Վերին Ծաղկավանը սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։ Սակայն գյուղի դիրքը եւ ապրած կյանքը սահմանամերձ է եւ մի բան էլ ավելի։
Այս գյուղը հարեւան է հայտնի Պառավաքարին եւ կիսում է սահմանամերձ գյուղի ճակատագիրը։ Վերին Ծաղկավանը նախկին Շամշադինի շրջանում է։ Գյուղում 300 ընտանիք է ապրում, 1063 մարդ, որոնցից մինչեւ վերջերս նպաստառու էր 99 մարդ, փոխհատուցում էր ստանում 44-ը։ Կառավարության 350 որոշման արդյունքում ընտանեկան նպաստի համակարգը եւ փոխհատուցում ստացողների ցուցակները «մաքրվեցին» եւ պետության տվածի հույսին մնաց 78 մարդ։ Սակայն պետությունն իր պարտականությունները թերանում է կատարել նաեւ այս գյուղում։ Արդեն չորրորդ ամիսն է, կենսաթոշակառուները չեն ստացել իրենց թոշակը։ Երկրորդ ամիսն է, ուշանում է ընտանեկան նպաստի գումարը։ Գյուղը պետության բյուջեին պարտք է 8 միլիոն դրամ, պետությունը գյուղին՝ գրեթե նույնքան։ Բայց գյուղացին չի կարողանում պետությանը ստիպել, որ պարտքը վճարի։ Գյուղացին չի կարող ստիպել, բայց պետությունը կարողանում է եւ էլէներգիայի վարձը չվճարողի հոսանքն անջատում է, գյուղացուն անլույս է թողնում ու խեղճացնում։
Գյուղացիներն իրենց չքավորությունը եւ պետության ժլատությունը բացատրում են այսպես. «ասում են ճեղքվածք կա, դրա համար փող չկա»։ Թե ի՞նչ ճեղքվածք է, գյուղացիները չգիտեն, բայց փողի չլինելը զգում են ամեն վայրկյան։ Անցած տարի հունիսի 2-ին շրջանում ուժեղ անձրեւներ տեղացին եւ հեղեղը սրբեց-տարավ Հախում գետի վրա գյուղի կառուցած երեք կամուրջները։ Կամուրջները գյուղի համար խիստ կարեւոր են. դրանցով էին մարդիկ անցնում գետը եւ հասնում իրենց սեփականաշնորհված հողերին։ Գյուղը դիմեց հարազատ կառավարությանը։ Այնուհետեւ հեռուստատեսությամբ լսեցին եւ իմացան, որ իբրեւ թե կառավարությունը կատարել է համապատասխան հատկացումներ։ Դրանք հնչեցին որպես ձայն բարբառո հանապատի, եւ Վերին Ծաղկավանը ոչինչ չստացավ։ Երեւի ճիշտ է, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, որովհետեւ այս տարվա հունիսի 27-ին գյուղի նույն տարածքը ջրհեղեղը կրկին ավերեց։ Կրկին համապատասխան ակտ կազմվեց եւ կրկին կառավարության հույսին մնացած գյուղացիք մնացին ձեռնունայն։
Հիմա մի ամբողջ գյուղ արտը մշակելու եւ հնձելու է գնում՝ Հախում գետն ամեն օր ոտքով անցնելով։ Գյուղի խնդիրները կամուրջով չեն սահմանափակվում։ Հայրենի հեռուստա եւ ռադիոհաղորդումները դիտելու եւ ունկնդրելու հնարավորություն վերին ծաղկաշենցին չունի։ Եվ ոչ միայն վերին ծաղկաշենցին, հարեւան գյուղերը՝ նույնպես։ Ստիպված լսում եւ դիտում են «եղբայրական Ադրբեջանի» հեռուստածրագրերը եւ վախ ունեն, որ երեխաներն ադրբեջաներենի դաս են առնում։ Իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հեռուստակայանը լավ էլ աշխատել է եւ Հայաստանի ծրագիրը դիտելու հնարավորություն է եղել։
Կարդացեք նաև
Վերին Ծաղկաշենն իր հարեւան գյուղերով խորհրդարանական ընտրություններին է մասնակցել եւ հասկանալի է՝ պատգամավոր է ընտրել։ Պատգամավորը, հասկանալի է, Արամազդ Զաքարյանը չէ, այլ՝ բանկի կառավարիչ Գագիկ Մելիքյանը։ Ավելորդ է ասել, որ վերջինս «Միասնություն» դաշինքն է ներկայացնում։ Մինչեւ ընտրվելը պարոն Մելիքյանը պարզապես չէր կարող գյուղ չգալ եւ նախընտրական խոստումներ չտալ։ Եկել է ու խոստացել, թե ինքը չի գնում խորհրդարան, որ կոճակ սեղմի։ Ասել է, թե գնում է գործ անելու, այդպես էլ ասել է. «Մի բան կանեմ»։ Հիմա գյուղացիները սպասում են, որ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, որը ստացել է այս ընտրատարածքի ընտրողների վստահության քվեն, սկսի իր խոստումները կատարել։ Իսկ սկզբի համար առաջարկում ենք, որ գոնե թարմ լրագրերի առաքումը կազմակերպի եւ ապահովի, թե չէ գյուղը լրիվ զրկված է ինֆորմացիայից։ Միակ ստացածն այս կամ այն կուսակցական հին թերթերն են, որոնք վաճառվում են ստիպողաբար՝ կենսաթոշակ եւ փոխհատուցում տալու օրերին։ Գյուղում 20-ից 45 տարեկան չամուսնացած տղամարդիկ կան։ Չամուսնանալու պատճառն այն չէ, որ աղջիկ չկա, այլ այն՝ որ սոցիալական վիճակը հնարավորություն չի տալիս։
«Էդ որ գրում եք, գյուղին ի՞նչ օգուտ է տալու, դատարկ գրելու մեջ ի՞նչ կա»,- հարցրեց մի ծաղկավանցի եւ տեղում ինքն էլ իր հարցերը եւ օգնության ակնկալիքն առաջարկեց. «Կոնկրետ՝ գյուղնախարարությունը գյուղին ինչո՞վ է օգնում. ֆինանս, պարարտանյութ, սերմեր. ոչ մի բանով էլ չի օգնում, էդ նախարարության գործը դա պետք է լինի, գյուղացուն հնարավորություն պետք է տա, որ գյուղացին իր քրտինքով աշխատի։ Գյուղը տեխնիկա համարյա չունի, կոմբայն չունենք»։
Գյուղի միջնակարգ դպրոցը 132 աշակերտ ունի։ Վերջին 10 տարում աշակերտների թիվը 4 անգամ պակասել է։ Դպրոցի մարզադահլիճը քանդուքարափ է, աշակերտները դասագրքերի եւ թուղթուգրիչի կարիք ունեն։ Մանկապարտեզը գործում է, բայց աշխատողները, մեկ տարի է, աշխատավարձ չեն ստացել։ Գյուղում արմատ է ձգում աղանդավորությունը (արդեն մոտ 20 Եհովայի վկա կա)։
Եթե այս կառավարությունը եւս գյուղի քայքայման գործընթացը շարունակի, ապա եկող խորհրդարանական ընտրություններին գյուղերում գյուղացի չի մնա։ Ումի՞ց պետք է թեկնածուները ձայներ ակնկալեն։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Տավուշի մարզից առավել հանգամանալից ինֆորմացիան եւ լուսանկարային ռեպորտաժը՝ մեր առաջիկա համարներից մեկում։