Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐԻՆԱԾ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 10,1999 00:00
yerevan

Երկու տարի առաջ Մոսկվայի դատական հոգեբուժության ինստիտուտում օրդինատուրա ընդունվելիս, հրեա պրոֆեսորը նայելով փաստաթղթերս, հարցրեց.

-У вас что то изменилось?

Հարցը վերաբերում էր Երեւանին։ Սակայն այն ժամանակ ես այդպես էլ չկարողացա հասկանալ հարցի իմաստը։ Հաստատ հիշում եմ, 1997 թվականի հուլիսի 7-ի մնացած ամբողջ ժամանակը տրամադրեցի հարցի էությունը հասկանալուն. հատկապես ինչը նկատի ուներ նա։ Իրենց Մոսկվան փոխվել է ավելին, քան հնարավոր է պատկերացնել։ Իմ մեջ մի տեսակ վիրավորվածություն էլ կար հարցի ձեւակերպումից, թեեւ այդպես էլ հարցին չպատասխանեցի։ Այս երկու տարիների ընթացքում մի քանի անգամ որոշել էի զանգել նրան, բայց ամեն անգամ ինձ համար պարզ էր դառնում, որ հարցի պատասխանը չունեմ։

Երեւանում նոր բաներ կան։ Օրինակ, փողոցի մի հատվածը երեկ դատարկ էր, այսօր այն արդեն բացօթյա սրճարան է։ Կոկա-կոլայի անձրեւանոցով ամեն նոր սրճարան ինքնին նորություն է։ Ու ոչինչ, որ ցանկացած հայ մատուցողուհու մտքում մի բան կա. սուրճը շուռ տալ հաճախորդի գլխին։ Իրենց Մոսկվայում էլ կան հազարավոր սրճարաններ ու նույնքան նոր մատուցողներ։ Այնտեղ, սրանից 10 տարի առաջ նույնպես կային գեղեցիկ սրճարաններ ու մատուցողներ։ Ու տարբերությունը իրականում ոչ թե կոկա-կոլայի անձրեւանոցի, այլ մատուցողի մեջ է։ Նա է փոխվում կամ չի փոխվում, նա է որոշում՝ քաղաքը հորինած է, թե իսկական։

10 օր առաջ Տիգրան Հակոբյանը նշանակվեց կառավարության մամուլի ծառայության ղեկավար։ Երկու տարի առաջ էլ նա իշխանություններին մոտ էր կանգնած։ Մեկ տարի առաջ նա պաշտպանեց նախկին նախագահին ու հակառակվեց հայտնի ուժերին։ Ուղիղ մեկ տարի նա ընդդիմադիր էր։

Ընդհանրապես ընդդիմադիրը Երեւանում արձակուրդի պես մի բան է։ Երբ հոգնած ես լինում, մտածելու, սթափ նայելու, նոր որոշում կայացնելու հարմար վիճակ է՝ ընդդիմադիրը։ Ոչ ոք ոչ մեկին այլեւս չի գովում կամ քննադատում ընդդիմադիր լինելու համար։ Սա անհատական որոշման խնդիր է։ Մինչ կոտրված ՀՀՇ-ն հիանում էր իր ընդդիմադիր խմբագրով, նա լավ թերթ էր տպում ու զուգահեռ բանակցում պետական հաստիքի համար։ Այդ մեկ տարվա ընթացքում հայտնի ուժը նրանից չնեղացավ։ Վերջին հաշվով կռիվ տեսած մարդ է ու գիտի, որ հրաշքներ չեն լինում։

Ռուս մատուցողուհին իր շոտլանդացի կամ հարավկորեացի գործընկերոջ նման մտածում է միայն թեյավճարի մասին։ Հայը՝ ամեն ինչի, եւ միայն վերջում՝ թեյավճարի։ Ինքնասիրությունը Երեւանում կենցաղ է։ Ընդհանրապես շատ այլ գաղափարներ նույնպես այստեղ կենցաղ են։ Իսկ կենցաղը շատ դժվար է փոխվում։ Դրա համար հարյուր տարի, երկու հարյուր տարի է պետք։

Ռուբեն Հախվերդյանը Երեւանի մասին մի երգ ունի։ Հաստատ այդ երգը Երեւանում չի գրել։ Հոգնած վիճակում անհնար է այդպիսի երգ գրել։ Իսկ Երեւանում Երեւանից շուտ ես հոգնում։ Էս քաղաքում ոչինչ երբեք չի փոխվում։ Վերանորոգած շենքը էլի հինն է, հարուստ մարդը՝ նույնն է, աղքատը՝ նախկինը։ Չփոփոխվող մարդկանց քաղաքում հոգնում ես մարդկանցից էլ, քաղաքից էր։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախկինի պես խոսում է վարչապետի մակարդակով իր մեծ գործերի մասին։ Նույնը ասում էր Բագրատյանի օրոք, Արմեն Սարգսյանի, Քոչարյանի, հիմա էլ՝ Վազգեն Սարգսյանի։ Վերջին վարչապետին անկասկած տեսել է միայն հեռուստացույցով։ Բայց որ հետը խաղեր կան՝ միանշանակ է։

Մի քանի օր առաջ սրճարանում պատահաբար հանդիպեցի Վահրամ Բրուտյանին։ Ինչպես երկու տարի առաջ՝ էլի Երվանդի հետ էր ու էլի Երվանդը ինչ-որ խելոք վերլուծություններ էր անում։

10 տարի հետո էլ նույնն է լինելու։ Չնայած, որ կավելանան նոր սրճարաններ, նոր մարզադաշտ, նոր հայեր։ Էլի լինելու են մարդիկ, որ Գռզոյից փող են ուզելու թերթ կամ հեռուստահաղորդում սարքելու համար։ Ու էլի նա բոլորին խոստանալու է ու, մի քանի ամիս սպասեցնելուց հետո, մոռանալու։ Սա Երեւանի կենցաղն է՝ խոհանոցը, ննջասենյակը, աշխատասենյակը. ինչպես կուզեք։

Ես միշտ գտնում էի, որ Երեւանի ամենահետաքրքիր աղջիկը Իզան է։ Եթե չեմ սխալվում, մի անգամ նրան այդ մասին ասել եմ։ Ծանոթանալու օրվանից պարբերաբար կռվում ենք. երեք ամսով, վեց ամսով՝ կարեւոր չէ։ Ու միշտ ինչ-որ անհեթեթ առիթով հանդիպում էինք, ու մի քանի շաբաթ մոռանում վեճի մասին՝ մինչեւ նոր վեճը։ 90-ականների կեսերից այս գործը շարունակվում է։ Այս հինգ տարիների ընթացքում 20 րոպեից ավելի իրար հետ չենք խոսել։ Չէ, դա չի նշանակում, որ 20 րոպեից ավելի իրար հետ չենք եղել։ Պարզապես կամ նա չէր խոսում, կամ՝ ես։ Նույնիսկ ամենամոտ հարաբերությունների ժամանակահատվածում։

Ես միշտ մտածում էի, թե մարդիկ ինչի մասին են այդքան խոսում. վարչապետի հետ խաղերի, քաղաքական վերլուծությունների, ֆուտբոլի… չգիտեմ։ Բայց չէ որ այդ ամեն ինչը հետաքրքիր չէ, եւ, վերջապես, ՀՀ Սահմանադրության մեջ չկա հոդված, որը պարտադրում է խոսել։ Մանավանդ աղջիկների ու մանավանդ հետաքրքիր աղջիկների հետ։

Ամեն անգամ «Զվարթնոցից» ինքնաթիռ նստելիս մտածում եմ զանգել Իզային։ Դեռ ոչ մի անգամ չեմ զանգել։ Ոչ այն պատճառով, որ կռված ենք, կամ ասելու բան չունեմ։ Միշտ մտածում էի, որ զանգեմ՝ կարող է տանը չլինի։ Ինձ թվում է, որ դա ավելի վատ է, քան ընդհանրապես չզանգելը։

Ինքնաթիռում արդեն ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Երեւանից մեկնելիս հնարավոր չէ ինչ-որ բանի մասին մտածել։

Օդանավի հրամանատարի մաղթանքները լսելուց հետո հասկանում ես, որ ահավոր հոգնած ես։ Քաղաքից, մարդկանցից, սրճարաններից, փոփոխվող նախագահներից, թերթերից։ Մեկ է, էլի ամեն ինչ նույնն է մնում։ Էլի նույն ինքնասիրությամբ մատուցողուհին՝ իր թերակշռած պաղպաղակով, էլի նույն փողոցները՝ միջնադարյան պատմիչների անհասկանալի անուններով, էլի Արամ Աբրահամյանը «Առավոտ» է տպում ու էլի այն ամենակարդացվող թերթն է։

Բոլոր էմոցիաներից ամենածանրը հոգնածությունն է։ Հոգնածությունը՝ հին, անփոփոխ քաղաքից։ Իզայի հետ վերջին անգամ վիճել էինք մեկ տարի առաջ։ Սա հերթականը չէր, որովհետեւ ինձ թվում էր, թե ես էի նեղացել։ Ինքը հակառակն էր համոզում։ Չգիտեմ՝ ով էր մեզնից ճիշտ։ Բայց Նոր տարուն ինքը ինձ չզանգեց, չշնորհավորեց, ես էլ չշնորհավորեցի նրա ծնունդը։ Իսկ սա արդեն լուրջ էր, որովհետեւ այս անգամ առանց խոսելու էինք վիճել։

Երբ մեկը մյուսին ինչ-որ բան է ասում վիրավորելու միտումով, հաստատ մեջը լուրջ բան չկա։ Ծայրահեղ դեպքում կարելի է ասածը լուրջ չընդունել։

90-ականների սկզբներից պարզ դարձավ, որ Վահրամ Մարտիրոսյանը գիտի հունգարերեն։ Նա հիմա էլ գիտի այդ լեզուն ու էլի նախկինի պես առիթը բաց չի թողնում դա հիշեցնելու։ Նա իմ ճանաչած միակ հայն է, որ գիտի հունգարերեն։ Հաստատ որոշել եմ, որ գնամ Բուդապեշտ՝ Վահրամին նվեր եմ բերելու։

Այս քաղաքում նույնիսկ փոփոխություններն են անփոփոխ։ Ինչքան ինձ հիշում եմ, պոռնիկներին պարբերաբար Օրբելու անկյունից 6 ամիսը մեկ քշում են ու նրանք հանգրվանում են Գրողների միության դիմացի մայթին։ Սա այն օրվանից, երբ ազգային դրամը մուտք գործեց Հայաստան, ու սահմանվեց աղջիկների տարադրամային փոխարժեքը։ Հիմա էլ մի տասը օր է՝ նրանց քշել են։ Ասում են՝ դեմիրճյանական թեւի նախարարներից մեկը երեկոյան տեսել է նրանց Օրբելու հատվածում ու շատ է զայրացել։ Ու ինչ-որ հարցում իր անկարողությունը լուծել է խեղճ աղջիկների տեղակայման փոփոխությամբ։ Սրանից ոչ նախարարը փոխվեց, ոչ աղջիկները, ոչ Բաղրամյան պողոտան։

Առաջ դպրոց ընդունելիս երեխաներին անպայման տնօրենը ինչ-որ հարցեր էր տալիս։ Ստուգում էր նոր աշակերտի մտավոր ունակությունները ու որոշում՝ ուժեղ թե թույլ դասարան նրան ուղարկի, իսկ դրանք դասակարգվում էին՝ Ա, Բ, Գ…

Հիմա ասում են՝ ուժեղ դասարան ընդունվելու համար անպայման Չոփչոփիկից, Գիքորից հետո պիտի պատմես Մինսկի խմբի մասին։ Սեպտեմբերին առաջին դասարան գնացողը ծնվել է Մինսկի խմբի ձեւավորման տարում ու 5 տարի ամեն օր լսել դրա մասին։ Էդ Մինսկը նոր սերնդի համար Վանի, Էրզրումի նման մի տեղ է։

Մի 10 օր առաջ դարձյալ ինչ-որ անհեթեթ առիթով հանդիպեցի Իզային։ Մի տարի իրար հետ չենք խոսել։ Ես չունեի ոչ մի լուր նրա մասին, հավանորեն նա էլ ոչինչ չգիտեր իմ մասին։ Առաջին հանդիպումից հետո նորից հանդիպեցինք։ Հետո ես հասկացա, որ այդ ընթացքում նրան ոչ մի հարց չեմ տվել։ Իզան չէր փոխվել։ Նույնն էր մնացել։ Ու դա ամենակարեւորն է։ Մնացած բոլոր հարցերը լուծվում են։

Թքած, որ էս քաղաքում ոչ մի բան երբեք չի փոխվում։ Ոչ քաղաքագետները, ոչ նախարարները, ոչ թերթերը։ Դուք էլ, Երեւանն էլ։

Կարեւորն այն է, որ Իզան չի փոխվել։

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031