Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԻՏԻ ՄԻՇՏ ՇԱՀԻ՞

Հուլիս 10,1999 00:00
Toto

«Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի 22.06.1999 թ. թիվ 118 համարում տպագրված հոդվածը («Թուրքական ինվոյսը ավարտվեց օճառե պարտքով») ընթերցելով ինձ՝ որպես այդ քաղգործի դատաքննությանը անմիջական մասնակցություն ունեցած անձի, զարմացրեց փաստական հանգամանքների խեղաթյուրումն ու այդ հենքով կատարված ընդհանրացումների շրջանակը: Դրանք դուրս են մի գործի հանգամանքների շարադրանքի սահմաններից, ուստի եւ դրան արձագանքելն անհրաժեշտություն է:

Հոդվածն ընթերցողի մոտ ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե խոսքը մի խրթին ու բարդ քաղաքացիական գործի մասին է, որի լուծման օրինականության վրա խիստ բացասական ազդեցություն են ունեցել առնվազն երեք գործոն՝ իրավունքի չիմացությունը, հայկական կոմերցիայի անկատարությունն ու… հայ-թուրքական հարաբերությունների հայտնի պատմական հիշողությունը: Եվ այդ ամենը՝ առարկություն չընդունող տոնով, առանց մանրամասների: Նշենք, որ Հ. Հակոբյանն ու Ս. Ավանեսյանը Ի. Աջարի հետ գործարք են կնքել միմյանցից անտեղյակ, Հ. Հակոբյանը «Հայմամուլի» անվամբ բերված ապրանքները չի ստացել, այն Բավրայի մաքսատանը ստացել է Ս. Ավանեսյանի ներկայացուցիչը՝ ամբողջ ապրանքները մեկ փաստաթղթով: Մաքսային ինվոյս (ասել է թե՝ բեռնագիր)՝ փաստաթուղթ գոյություն չունի, լինում է բեռնագիր եւ Ի. Աջարի մոտ եղել են երեքը, ձեւակերպում ստացած Վրաստանի սահմանային մաքսատանը, սակայն թաքցված ու չներկայացված՝ Հայաստանի Բավրայի մաքսատան աշխատողներից: Այդ պատճառով էլ ապրանքների ստացումը, այսինքն՝ Աջարի կողմից հանձնումը, Ս. Ավանեսյանի ներկայացուցչի կողմից մաքսատնից ստացումը, ձեւակերպվել է հայտարարագրով, որում, ապրանքների անվանացուցակի ու քանակի հետ մեկտեղ, նշվել է նաեւ գինը՝ ըստ ընդունված կարգի՝ շուկայական ամենաբարձր չափերով: Դրան, իրոք, ոչ ոք չի առարկել, այսինքն, Ի. Աջարն ապրանքը հանձնել է գնորդ կողմին այդ գներով, առանց առարկության:

Դրանից բացի թե ի՞նչ «բոլոր փաստաթղթեր» են ստորագրել Հ. Հակոբյանն ու Ս. Ավանեսյանը, անհասկանալի է, քանի որ այդպիսիք չկան: Ըստ հոդվածագրի, մաքսատանը փաստաթղթերի ձեւակերպման մեջ շահագրգռված են գնորդները, վաճառողը՝ ոչ: Իրոք ծիծաղելի է մտածել, որ հայտարարագրում ապրանքի գինը ցույց տալու մեջ գնորդն է շահագրգռված, ստացող կա, հանձնող՝ ոչ: Այդ անհեթեթ միտքը թե ինչո՞ւ է ինձ վերագրվել, երբ որ հեղինակը Ռ. Պողոսյանն է, անհասկանալի է: Հետագայում, ապրանքը Երեւան տեղափոխելուց հետո, Ի. Աջարը գնորդներին է ներկայացրել բեռնագրերը (ինվոյսները), որոնցում ապրանքների գներն արտահայտված են շուկայականից բազմակի ավելի, պահանջել իրեն վճարել այդ հաշվարկով, որը, բնականաբար չի ընդունվել: Այդ պատճառով կողմերն անվավեր են համարել գործարքը, ապա գնորդները պահելով իրենց տված կանխավճարին շուկայական գներով համարժեք ապրանք, մնացածը՝ 27 անուն գրենական պիտույքներ եւ օճառ, ակտով վերադարձրել են: Կողմերի միջեւ վեճի առարկա է դարձել ոչ թե գործարքների վավերությունը, այլ չվերադարձված ապրանքների արժեքի որոշումը: Դրանից էլ բխում են հոդվածի մյուս իրավաբանական սխալները:

Առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ «խորապես բավարարվածության» արտահայտությունը ոչնչով չի տարբերվում այդ վճռի բովանդակությունից: Երկու դեպքում էլ անորոշ, առանց նյութական իրավունքի որոշակի նորմեր ու պահանջներ ցույց տալու, ապացույցներն ու դրանց գնահատակը շարադրելու, հետեւություններ են արվում: Հոդվածագիրն ավելի հեռու է գնացել, թվարկվում է գործում կամ ընդհանրապես գոյություն չունեցող ապացույցներ՝ նոտարական կարգով վավերացված տրանզիտային պարտավորություններ, կատալոգում Հ. Հակոբյանի կողմից անձամբ գնի վերաբերյալ կատարված նշումներ, հանձնման-ընդունման «ակտեր» եւ, վերջապես, նյութեր՝ «չկայացած քրեական գործի» նորագույն ձեւակերպմամբ: Չիմացության հողի վրա «փայլատակում» է դիտողությունը՝ ինչո՞ւ հակընդդեմ հայց չենք ներկայացրել գործարքն անվավեր ճանաչելու պահանջով: Պարզաբանենք: Դատարանն այդպիսի վեճի առարկա չի ունեցել՝ գործարքները լուծվել էին կողմերի միջեւ մինչ դատարան դիմելը, իսկ դատաքննության ընթացքում դրանք վավեր ճանաչելու պահանջ չի ներկայացվել, ուստի եւ չտրված պահանջին հակընդդեմ վերաբերմունք չի ցուցաբերվում: Վերաքննիչ դատարանը «մեղք» է գործել վեճը լուծելով ՀՀ գործող օրենսդրության համապատասխան նորմերի ու դրանց պահանջների աներկբա վկայակոչմամբ, այսինքն, ՀՀ Քաղ. դատ. օր.-ի 131 եւ 132 հոդվ. պահանջների համաձայն:

Համառոտ նշեմ այդ իրավական հիմքերը: ՀՀ 1965 թ. Քաղ. օր.-ի 44 հոդվ. համաձայն, առուծախի գործարքը պետք է կնքել գրավոր: Այդ պահանջը չեն պահպանել Ս. Ավանեսյանն ու Ի. Աջարը: Հ. Հակոբյանի ու Ի. Աջարի միջեւ կնքված գրավոր պայմանագրում չի նշվել պայմանագրի էական պայմանը՝ գինը, որի առթիվ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի պայմանագիրը նույն օրենսգրքի 162 հոդվ. պահանջների համաձայն կնքված չի համարվում: Նշված եւ Քաղ. օր.-ի 45 եւ 46 հոդվածների պահանջները հիմք են ընդունվել ու վճռում արտահայտվել այնքանով, որքանով վերաբերվել են վեճի ծագման հանգամանքներին եւ ոչ թե որպես վեճի առարկա: Վճռով վեճը լուծվել է հիմք ընդունելով ՀՀ Քաղ. օր.-ի 136 հոդվածի պահանջներն այն մասին, որ գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է իրը հանձնելու պահից, այսինքն, Բավրայի մաքսատանը Ի. Աջարի կողմից ապրանքները հայտարարագրում նշված քանակով ու արժեքով գնորդի ներկայացուցիչ Վ. Սերոբյանին հանձնելու պահից: Ի. Աջարն անձամբ է մասնակցել այդ ձեւակերպմանը, հանձնել ապրանքը մաքսատուն այդ գնով ու առանց առարկելու: Դրանից հետո ապրանքների գները բարձրացնելու հետեւանքով գործարքների լուծումը կատարվել է կողմերի համաձայնությամբ եւ Ի. Աջարին իրավունք չի կարող վերապահվել իր միակողմանի սահմանած գները պարտադրել գնորդներին: ՀՀ Քաղ. օր.-ի 48 հոդվ. 2-րդ մասի պահանջների համաձայն, մինչպայմանագրային վիճակը վերականգնելու առաջարկությունը հայցվորը չի ընդունել: Այդ հանգամանքների ամբողջական գնահատման հիման վրա էլ կայացվել է վճիռ:

Հայաստանում կոմերցիան կդառնա՞ քաղաքակիրթ ու գրավիչ, եթե հայերը թանկ գնեն, էժան վաճառեն, եթե հատկապես գործընկերը հարեւան Թուրքիայի քաղաքացին է, վերջիններս պիտի միշտ շահե՞ն, թե՞ դա կվերագրվի «հարաբերությունների պատմական հիշողությանը»: Չեմ կարծում:

ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031