ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը ձերբակալված է եւ գտնվում է քննչական մեկուսարանում։ Երեկ լրացավ նրան նախնական կալանքի տակ պահելու 72 ժամը։ Ըստ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի, Ժիրայր Պողոսյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու ապօրինի զենք կրելու համար։ Որեւէ խոսք չկա «ժուչոկի» կամ փոքրիշատե ավելի լուրջ եւ ոչ ծիծաղելի մեղադրանքների մասին, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այդպիսիք էլ ներկայացվեն։
ԿԱՄԱՆԴՈՒՅՈՒՇՉՈՒՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԿՈՄԱՆԴՈ՞ՍԸ
Երեկ նշանակվեցին ԼՂՀ կառավարության թափուր մնացած 4 պաշտոններից եւս 2-ի տերերը եւ տակավին անորոշ է մնում առանցքային՝ պաշտպանության նախարարի հարցը։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Սամվել Բաբայանը պահպանելու է բանակի հրամանատարի պաշտոնը։ Սակայն Ստեփանակերտում խոսում են, թե Արկադի Ղուկասյանը կարող է հրամանագիր ստորագրել Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոսին) պաշտպանության նախարար նշանակելու մասին։ Մանավանդ որ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն էլ հաղորդել է, թե ենթադրվում է, որ այդ պաշտոնը մեկ այլ անձ է ստանձնելու։ Շրջանառության մեջ մի անհավանական վարկած էլ կա, թե չի բացառվում, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ընդհանրապես լուծարվի։
Կարդացեք նաև
ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ
ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ վերջապես կփոխվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը։ Ռուբեն Շուգարյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Հունաստանում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ կդառնա ոչ թե Հմայակ Հովհաննիսյանը, այլ՝ Սուրեն Սահակյանը, որն անցյալում մի փուլ ղեկավարել է հարկային տեսչությունը։