Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Հուլիս 13,1999 00:00
krakoc

Դեպի թաղապետի աթոռը՝ կրակոցներով

Հունիսի 24-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ասաց. «Տարածված կարծիք կա, թե իմ համախոհների, ընկերների եւ զինակիցների շրջանակը շատ մեծ է, նրանց մի մասը տնտեսական ոլորտի մեջ է եւ ինձ համար դժվար կլինի նրանց դեմ պայքարել։ Խնդրում եմ խոսքս ուղիղ հասկացեք, պետք է սկսել հենց նրանցից, եթե նրանք իրենց ճիշտ չեն պահում։ Ես եմ պատասխանատուն՝ սկսեք հենց նրանցից։ Անկախ դիրքից, դեմքից, կուսակցությունից, նրանց նախկին արած-չարածներից։ (…) Իրենք համաձայն են խաղի այս կանոններին»։

Վարչապետի այս խոսքերի մեկամսյակը դեռ չէր լրացել, երբ Երեւանի Աջափնյակ թաղամասում սկսվեցին թաղապետի ընտրությունները։

Հուլիսի 11-ը խիստ լարված օր էր համայնքի բնակչության համար։ Այստեղ իսպառ մոռացել էին օրվա իսկական խորհրդի՝ վարդեւառի տոնի մասին, քանի որ ջրի փոխարեն թաղամասն արյան մեջ էր։

Մինչ 0026/2 եւ 0025 ընտրական տեղամասերում հանդարտ վիճակ էր, այլ տեղամասերում արդեն կրքերը շիկացած էին։ Ժամը 13.30-ին լուր տարածվեց, թե 94 դպրոցում տեղավորված 0007/01 տեղամասում կրակում են։ Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը գիշերը վատ էր զգացել (ոմանք սա կապում էին ընտրությունների լարվածության հետ) եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նրան փոխարինող տեղակալ Ասյա Զաքարյանը բառացիորեն դողում էր եւ դժվարությամբ էր մտքերը շարադրում։ Նրա փոխարեն հանձնաժողովի մի քանի անդամներ մանրամասն պատմեցին, թե ինչ է պատահել. «Եկան կանաչ «ջիպով», կարճ կաշվե բաճկոններով, հարցրին. «Հո ձեզ բան ասող չկա՞»։ Մի ութ հոգի կլինեին, Արծրունի վստահված անձանց ծեծեցին ու սկսեցին կրակել, վիրավորվեց Ժիրայր Խաչատրյանը եւ տեղափոխվեց հիվանդանոց»։ Մենք դեպքի վայր հասանք, երբ ՆԳ մարմինների աշխատակիցներն արդեն տեղում էին, տեղանքի չափուձեւ էին անում։ Արյունը լճացել էր դպրոցի հատակին։ Այս տեղամասում հրմշտոցի եւ ծեծի հետեւանքով թեթեւակի վիրավորվել էին բազմաթիվ ընտրողներ եւ մի հղի կին։ Նրա ամուսինը սպառնում էր, որ եթե իր երեխային մի բան պատահի, ինքն Աշոտի արյունը կխմի։

Ժամը 14.30-ի սահմաններում լուր տարածվեց, որ հարձակում է եղել Արծրուն Խաչատրյանի նախընտրական շտաբի վրա։ Դեպքի վայր հասանք այն պահին, երբ թաղապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը, վերնաշապիկի աջ կողմը արյունոտ, ինքը՝ «Ջերմուկի» շշից ջուրը գլխին լցնելով, մի քանիսի ուղեկցությամբ իջնում էր դեպի փողոց։ «Պարոն Աղաբաբյան, ի՞նչ է կատարվում»,- «Առավոտի» այս հարցին նա պատասխանեց. «Հրավիրեցին ներս, ղալմաղալ սկսվեց, ամոթանք տվեցինք, դուրս եկանք»։ Աշոտ Աղաբաբյանն իմ հարցին պատասխանեց եւ անցավ, իսկ Թալինի միլպետը կոտրեց իմ աշխատանքային զենքը՝ գրիչը եւ շպրտեց։ Չէր բացառվում, որ պարոն միլպետն այլ գործողությունների եւս կդիմեր, եթե նրան ուղեկցողը չհանգստացներ նրան։ Մեղքս այն էր, որ համարձակվել էի հարցնել. «Դուք ինչո՞ւ եք Թալինը թողել, հասել այստեղ, ո՞ւմ օգտին եք եկել, Աշոտ Աղաբաբյանի՞»։ Երեւի հարցիս մեջ մի բան կար, որ միլպետը հիշեց, թե ժամանակին իրենց մասին վատ բան եմ գրել։

Իսկ շտաբում ամեն ինչ իրար էր խառնված, սեղան-աթոռ կոտրված, նախկին թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Պարույր Կարապետյանը՝ միայն անդրավարտիքով էր։ Հավանաբար, վերնաշապիկը պատառոտված էր կամ արյունոտ, քանի որ մի քանի րոպե անց նրա համար մի նոր վերնաշապիկ բերեցին (երկնագույն)։ Պարոն Կարապետյանը չխոսեց, իսկ շտաբի ներկայացուցիչը պատմեց, թե «Աշոտն իր մարդկանցով մտավ, ահաբեկեց, ծեծ ու ջարդ սկսեց ու գնաց»։

Ամենուրեք ժողովուրդը դժգոհում էր Աշոտ Աղաբաբյանից, ասում էին, թե նա կրակել է բոլոր ընտրությունների ժամանակ. «Ֆաշիզմը եկել է Աջափնյակ, բայց մենք, ապարանցիներս, չենք թողնի, որ նա հաղթի»։ Աջափնյակցիք դժգոհ էին, որ Աշոտ Աղաբաբյանի մարդիկ խոսում էին Վազգեն Սարգսյանի անունից։ Հանձնաժողովների անդամների վկայությամբ (անունները խմբագրությունն ունի) նրանք մտնում էին ընտրատարածք եւ հայտարարում. «Վազգենը ասել է, որ Աշոտը պտի անցնի, ու Աշոտը պտի անցնի»։

Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբում մեր հարցերին պատասխանեց շտաբի քարոչության պետ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Ի դեպ, պարոն Սահակյանը եւ Աղաբաբյանը կոմունիստների օրոք կենտկոմի աշխատողներ են եղել, տարբեր կարգավիճակներով։ Սա, իհարկե, գործի հետ կապ չունի, պարզապես նշեցինք ի գիտություն։ Եվ այսպես, պարոն Սահակյանը խիստ հակակշռված փորձեց «Հայլուր» ծրագրին, «Արմենպրեսին» եւ «Առավոտին» շատ մանրամասն բացատրել, որ «կշիռների» տեսությունը, եւ այն, որ «մենք չկարողացանք նրանց հասկացնել, թե թաղապետի պաշտոնը հացի խնդիր չէ, հաց տալու խնդիր է»։ Ասվեց նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը ցեղակրոն է եւ «այս մարդկանց հետ չի կարելի թույլի կարգավիճակով վերաբերվել, նրանք ուժեղ են, մահապարտ են»։ Ամենահետաքրքիրն այն էր, որ պարոն Սահակյանի կարծիքով, տեղամասերում ընտրությունները նորմալ են ընթանում։ Դե, եթե կրակահերթով, արյունով եւ վիրավորներով կարելի է նորմալ ընտրություն անցկացնել, ապա մենք ոչինչ չենք հասկանում։ Կշիռների հարց է։

Հանրապետական հիվանդանոցում անձամբ զրուցեցինք բոլոր վիրավորների հետ. ժամը 17-ի սահմաններում հիվանդանոցում ընտրությունների հետեւանքով վիրավորվել էր 6 մարդ։ Ավելի ուշ ՆԳ նախարարը կասի, որ վիրավորներն ու տուժածները բացառապես Արծրուն Խաչատրյանի համախոհներն են։

Ժամը 16-ի սահմաններում բոլոր տեղամասերից Արծրուն Խաչատրյանը ետ էր կանչում իր վստահված անձանց. «Մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, նրանց ապահովության համար ես բոլորին ետ եմ կանչում»։ Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը ժամը 19.00-ին պաշտոնապես դադարեցրեց եւ անվավեր ճանաչեց ընտրությունները։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031