Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Հուլիս 13,1999 00:00
atestacia

Ավանդաբար ամռան ամիսներին կրթական ասպարեզի «մեխը» դառնում են ընդունելության քննությունները։ Ստորեւ կխոսվի մի կրթական գործընթացի մասին, որը պակաս կարեւոր չէ, քան ընդունելության քննություններն են։ Խոսքն ատեստավորման մասին է։

Սկզբից եւեթ նշենք, որ ըստ ՀՀ «Կրթության մասին» օրենքի, նախատեսվում է իրականացնել հանրապետությունում գործող բոլոր բուհերի հավատարմագրում եւ պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորում։ Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ ուսուցիչների ատեստավորման գործընթացին։ Ատեստավորման երեւույթը կրթական մեր ոլորտի համար նոր երեւույթ է։ Խորհրդային իշխանության տարիներին ատեստավորում գոյություն չի ունեցել։ Այն տարիներին որոշակի չափանիշներով առաջնորդվելով, լուսավորության նախարարությունը մեր մանկավարժներին շնորհում էր կոչումներ։ Բացի այդ, ուսուցիչները պարբերաբար (5 տարին մեկ անգամ, շատ հաճախ այդ պարբերականությունը խախտվում էր) ներգրավվում էին կատարելագործման դասընթացների մեջ, որոնք կոչված էին մասնագիտական-մեթոդական առումով բարձրացնել նրանց մակարդակը։ Ինչեւէ, անցան տարիներ, մենք հրաժեշտ տվեցինք «վարդագույն» խորհրդային տարիներին եւ հայտնվեցինք նոր իրավիճակում՝ մենք մերոնցով։

1993-94 ուսումնական տարուց հանրապետությունում սկսվեց ատեստավորումը։ Ինչպես ամեն մի նոր երեւույթ, գործընթաց, այնպես էլ ատեստավորումը չկամությամբ, կասկածանքով եւ թերահավատությամբ ընդունվեց հասարակության կողմից։ Մեր շատ մանկավարժների կարծիքով սոցիալ-տնտեսական ճգնաժամի ծանրագույն պայմաններում ատեստավորում անցկացնելը դիտարկվում էր, մեղմ ասած, թիկունքից հարված։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ սկզբում ես նույնպես այդպես էի մտածում։ Սակայն գործընթացի հետ քիչ թե շատ առնչվելով հասկացա, որ դա այդպես չէ։ Հաշվի առնելով կրթական եւ մասնավորապես հանրակրթության ասպարեզում տիրող ճգնաժամային վիճակը, ատեստավորումը անց էր կացվում կամավորության հիմունքներով։ Յուրաքանչյուր բնագավառում, լինի կրթական, թե առողջապահական, մասնագետները պետք է լինեն բարձր որակի։

Այդ առումով ատեստավորումը մի գործընթաց է, որը կոչված էր լինել մշտական, իհարկե, ժամանակի հետ համընթաց հղկվելով եւ զարգանալով։ Ա. Բլեյանի լուս. նախարար, ապա փոխնախարար եղած ժամանակ ատեստավորման գործընթացն աստիճանաբար արագություն էր վերցնում, խոսվում էր արդեն այն պարտադիր դարձնելու համար։ Սակայն Ա. Բլեյանը պաշտոնանկ արվեց եւ գործընթացը, որոշ ժամանակ շարունակվելով, կանգ առավ։ Հիշենք, որ գործընթացը սկիզբ էր առել նախարար Հայկ Ղազարյանի պաշտոնավարման ժամանակ, բայց Ա. Բլեյանի գալով ոչ միայն այն կանգ չառավ, այլեւ շարունակվեց։ Իսկ ահա Բլեյանի հաջորդների օրոք ատեստավորումը ոչ միայն դադարեց, այլեւ սկսվեց անհանդուրժողականության, վարկաբեկման մթնոլորտի թեւածումը բոլոր այն երեւույթների նկատմամբ, որոնք եղել էին Ա. Բլեյանի պաշտոնավարության ժամանակ։ Չի կարելի ասել, որ ատեստավորման գործընթացն անթերի էր։ Թե՛ ատեստավորման կանոնադրության մեջ եւ թե՛ անցկացման մեխանիզմներում (սուբյեկտիվիզմ, նախապատրաստական համապատասխան ժամանակահատվածի անտեսում եւ այլն) կային թերություններ, բացթողումներ։ Հարկավոր էր դրանք հետեւողականորեն ճշգրտել, հղկել, այլ ոչ թե ամեն ինչ մերժել եւ դրա փոխարեն ոչինչ ձեռնարկել։

Նոր ուսումնական տարին սարերի հետեւում չէ։ Ընդունելության քննություններով տարվելով, չենք նկատի, թե ինչպես կգա սեպտեմբերը։ Իմ կարծիքով, նախարարությունն անհապաղ պետք է ձեռնամուխ լինի ատեստավորման գործընթացի վերականգնմանը։ Ավելին, այդ գործը պետք է վստահվի կրթական բարեփոխումների կենտրոնին։ Դպրոցին պետք է օգնել կոնկրետ գործերով։ Ատեստավորումը նույնպես յուրատեսակ օգնություն է մեր ուսուցչական կադրերին։ Մեր մանկավարժները պետք է հասկանան, որ անկախ ֆինանսական իրավիճակից, դպրոցում պետք է աշխատեն բանիմաց, պրպտող, նվիրված մարդիկ, որոնց մասնագիտական-մեթոդական զարգացման համար նախարարությունը պետք է վստահելի եւ ճկուն համակարգ կիրառի։

ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել