Լրահոս
Օրվա լրահոսը

Նա խաղատներում չի լինում

Հուլիս 13,1999 00:00
jilavyan

1993 թվականի մայիսի 2-ից ի վեր վերջին օրերին առաջին անգամ մոսկվաբնակ գործարար, «Հայկական ասամբլեա» կազմակերպության նախագահ Սերժ Ջիլավյանը Հայաստանում էր, որի հետ հարցազրույցը վարեցինք «Արմենիա» հյուրանոցի սրճարանում։ Ներկա էր եւս մեկ լրագրող, որի բոլոր հարցերի պատասխանները դուրս ենք թողնում մեր նյութից։

Սերժ Ջիլավյանը մեզ հետ զրույցում նախ պատճառաբանեց իր այցելությունը՝ պատրիարքի ասաց եւ (ոչ թե կաթողիկոսի) հուղարկավորության արարողությանը մասնակցելու։ «Գլխավոր միտքը դա էր»։ Սերժ Ջիլավյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն է ունեցել, սակայն վերջինիս զբաղվածության պատճառով՝ շրջայց Ղարաբաղ եւ Լեհաստան, «հանդիպումն առայժմ չկայացավ»։

Այն, որ մեր մամուլը գրել է, թե չեչեններն առեւանգել են Ջիլավյանին, տրվեց այսպիսի բացատրություն. «Նման դեպք եղել է, բայց ոչ թե առեւանգում չեչենների կողմից։ Իհարկե, չեչեններ նույնպես մասնակցել են, որոնք ունեցել են իրենց մոտիվները, բայց առայժմ ես չեմ կարող պատճառներն ասել։ Այդ դեպքին մասնակից են Ռուսաստանի ՆԳ աշխատողները։ Դա տեղի է ունեցել հունիսի 3-ին եւ ինձ բաց են թողել 8 օրից»։

Այն, որ Սերժ Ջիլավյանը բանտ է նստել նաեւ Լոնդոնում, իմացել ենք մամուլի հրապարակումներից։ Մեր զրուցակիցը դա հերքում է. «Նման բան չի կատարվել։ Ամենեւին էլ իրականությանը չհամապատասխանող նյութեր էին տպագրվում հայկական եւ ռուսական մամուլում։ Ես Լոնդոնում եմ գտնվել գործնական ուղեւորությամբ եւ եթե «Վաշինգթոն» եւ «Մարիոթ» հյուրանոցները բանտ են՝ ես դրանցում ինչ-որ ժամանակ գտնվել եմ։ Իսկ Լոնդոնի պոլիցայի հետ ես գործ չեմ ունեցել»։

Իսկ երբ հարց տրվեց Ռուսաստանում իր բանտարկվելու վերաբերյալ Սերժ Ջիլավյանը, որոշեց նաեւ վրեժխնդիր լինել տառացիորեն ասելով հետեւյալը. «Դա նախկին նախագահի եւ Վանո Սիրադեղյանի ձեռքի գործն է, որոնց օժանդակեցին ռուսական որոշ մարմինների աշխատողներ եւ կատարվեց այդ դեպքը։ Դա այլեւս պարզաբանված է, որովհետեւ Վանո Սիրադեղյանի կատարած որոշ հանցագործություններ, ընդհուպ մինչեւ իմ դեմ կատարած մահափորձը, պարզաբանված է եւ հայկական մամուլը խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնի։ Ռուսաստանի Գերագույն դատարանը շուտով կվերանայի իմ բանտարկության հարցը եւ, վստահ եմ, որ կարդարացվեմ։ Ռուսական իշխանությունները այդպես էլ չկարողացան ինձ դատել՝ ազատ արձակելով հենց դատարանի դահլիճից։ Օրերս հանդիպել եմ Հայաստանի գլխավոր դատախազին, որը եւս պատրաստ է օժանդակել»։

-Որ Կրակեմ Հրաչը ձեր մորաքրոջ տղան է, դրա՞ համար։

-Կրակեմ Հրաչին առաջին անգամ տեսել եմ այն դեպքից հետո, երբ Վանո Սիրադեղյանը կազմակերպեց իմ եղբոր առեւանգումը Ստեփանավանից։ Նա եւս պահվեց 8 օր։ Հրաչը եկավ ինձ մոտ Մոսկվա եւ ասաց, որ պատրաստ է օգնել եւ օգնել է, որպեսզի ապահովվի եղբորս անվտանգությունը։ Հրաչի մասին գիտեմ միայն այն, որ Ստեփանավանի փեսա է՝ նախկին դատավորի փեսան։

Այնուհետեւ Սերժ Ջիլավյանը շարունակեց, թե իր գլխավորած «Հայկական ասամբլեա» կոչվող կազմակերպությունը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, մինչեւ այն պահը, երբ «հայկական կառավարությունը մեզ համարեց թշնամի եւ դրանից հետո աշխատանքները դադարեցվեցին եւ մենք չկարողացանք սեփական խոստումները կատարել, որովհետեւ երկու պետության դեմ պայքարելը շատ դժվար է»։

-Եթե ասում եք նախկին իշխանությունները ձեզ հետապնդում էին՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։

-Կարծում էին, թե միտք ունեմ գալ Հայաստան՝ նախագահ նստելու։ Որ Սերժ Ջիլավյանը նման միտք չունի, հավաստում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով, որին ասել է՝ ուզում եմ վերահաստատել մեր կազմակերպության կապերը եւ ասամբլեայի հնարավորություններն օգտագործել Հայաստանի համար։ «Նա էլ ասաց, որ նախագահի հետ կզրուցի եւ ինձ տեղյակ կպահի»։ Սերժ Ջիլավյանի ասելով, իր գործունեության աշխարհագրությունն այսօր եւս մեծ տարածություններ է ընդգրկում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Իսպանիա, Շվեդիա, Մալազիա եւ այլն։

-Իսկ այն, որ սիրում եք լինել խաղատներում։

-«Հայկական ասամբլեայի» հաստատվելուց հետո որեւէ խաղատնում որեւէ անգամ չեմ եղել։

-Բա ասում են, որ բանտից դուրս գալուց հետո Մոսկվայի հայ գործարար շրջանակները ձեզ համար շուրջ կես միլիոն դոլար են հավաքել, որպեսզի ոտքի կանգնեք։ Իսկ դուք դա մեկ գիշերում տանուլ եք տվել խաղատանը։

-Սուտ է։ Ոչ մի հայ ինձ օգուտ չի տվել եւ ոչնչով չի օգնել։

-Ժամանակին ասում էիք, որ Մոսկվայի ամբողջ աղբամշակումն էլ պետք է հայերի ձեռքն անցնի։ Ինչի՞ չեղավ։

-Մենք միշտ ազգային նպատակներ ենք հետապնդել, սակայն, բանտարկվելուս պատճառով, այդ բոլոր գործերը կիսատ մնացին։

Այն էլ ասեմ, որ թեպետ Սերժ Ջիլավյանը պահպանել է ռուսական իշխանի իր տիտղոսը եւ մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար, սակայն հիմա չունի որեւէ օֆիս, որի միջոցով գործունեություն ծավալի։ Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչպես են կապերը Մալազիա հասնում։

Սվոի Ռաֆի հետ իր կապերի մասին էլ Սերժ Ջիլավյանն ասաց. «Դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանում գրեթե սով էր։ Նա եզակի անձնավորություն էր, որը մեծ օգնություն է ուղարկել Հայաստան՝ սկսած հացահատիկից, մակարոնից եւ այլն։ Եվ այդ սննդի մի մասն ուղարկվել է «Գոհար» սննդի կոնցեռնի միջոցով», որի ղեկավարն էր Սերժ Ջիլավյանը։

Վազգեն Սարգսյանի գործունեության մասին մոսկվահայ գործարարը որեւէ հստակ բան չասաց։ Չգիտե նրա գործը եւ չի կարող խոսել ակնկալիքների մասին։ Կարեն Դեմիրճյանից էլ մեծ սպասելիքներ չունի Սերժ Ջիլավյանը եւ կարծում է, որ նրա ղեկավարած շարժման հեռանկարները մեծ չեն։ Իսկ Ռուսաստանում էլ անվերապահորեն ընդունում է բացառապես Պրիմակովին՝ եւ իբրեւ նախագահացու, եւ իբրեւ պատգամավորացու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031