Կիրակի, հուլիսի 11-ին, Աջափնյակի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում բռնության եւ անկարգությունների գրանցված դեպքերը վարչապետ Վազգեն Սարգսյանը համարում է ամոթալի եւ վտանգավոր երկրում իրականացվող ռեֆորմների համար։ Քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքի ոտնահարումը մի խումբ անպատասխանատու անձանց կողմից հարված է հասցնում երկրի, նորաստեղծ կառավարության եւ վարչապետի վարկանիշին, քանի որ Վազգեն Սարգսյանն ԱԺ-ում արտասանած ելույթում հայտարարել էր ընտրությունների օրինականության ապահովման կառավարության պատասխանատվության մասին։ Ներքին գործերի նախարարությանը, գլխավոր դատախազությանը հանձնարարվել է հանգամանորեն քննել եւ պարբերաբար զեկուցել գործի ընթացքի մասին։ Վարչապետը վստահ է, որ անկարգությունների մասնակիցները եւ հրահրողները խստորեն կպատժվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ կուսակցական պատկանելությունից։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՐ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿՆՈՋ ԴԵՐԸ, ԸՍՏ ԲՈՒՌՆԱՇԻ
Կարդացեք նաև
Աշոտ Աղաբաբյանն իր երեկվա ասուլիսում հայտարարեց, որ կրակոցների մասին իմացել է ֆուտբոլ խաղալիս եւ համոզմունք հայտնեց, որ արտակարգ իրավիճակի մեղավորն իր մրցակիցն է եւ երկրապահների տեղական կազմակերպությունը՝ նախագահի գլխավորությամբ։ Ըստ պրն Աղաբաբյանի, նրանք իրենց շուրջն են հավաքել մի քանի երկրապահի եւ նրանց անվան տակ «կրիշ» է հանդիսացել շրջանում շատ-շատ մարդկանց համար։ Պատմելով միջադեպերից մեկի մասին, երբ կանայք հարձակվել են իր կողմնակիցների վրա, Բուռնաշը նշեց. «Պարույր Կարապետյան, Արծրուն Խաչատրյան, Արայիկ Գեւորգյան (կլիչկեն Մոս), չէի պատկերացնում, թե նրանք չգիտեն, թե կինն ինչի համար է։ Որպես տղամարդ նրանք գիտե՞ն, թե կինն ինչի համար է»։ Պրն Աղաբաբյանի կարծիքով, այս կրակոցները ոչ թե ընտրությունների համար էին, այլ պարզապես հին հաշիվները մաքրելու։
A1+
ՀՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Հուլիսի 11-ին Երեւանի մի քանի համայնքներում թաղապետերի արտահերթ ընտրությունների ժամանակ որոշ տեղամասերում տեղի են ունեցել բախումներ, եղել են տուժողներ, այդ թվում նաեւ հրազենից: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում է ընտրությունների կանոնավոր ընթացքի խաթարումը, հրազենի գործադրումը, բախումների հրահրումն ու ծեծկռտուքի կազմակերպումը: «Այդ ամենի մեղավորները,- ասված է հայտարարության մեջ,-պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կատարվածը լուրջ հարված է մեր երկրի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում սկսված առողջացման գործընթացին եւ խիստ ահազանգ՝ աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ»:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Արդյո՞ք սույն հայտարարությունը նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է հանձնել իր բազմամյա «սպոնսոր» Աշոտ Աղաբաբյանին:
«ՁԱՅՆ» ՏՈՒՐ, ՈՎ ՇԻՐԱԿ
ԱԺ-ի երկու թափուր տեղերն այլեւս թափուր չեն լինի։ Թիվ 63 ընտրատարածքում նախնական տվյալներով, ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Բալասանյանը, որն իր ամենամոտ մրցակցից 370 ձայն ավել է ստացել։ Թիվ 56 ընտրատարածքում Արամ Հարությունյանը 1500 ձայնով առաջ է անցել Աղասի Սիմոնյանից։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր։