Եղվարդի ընտրական չորս տեղամասերում հուլիսի 11-ին թիվ 56 ընտրատարածքի ընտրություններն էին։ Քվեաթերթիկում յոթ թեկնածուի անուն կար, բայց իրականում պայքարում էին երկուսը՝ Աղասի Սիմոնյանը եւ Արամ Հարությունյանը։ Եղվարդում ում խոսեցնում էինք, Ա. Հարությունյանի անունն էին տալիս իբրեւ իրենց ընտրյալի, սակայն ասում էին, որ մյուս տեղամասերում, ասենք, Զովունի գյուղում, Ա. Սիմոնյանն ավելի «ուժեղ» է։
Թիվ 53 ընտրական տեղամաս մտանք թե չէ, ընտրական հանձնաժողովի նախագահ Նորիկ Ղուկասյանը ինչպես եւ կարգն է, մամուլի ներկայացուցչի վկայականը պահանջեց։ Ժամը 14.00-ի դրությամբ այս տեղամասի 2111 ընտրողներից իրենց քաղաքացիական (կամ համագյուղացիական) պարտքը կատարել էին 1030-ը։ Միակ պրոբլեմը, ըստ հանձնաժողովի նախագահի, ընտրական ցուցակներում առկա թերություններն ու բացթողումներն են։ Որպես մայիսի 30-ի արժանի «ժառանգորդ», այս ընտրությունների ցուցակներն էլ մարդկանց «ուղարկում էին» դատարան, որի վճռով էլ վերականգնվում էր նրանց ընտրական իրավունքը։ Ժամը 14.00-ի մոտերքն էր, որ տեղամաս այցելեցին ԿԸՀ մի քանի անդամներ։ Նրանք մայիսի 29-ի ԿԸՀ որոշումն էին բերել, որով ցուցակում եղած անճշտությունները շտկելու, տառասխալների հարցերը լուծելու իրավունքը տրվում է տեղամասային հանձնաժողովներին։ Այդ պահից սկսած այդպես էլ արվեց, սակայն այդպես էլ գաղտնիք մնաց, թե մայիսի 29-ի որոշումն ինչու է այդքան ուշ հասնում մայրաքաղաքի «քթի տակ» տեղակայված տեղամաս։
Մինչ հանձնաժողովի կոմունիստ նախագահը, որը շոյված էր կոմունիստական կարգապահությունը գնահատած ամերիկացի դիտորդի հաճոյախոսությունից, ժխտում էր որեւէ թեկուզ փոքր, խախտման գոյություն, Աղասի Սիմոնյանի վստահված անձ Միքայել Սարգսյանն ասաց, որ մի երկուսը ինքը նկատել է։ Ցուցակների մոտ ինչ-որ մարդիկ ընտրողներին «կողմնորոշել են», եւ պրն Սարգսյանը համոզված էր, որ դա արվել է եղվարդցի Արամ Հարությունյանի օգտին։ Մի երկու անգամ էլ ընտրողները երկու հոգով են քվեախցիկ մտել։ Պրն Ղուկասյանի պարզաբանմամբ, ցուցակների մոտ մարդիկ գրում էին այն ընտրողների անունները, որոնք դուրս են մնացել ցուցակներից։ Իսկ «զույգ-զույգ» քվեարկել են այն ընտրողները, որոնք դա միայնակ անել չէին կարող։ Մնացած ամեն ինչից պրն Սարգսյանը գոհ էր։ Մայիսի 30-ի հետ համեմատած, հանձնաժողովի անդամների կարծիքով, անճշտությունները ցուցակում բավական քչացել են։ Թիվ 54 ընտրական տեղամասում ամենահետաքրքիրը հանձնաժողովի անդամներից մեկի գլխավերեւում «Կնիքող» ցուցանակն էր եւ հանձնաժողովի անդամներից երկուսի միջեւ մի թեթեւ «խոսք ու զրույցը», որը դադարեցվեց հանձնաժողովի նախագահ Սիմոն Սիմոնյանի միջամտությամբ։ Նա նաեւ հանձնաժողովի անդամներին իրենց պարտականություններն էր բացատրում։ Այս տեղամասում քվեարկեցին նաեւ Եղվարդում տեղակայված զորամասի զինծառայողները։ Այստեղ ժամը 15.00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 50 տոկոսից ավելին։ Ամերիկացի դիտորդներն այստեղ էլ էին եղել իրենց առաքելությամբ։ Նրանց անձը եւ ներկայացրած կազմակերպությունը պարզել մեզ չհաջողվեց նաեւ թիվ 52 ընտրամասում, որտեղ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը մեր «USIS-ի՞ց էին» հարցին հարմար պատասխան գտավ. «Հա՛, հա՛, հյուսիսային»։
Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, դարձյալ՝ կոմունիստ, Համլետ Խաչատրյանը հայտնեց, որ ԿԸՀ-ի վերոնշյալ որոշման մասին ինքը վաղուց է տեղյալ եղել՝ իր իսկ նախաձեռնությամբ։ Խնդրել է մարզային հանձնաժողովի նախագահից, ուղարկել են։
Կարդացեք նաև
Եղվարդի ամենամեծ՝ թիվ 55 ընտրամասում 2759 ընտրողներից 1480-ը ժամը 4-ի դրությամբ արդեն քվեարկել էին։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ առավոտյան ընտրողների կուտակումներ են եղել, բայց դրանք չեն խանգարել ընտրություններին։ Այս պատճառով էր, թե՞ «անպատճառ»՝ այս տեղամասում չափից շատ էին ոստիկանները (իրենք ասացին, կարգուկանոն են ապահովում). է՛լ մուտքի մոտ, է՛լ ընտրասենյակում, է՛լ … չէ՛, քվեախցիկներում չկային։ Այստեղ մի կին եկել էր քվեարկելու եւ ցուցակում իր անունը գտել էր օրիորդական ազգանվան կողքին։ Մինչ այդ հարցը պարզաբաներ-գար, ինչ-որ մեկը արդեն ստորագրել էր նրա անվան դիմաց, եւ ենթադրում ենք, որ նաեւ «քվեարկել» էր նրա փոխարեն։ Աղմուկ-բան չեղավ. նրան քվեարկելու իրավունք տրվեց։ Իսկ ընտրական հանձնաժողովի նախագահ Արամայիս Ղուկասյանն այդ միջադեպին շատ անմեղ բացատրություն տվեց. այդ անուն-ազգանունով մի ուրիշն է եկել եւ քվեարկել։ «Իսկ այդ ուրիշի անուն-ազգանունը որտե՞ղ է գրված» մեր հարցը մնաց օդում։ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Յուրի Բաղդասարյանը ձայնագրվելուց համառորեն հրաժարվելով հայտնեց, որ 16.30-ի դրությամբ 61 քաղաքացիական գործով 66 քաղաքացիների տրվել է ընտրելու իրավունք։ Մեր ներկայությամբ դատարան էր դիմել մի քաղաքացի, որին հանդիպել էինք թիվ 52 ընտրատարածքում։ Իսկ ընդհանրապես, նրա կարծիքով, այս ցուցակներում մայիսի 30-ի հետ համեմատած անճշտությունները պակասել էին։
Բայց դե, դրանք էլ պակասում- պակասում ու չեն վերանում։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ