Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսազանգային խաղեր

Հուլիս 13,1999 00:00
maqsaket

Մեր խմբագրություն զանգահարած մաքսավորների բողոքների հիման վրա «Առավոտը» երկու անգամ անդրադարձել էր Արարատյան տարածաշրջանային մաքսատանն առնչվող խնդիրներին։ Պարզաբանումների համար դիմեցինք նաեւ մաքսատան պետին՝ Ռոմա Սարգսյանին։

Նշենք, որ մեր ստացած թռուցիկ տպավորությամբ պրն Սարգսյանը բավական զուսպ եւ կիրթ մարդ է, չնայած նրա աշխատակիցները բողոքել էին, որ նա իրենց հետ հարգանքով չի վարվում։ Ինչեւէ, սա խնդրի բավական սուբյեկտիվ կողմն է։ Անդրադառնանք առավել առարկայական մեղադրանքներին։

Վկայակոչված առաջին փաստարկն էր, թե աշխատակիցներն արդեն 3 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ «Կարող եմ ասել, որ այդ տվյալները հավաստի չեն։ Արարատյան տարածաշրջանային մաքսատան աշխատակիցներ չեն ստացել միայն հունիսի աշխատավարձը, որը կստանան առաջիկա օրերին»,- ասաց Ռոմա Սարգսյանը։ Հետաքրքրվեցինք նաեւ հետաձգման պատճառներով. «Ինձ թվում է, դա հետաձգում չէ։ Վերջին ամսվա աշխատավարձը պիտի մեզ փոխանցեն՝ սպասում ենք»։

Աշխատավարձերին առնչվող մեր առաջին լուրի հրապարակումից հետո («Նրա դեմ խաղ չկա», 6-ը հուլիսի), մաքսատան նոր աշխատակիցները «Առավոտ» զանգահարեցին՝ այս անգամ իրենց պետին մեղադրելով, որ միայն ղարաբաղցիների է վստահում բաժինների ղեկավարումը, տրվել էին նաեւ անուններ («Նրա դեմ իրո՛ք խաղ չկա», 9-ը հուլիսի)։ Ռոմա Սարգսյանը չվիճարկեց նշված 3 անձանց հերթափոխի եւ բաժինների պետեր լինելու իրողությունն, այլ միայն ասաց. «Ի լուր ասեմ, որ ծնունդով ղարաբաղցի լինելով՝ արդեն շուրջ 28 տարի ապրում եմ Երեւանում։ Երբեք որեւէ մեկին հանելու եւ ղարաբաղցի նշանակելու ցանկություն չեմ ունեցել։ Նշեմ նաեւ, որ թվարկված բոլոր անձինք մինչեւ ինձ էին արդեն աշխատում։ Իմ օրոք նշանակվել են բաժանմունքի երկու պետեր, որոնք ծնունդով երեւանցիներ են»։

Ռոմա Սարգսյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել, թե ուրեմն ինչո՞ւ են իր աշխատակիցներն «Առավոտ» փոխանցել այս ոչ այնքան ստույգ տեղեկությունները եւ կամ, ովքե՞ր են շահագրգռված նրա վարկաբեկմամբ. «Երբեք հետախուզությամբ չեմ զբաղվել եւ նման նպատակ չունեմ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031