Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարազատ եղբորը չի ների»

Հուլիս 13,1999 00:00
Suren abrahamyan

Աջափնյակ համայնքում հուլիսի 11-ին տեղի ունեցածի մասին տեղեկություն տալու նպատակով ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի։ Նախարարությունը դեպքերի կապակցությամբ կազմել է հատուկ հայտարարության տեքստ։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ գրանցվել են քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության, բռնության, հրազենի գործադրման դեպքեր, ոտնահարվել է քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը։ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն իր խոսքում մասնավորապես ասաց, որ եթե նախկինում ՆԳ նախարարությունն «առավել ակտիվ էր մասնակցում ընտրություններին, այլ պիտակներ էին կպցնում, դրա համար մի քիչ ծայրահեղության մեջ ընկանք»։ Հետո պարոն Աբրահամյանն ասաց, թե այլեւս նման բան չի անի եւ ընտրությունների օրերին ինքը ոչ մի տեղ չի գնա։

Քանի որ մենք անձամբ ենք ականատես եղել Աջափնյակ համայնքում տեղի ունեցածին, մեջբերենք մի քանի մանրամասներ ՆԳ նախարարության հայտարարությունից. «Ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացվել թիվ 01006 ընտրական տեղամասից, մի խումբ անձինք, ոմն Գեւորիկի գլխավորությամբ ծեծի են ենթարկել քաղաքացիներ Սամվել Խաչատրյանին եւ Հրաչիկ Թովմասյանին, ապա դիմել են փախուստի։ Պարզվել է, որ Գեւորիկը «Հրազդան» մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակից Գեւորիկ Թորանյանն է»։ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները զենք կրելու իրավունք չունեն։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որտե՞ղ է հիմա Աշոտ Աղաբաբյանը եւ հարցաքննվե՞լ է նա արդյոք, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Նա հիվանդանոցում է»։ «Ինչո՞ւ է հիվանդանոցում» հարցին պարոն նախարարը պատասխանեց. «Նա պարբերաբար միշտ հիվանդանոցում է լինում։ Համոզված եղեք, որ բոլորն էլ կհարցաքննվեն»։

«Առավոտի» այն հարցին, որ հուլիսի 11-ին չափազանց շատ էր շահարկվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը, արդյոք, վարչապետը տեղյա՞կ է եւ ի՞նչ կարծիքի է՝ հարցերին պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած ցավ եմ ապրում։ Երեկ էլ ես լսեցի, բոլորը հարցնում էին, նույնիսկ երկու կին ինձ մոտեցան եւ էսօրվա պաշտոնս մոռացած. «Պարոն քաղաքապետ, մենակ մի բան ենք ուզում ճշտենք, վարչապետը կուրսի մե՞ջ է, թե՞ չէ»։ Ես ձեզ հավատացնում եմ, ես անձամբ վարչապետին ճանաչելով ասում եմ. հարազատ եղբորը այս պարագաներում չի ների։ (…) Երբեմն Վազգեն Սարգսյանի անունը այնտեղ շահարկվում էր։ Ես ձեզ հավատացնում եմ, որ ամբողջ ինֆորմացիան ոնց ձեզ ասացի, դեռ ավելի խորությամբ, վարչապետին եմ զեկուցել։ Ես հավատացնում եմ, նա տեղյակ չի եղել»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Առայժմ աշխատանքից ազատվել է Մաշտոցի ՆԳ բաժնի պետը, իսկ մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ կատարվում են ծառայողական քննություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031