը վերջերս առավել արբեցնող է, ե՛ւ խոտը, որն անհամբեր սպասում է իր հնձվորին, երբեք ավելի առատ չէր, ոչ էլ ավելի բարձրահասակ։ Սակայն կանաչ դաշտերով մեկ դեռեւս սփռված են չպայթած, նենգ, կասետային ռումբերը։ Բայց դա էլ էր արդեն մոռացության մատնվում… Իսկ ինչի է նման սերբական սրբավայր Կոսովոն։ Տակնուվրա արված, կրակավայրի նման, ուրանի թափոններով հագեցված։

Իրականացել է, ցավոք սրտի, ընթերցող, այն ամենը, ինչը տողերիս հեղինակը ասում էր առաջին իսկ պահից, որ այսպես կոչված ռազմական նշանակետերը, ռազմական թիրախները, ցինիկ պատճառաբանություն են, որպեսզի ռմբակոծվեն, բնաջնջվեն խաղաղ բնակիչները, ոմանք ուղղակիորեն, ոմանք էլ՝ անուղղակիորեն։ Սակայն այն, ինչն ամենից շատ է զարհուրելի, այնուամենայնիվ, հռետորությունն է, որով արդարացվում էր այդ ողջ սպանդարշավը։ Եվ այդ հռետորությունը, այդ «պատճառաբանություններն» արդեն իսկ ընդարձակվում են Բալկանների եւ Եվրոպայի նեղ շրջանակներից դուրս։ Սկսեցին ապագա սպանիչ ռմբակոծությունների վերին աստիճանի ճշգրտությունից, ինչով ապահովվում էր բարոյական արդարացումն այն ամենի, ինչը հետո արվելու էր։ «Մենք չենք սխալվում»,- ասում էին։ Նրանք անսխալ են աստվածների նման։ Դրան, դժբախտաբար, հավատացին։ Թմրեցված լինելով, ավելի ճիշտ կլիներ ասել՝ տխմարեցված լինելով, հասկացություններով, ինչպիսիք են՝ մարդասիրություն, մարդկայնություն, առաջընթաց, մարդկությանը թվացել է, որ կարող է հավատալ մի այդպիսի սրբապղծության։

Այն նախկին երկու պատերազմները ոնց որ թե իրոք ավելի անբարոյական էին միայն ու միայն այն պատճառով, որ ռմբակոծությունների ճշգրտությունն այդքան բարձր չէր. իհարկե, կրկին միայն ու միայն ռազմական թիրախների։ Եվ այդ մասին էլ բարձրաձայն բղավում էին կոկորդները ճղելով… Իսկ մնացած ամեն ինչը վրիպումներ էին։ Վրիպումներ, որոնք հազվադեպ էին անմիջապես ճանաչվում, որոնք հաճախ ժխտվում էին մանկականորեն, հետեւյալ ոճով՝ գուցե… մենք չէինք… ՆԱՏՕ-ն… սակայն կհետաքննենք… Որպեսզի հետագայում, ամեն մի ռմբակոծված, թունավորված, անվավեր ռազմական… Այդ հռետորության թույնը, դժբախտաբար, հանգստորեն, ոնց որ ծծակից, կուլ էր տալիս համաշխարհային հասարակությունը։ Ցույցեր էին կազմակերպում, կրկին աշխարհով մեկ, մասամբ կոմունիստները, սակայն խաղից դուրս գտնվող մարդկանց նման։ Այնտեղ, որտեղ կարող էին ինչ-որ բան անել, օրինակի համար՝ Ֆրանսիայում, որտեղ դեռեւս կառավարության մասն են կազմում, հետաձգում էին, լռում, հարգելով այդպես կոչված «քաղաքական ռեալականությունը»։ Ինչպես նաեւ՝ Կանաչները Գերմանիայում… Աղմուկ, աղաղակ եւ, վերջիվերջո, «քաղաքական ռեալականություն»։ Այդ ամենը հետեւանքներն են միեւնույն չարիքի՝ հավատի, հանդեպ Մարդու, Մարդասիրության, Բանականության, Առաջընթացի…

Բայց, աշխարհով մեկ հռչակավոր, սակայն վախկոտ, մարդկային Բանականությունը կարող է առանց դժվարության, այս պահին իսկ հասկանալ մի իրոք բավական պարզ հանգամանք, այն է, որ Սերբիան ինչ-որ ժամանակից ի վեր Նոր Հայաստանն է, գոնե այն Հայաստանը՝ 1993 թվականի, որտեղ անհամար սեղանիկները փոխարինում էին հանրախանութներին, իսկ էներգիայի այլընտրանքային աղբյուրները՝ էլեկտրականությանը։ Ուստի, կարելի է ասել արդեն, երկրորդ նման երկիրն է Եվրոպայում… Այսպիսով, Սերբիայի էլեկտրաէներգետիկական համակարգի կործանումը ինչպես «փափուկ», այնպես էլ «կարծր» ռումբերով, ուներ իր արդարացումը, միեւնույն մարդասիրական, միեւնույն սատանայական հռետորությունը, դարձնելով, սակայն, իմ երեւանյան փորձը միանգամից արժեքավոր։ Պահարանից հանել եմ «ֆանարիկը», այն սարքը, որ լիցքավորվում է, երբ հոսանք կա, իսկ հետո կարող է լուսավորել ճանապարհը ինչ-որ մութ փողոցով քայլելիս։ Այդ սարքը հետս բերել էի 1995 թվականին, Երեւանից, ի հիշատակ։ Եվ հանկարծ վրա հասավ այն օգտագործելու անհրաժեշտությունը։

Դժբախտաբար, գոյություն ունի այդ պատմության մյուս երեսը։ Աճը այրվածների թվի, տուժածների, այդ ոչ պատերազմական, խաղաղ հրդեհներից, որոնք առաջացած են հենց այդ, նոր փորձարկված, այլընտրանքային էներգետիկ աղբյուրներից…

Բայց հենց այդ պատճառով էլ իրար հրաժեշտ ենք տալիս, իմ սիրելի հայ ընթերցող, որովհետեւ բոլոր գալիք պատմություններին դու քաջատեղյակ ես։ Դու այդ ամենն արդեն քո գլխի վրայով անցկացրել ես։ Գիտես, թե պատշգամբում ինչպես պետք է պահեստավորես փայտերը, գիտես, թե որտեղով, որ լուսամուտով է հարկավոր անցկացնել ծխնելույզը. դույլերով, ոտքով կրել ես ջուրը մինչեւ ութերորդ, տասներորդ կամ էլ տասնմեկերորդ հարկ… Բայց ի՞նչ անել, դա է այդ բազմագովքով առաջընթացը, եւս մի Հայաստան, արդեն թառամած, խելագար Եվրոպայում…

Սակայն ո՞վ գիտե… գուցե մեր այս հրաժեշտը միայն ժամանակավոր է։ Սակավաթիվ են աշխարհի պատմության մեջ պատերազմները, որոնք հենց այսպես են ավարտվել, մի տեսակ անորոշ, հենց այնպես, ինչպիսին էր այս չհայտարարվածը, գուցեեւ գոյություն չունեցողը, ինչպես այս ռմբակոծությունը։ Գիտեք, թե դրան ինչպես էր նայում Լեւ Նիկոլայեւիչ Տոլստոյը, եւ հիշում ենք այն պահը, երբ ծերացած Կուտուզովը ծնկի էր իջնում Աստվածամոր սրբապատկերի առաջ. «Շնորհակալություն, ով անարատ, փրկված է մայր Ռուսաստանը»։ Այդպես են, իրոք, ավարտվում պատերազմները, այդպես կամ էլ տրամագծորեն հակառակ ձեւով… Համենայնդեպս, շնորհակալ եմ Քո ուշադրությունից։ Դու այն եղեգան փողն էիր, որի միջով շնչում ու գոյատեւում էր իմ մեղավոր հոգին՝ ծածկված լինելով արյան, արտասուքի եւ քրտինքի ծովով…

ԲՐԱՆԻՍԼԱՎ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031