Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՏԼԵՐԻՆ

Հուլիս 13,1999 00:00
Armen Ter-Sahakyan

Մեր կանխատեսումները երեկվա նիստը վերսկսելու ժամկետների վերաբերյալ ի չիք դարձան. ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը ներկայացել էր դատարան եւ փաստորեն, հրաժարվել… վիրահատությունից։

Արմեն Տեր-Սահակյանի եւ ութ ամբաստանյալների վարքում որեւէ փոփոխություն չէր նկատվում։ Ամբաստանյալ Տեր-Սահակյանի ձեռքում ինչ-որ նկար էր, որն աջուձախ ճոճելով՝ նա դատավորից պահանջում էր. «Իրան բերեք, էլի»։

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ էլ նկատեց, թե՝ «Ի՞նչ մեղադրանք։ Հիտլերն էտ ա փախավ, էլի»։

– Գլխացավ ունե՞ք,- չգիտես ինչու հարցրեց նախագահող դատավոր Գ. Պողոսյանն ամբաստանյալին։

– Լիքը, լիքը, լիքը,- հետեւեց պատասխանը։

Տեր-Սահակյանը չճանաչեց անգամ իր փաստաբան Սաֆար Խաչատրյանին. «Ո՞վ է, ի՞նչ գործ ունես վաբշե», բայց եւ «պատասխանեց» նրա մի հարցին. «Ի՞նչ էին խոստացել քեզ, որ պիտի կատարեիր»։ Արմեն Տեր-Սահակյանը պատասխանեց.

– Հիտլերին պիտի գտնեին…

Այս կարգի հարցուպատասխանները կարող էին երկար շարունակվել, եթե միջնորդությամբ հանդես չգար Արմենի երկրորդ փաստաբանը՝ Անժելա Կարապետյանը։ Նա ասաց, որ իր պաշտպանյալի հետ է հանդիպել հուլիսի 2-ին եւ, որ նախապատրաստվում էին իրենք հուլիսի 6-ի դատական նիստին։ Սակայն ըստ Ա. Կարապետյանի, իրեն անհասկանալի պատճառներով, տեսակցությունն ընդհատվել է, որովհետեւ քննչական մեկուսարանի պետ Խոդկարյանն է մտել ներս։ Նա այդ գրառումները վերցրել է (Արմեն Տեր-Սահակյանի ցուցմունքները) եւ առաջարկել են դատապաշտպանին՝ սպասել, «արգելելով դուրս գալ այլ սենյակ»։ Եկել է Արթուր անունով մի իրավաբան, որին, ըստ փաստաբանի, ինքը գիտեր, որպես քննչական օպերատիվ խմբի աշխատակից եւ որն էլ բացատրել է Ա. Կարապետյանին, որ Ա. Տեր-Սահակյանն իրավունք չուներ այդ գրառումները տալ։ Փաստաբանն ասաց, որ մեկ ժամ 20 րոպե ինքն ապօրինի պահվել է ԱԱՆ քննչական մեկուսարանում եւ որ իրենից էլ առգրավվել են նախապատրաստական նյութերը։ Ա. Կարապետյանն ասաց, որ դրանով իսկ խախտվել է իր պաշտպանյալին իրավաբանական օգնություն ցույց տալու իրավունքը։ Ի դեպ, նա հրապարակեց Արմենի գրավոր ստորագրված ցուցմունքը, որը հրապարակեց Սաֆար Խաչատրյանը։

Արմեն Տեր-Սահակյանը հայտնում էր, որ «1998 թ. հունվարի 28-ին ձերբակալվել եմ եւ տեղափոխվել ՀՀ ԱԱՆ քննչական մեկուսարան, մինչեւ 1999 թ. փետրվարի 2-ը բազմիցս ՀՀ դատախազության քննիչների կողմից առաջարկություններ եմ ստացել՝ իրենց անհրաժեշտ, իրենց թելադրանքով ցուցմունքներ տալ, դրա փոխարեն ինձ առաջարկել են խոշոր չափի գումար, «Ջիպ» ավտոմեքենա, պլաստիկ վիրահատություն եւ բնակարան՝ արտասահմանում, ուր պետք է մեկնեի ընտանիքիս անդամների հետ»։

Այնուհետեւ ամբաստանյալ Տեր-Սահակյանը հայտնում է, որ դատախազության քննիչ Նաիրի Մարգարյանին հերթական քննության ժամանակ ինքն ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, որ «իրենց թելադրած ցուցմունքը չեմ կարող տալ» եւ առաջարկում է իրեն օղի տալ։ «Ի զարմանս ինձ, հաջորդ քննության ժամանակ, որը վարում էր Աղվան Հովսեփյանը, ինձ հյուրասիրեց օղիով, որից հետո իմ մոտ անտանելի քոր առաջացավ, եւ աչքիս տեսիլներ սկսեցին երեւալ»։ Ի դեպ, ինքը դիմել է բուժօգնության եւ ստացել է այն։

«Այն, ինչ կատարվել է ինձ հետ 1999 թ. փետրվարի 2-6-ը, չեմ ուզում նկարագրել…»,- գրված էր նրա գրավոր ցուցմունքում։

Ա. Տեր-Սահակյանը գրում էր նաեւ, որ 1999 թ. փետրվարի 2-ին իրեն տարել են թիվ 1 քննչական մեկուսարանի ադմինիստրացիայի շենք, քննիչ «Անդրանիկ Միրզոյանը նախապես ինձ օղի հյուրասիրելով, իմ առջեւ դրեց բազմաթիվ թերթեր, ուր կային հայտարարություններ, որ Վանո Սիրադեղյանը հանրապետությունից դուրս է մեկնել, դրանից հետո, Ա. Միրզոյանը առաջարկեց իր թելադրանքով ցուցմունք տալ, պատճառաբանելով, որ Վանո Սիրադեղյանը երբեք չի վերադառնալու Հայաստան, եւ որ իմ ցուցմունքները նրան որեւէ վնաս չի պատճառի, հակառակ դեպքում՝ իմ ընտանիքին, երեխաներին վատ բաներ են սպասվում, ինձնից էլ ցուցմունքներ կորզելուց հետո, իբրեւ ես ինքնասպան կլինեմ»։

Նա հայտնել էր, թե այդպիսի պայմաններում են կորզվել իր ցուցմունքները։ Եվ, վերջապես. «Ես եւ իմ դատապաշտպան Ս. Խաչատրյանը բազմիցս դիմել ենք ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար, սակայն մերժել են, մինչեւ օրս ինձ հետապնդում են վախի զգացումը եւ տեսիլքները»։ Այս գրությունը, որը հրապարակվում էր դատարանում, ավարտվում էր սրտաճմլիկ մի նախադասությամբ. «Բուժեք ինձ, հետո՝ դատեք…»։

Նախագահող դատավոր Գ. Պողոսյանը նախ հարցրեց, թե Ա. Տեր Սահակյա՞նն է գրել վերոշարադրյալը, ապա հենց այնպես դաղեց.- Հիտլերի մասին խոսք չկար…

Ամբաստանյալը հրաժարվում էր լրացուցիչ պարզաբանումներ տալ մեղադրող կողմին, ասելով.

– Ինքն ա պապուս սպանել,- ինչին հետեւեց կանացի մի ձայն դահլիճից…՝ «… քյալլեն»։ Դատավորը պահանջեց իրական ձայնի տիրոջը։ Ներկայացավ մի կին, որը հայտարարեց.

– Ընդհանուրի տեղ ես եմ կանգնում։ Եվ մի քանի քաղցր-հայհոյախառն արտահայտություններ ուղղելով Տեր-Սահակյանին՝ լքեց դահլիճը։ Ծանր տպավորության տակից դեռ դուրս չէինք եկել, հիմա էլ բռնեց ամբաստանյալի «զուգարան եմ ուզում, զուգարան եմ ուզում» կանչը։ Մի կերպ նրան դուրս տարան։

Կարճատեւ ընդմիջումից հետո հրապարակվեցին Ա. Տեր-Սահակյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ ասվել էր, թե նա երբ է ձեւավորել իր 13 հոգանոց խումբը, սպանություններից մեկի համար էլ՝ մասնավորապես՝ Հովհաննես Սուքիասյանի, նշել էր նա նախագահի խորհրդական Սամվել Գեւորգյանի անունը։ Ի դեպ, ցուցմունքներն ամբողջությամբ լսելուց հետո՝ զարմանալիորեն լուռ մնացած Արմեն Տեր-Սահակյանին այլ բան չէր մնում հայտարարելու, քան՝ «դատախազությունը բոբո է, շառ է»։

Դարձյալ հիշեցնեմ, որ սույն գործով մեղադրվում են 9 ամբաստանյալ։ Գործով տուժողներ են ճանաչվել 33-ը, տուժողի ներկայացուցիչներ էին երկուսը։ 204 վկաներից թիվ 1 վկան ԱԱՆ քննչական մեկուսարանի կալանավոր Վահան Հարությունյանն է, 2-րդ վկան է՝ Թաթուլ Սաֆարյանը, ի դեպ, նաեւ՝ Սամվել Գեւորգյանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել