Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇԻ ՀՈԳՍԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ

Հուլիս 10,1999 00:00
tavush

Տավուշի մարզն ընդգրկում է երեք շրջաններ՝ Շամշադինը, Նոյեմբերյանը, Իջեւանը, եւ Դիլիջան քաղաքը։ Մարզի բնակչությունը 157 հազար 500 մարդ է։ Մարզում են գտնվում չորս քաղաքներ՝ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ։ Տավուշի մարզն ունի 62 համայնք, որից 58-ը գյուղական համայնքներ են։

Տավուշի մարզում ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները 15300 են։ Կենսաթոշակ է ստանում 30000 մարդ։ Մարզում գործազուրկների պաշտոնական թիվը 5500 է, սակայն, անշուշտ սա իրական թիվը չէ։ 8000 փախստականներ են ապրում մարզում եւ նրանց խնդիրները նման են հանրապետության բոլոր փախստականների խնդիրներին։ 2050 մարդ գտնվում է զինվորական ծառայության մեջ։ Մարզում բնակվում են զոհված ազատամարտիկների 250 երեխաներ։ Մարզում 1300 բազմանդամ ընտանիք կա, միակողմանի ծնողազուրկ է 1250 երեխա, երկկողմանի ծնողազուրկ է 90 երեխա։ Տավուշի մարզում 35200 անչափահաս կա, որոնցից 500-ը հաշմանդամ երեխաներ են։ Մարզի ընդհանուր բնակչության՝ 157 հազար 500 մարդուց 63700-ը զբաղված են տնտեսությունում (ներառյալ՝ գյուղացիությունը)։ Մարզի բնակավայրերը փռված են Աղստեւի հովտում։

Տավուշը սահմանամերձ մարզ է։ Սահմանամերձ բնակավայրերն այս մարզում բաժանվում են նաեւ սահմանապահ բնակավայրերի։ Սրանց խնդիրները խիստ տարբերվում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրներից։ Այս բնակավայրերի խնդիրները խիստ բարդ են։ Եթե այլ տարածքներում բնակվող գյուղացիները կարողանում են լավից-վատից իրենց հողը մշակել եւ բերքը հավաքել, ապա սահմանապահ բնակավայրերի գյուղացին մի կերպ վարած-մշակած արտից ոչ մի հատիկ ցորեն չի կարողանում հավաքել, քանի որ գալիս է արջը՝ հարեւան Ադրբեջանի տեսքով, ու արտը կրակի տակ պահելով, հավաքում է հայի քրտինքը։ Սակայն պետական հատուկ կարգի հոգածություն այս բնակավայրերն առայժմ չեն զգում։ Գյուղացուն պետությունը թողել է իր հոգսի հետ միայնակ եւ խիստ պայթյունավտանգ, այս տարածքում գոնե որեւէ հատուկ միջոցառում չի իրականացվում ի շահ գյուղացու։

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների հայեցակարգային ծրագիրը»։ Ծրագրում տեղ են գտել նաեւ մարզի առաջարկությունները՝ հողի հարկերից հինգ տարի ժամանակով ազատել սահմանամերձ բնակավայրերին։ Սրանց լրավճարներ տալու մեխանիզմներում եւս սխալներ կան, գործում է համահարթեցման եղանակը եւ այս պատճառով շատ սահմանամերձ բնակավայրերի տրվող լրավճարները չեն բավարարում գյուղացու իրական պահանջները։ Մարզը հիմնականում գյուղատնտեսական է։ Ժամանակին մարզում զարգացած էր ծխախոտագործությունը եւ պտղագործությունը։ Այսօր փորձ է արվում մարզում վերականգնել ծխախոտագործությունը. «Գրանդ-Տոբակո»-ն սկսել է պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ։ Փոխմարզպետ Ալբերտ Ղալթաղչյանի կարծիքով, մարզն ամենահարմարն է ծխախոտագործության համար։ Ծխախոտագործության զարգացման դեպքում ավելի շատ աշխատատեղ կբացվի եւ ինչ-որ չափով կլուծվի բնակչության զբաղվածության հարցը։

Կարճ հարցազրույց Տավուշի փոխմարզպետ Ալբերտ Ղալթաղչյանի հետ

Մեր այցելության պահին մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը մարզպետ է նշանակվել նախկին մարզպետ Պավլիկ Ասատրյանին հեռացնելուց հետո (մինչ այդ պարոն Ղուլարյանը Իջեւանի քաղաքապետն էր), մարզում չէր։ Ասացին, թե մեկնել է Ամենայն Հայոց կաթողիկոսի թաղմանը։ Սակայն մարզպետը չվերադարձավ նաեւ հաջորդ օրը։ Մենք մարզի մասին ինֆորմացիա ստացանք փոխմարզպետ Ալբերտ Ղալթաղչյանից, որն այս պաշտոնում էր նաեւ նախորդ մարզպետի օրոք։ Պարոն Ղալթաղչյանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ի՞նչ գյուղատնտեսական վարկեր են մտնում մարզ. «Գյուղատնտեսական վարկերի հատկացման հարցում խնդիր կա։ Վարկավորման մեխանիզմը պարզեցնելու խնդիր կա, որովհետեւ, վերցնենք գյուղացիական փոխօգնության բանկը. վերջինիս նպատակն է փոքր գումարներ հատկացնել գյուղացուն՝ վարկի տեսքով։ Բայց եթե գումարը կազմում է 300 կամ 500 դոլարին համարժեք դրամ, դրա փաստաթղթերի ձեւակերպման պրոցեսը դյուրին չի, եւ գյուղացին միշտ չէ, որ կարողանում է բիզնես պլան ներկայացնել կամ գրավ դնել։ Գյուղացին, իր հողից բացի, ոչինչ չունի գրավ դնելու»։

Պարոն փոխմարզպետին խնդրեցինք պատասխանել նաեւ այն հարցին, թե ի՞նչ պատճառով են մարզում (հատկապես սահմանամերձ գյուղերում) այդքան վատ աշխատում հեռուստակայանները։ Պարոն Ղալթաղչյանը մասնավորապես ասաց. «Մենք հարցը բարձրացրել ենք։ Գարնանը կապի նախկին նախարարը մեր մարզում էր, եւ ութ հեռուստաընդունիչ կայանների հարցը լուծվեց։ Գիտե՞ք, հիմա խնդիրը որն է. նախկին հեռուստակայանների սարքավորումները հին ռուսական արտադրության սարքավորումներ են, որոնց արտադրությունը հիմա չկա…։ Կապի նախարարությունը հավաստիացնում է, որ շատ շուտով արբանյակային կապի ենք անցնելու եւ այդ կապի միջոցով հարցը կլուծվի»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031