Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՉԱՐԺԵ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Հուլիս 10,1999 00:00
hovhannes hovhannisyan

Հովհաննես Սերգեյիչը, ինչպես նրան ընդունված է դիմել, «Կայունություն» պատգամավորական խմբի (ունի 21 անդամ եւ զիջում է միայն «Միասնությանը») ղեկավարն է նորընտիր ԱԺ-ում։ Նա պատգամավորական մանդատ ուներ նաեւ 1995-99-ի ԱԺ-ում, նաեւ՝ 1990-95-ի ԳԽ-ում, բայց խորհրդարանական գործունեություն առանձնապես չէր ծավալում, քանի որ զբաղված էր գործադիր իշխանությունում։ Մամուլի հետ նույնպես չէր շփվում։ Ինչո՞ւ։ «Եթե դրական արտահայտվեի կառավարության մասին, եզրակացնելու էին, թե քծնում եմ, եթե բացասաբար արտահայտվեի՝ անհասկանալի էր մնալու, թե ինչու եմ այդ կառավարությունում մարզպետական աթոռ զբաղեցնում»։ Կոտայքի մարզպետի պաշտոնից Հովհաննես Սերգեյիչը հրաժարվել էր 1998-ի փետրվարին, այդուհանդերձ, մամուլի հետ չշփվելու սովորությունը չէր խախտել։ «Այո, դարձյալ չէի խոսում, որովհետեւ կարծելու էին, թե նեղացած եմ», Իսկ ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց։ «Շարունակեի աշխատե՞լ եւ նախագահական ընտրարշավում էլ հարմարվե՞լ։ Հանուն ինչի՞, ավելի երկար պաշտոնավարելո՞ւ։ Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե հանուն ինչի՞ կարող է սեփական համոզմունքներիս դավաճանեմ, ուր մնաց, թե հանուն պաշտոնի»։

Կենտկոմում՝ առանց կոմերիտական անցյալի

Հովհաննես Սերգեյիչն ասում է, թե աշնանային նստաշրջանում ինքը լինելու է ամենաակտիվ պատգամավորներից մեկը եւ լրագրողների հետ էլ շատ է շփվելու։ Առայժմ, սակայն, լայն հասարակությանը նա ծանոթ չէ, եւ թերեւս արժե սկսել զրույցներում լսած դրվագներով նրա կերպարը գծելուց։

Անցյալ խորհրդարանում Հովհաննես Սերգեյիչին կարելի էր հանդիպել Դավիթ Շահնազարյանի աշխատասենյակում։ Մի ժամանակ նույն սենյակում ինքն է աշխատել, իբրեւ ՀԿԿ Կենտկոմի շինարարության սեկտորի վարիչ, եւ մուտքը երկրորդ հարկի 224 սենյակ՝ մի ամբողջ արկած է եղել։ Հովհաննես Սերգեյիչին Կենտկոմում աշխատելու է տանում Կարեն Սերոբիչը շինարարության ոլորտից եւ որեւէ նշանակություն չի տալիս կոմերիտական դպրոց անցած չլինելու հանգամանքին։ Արդյունքը լինում է այն, որ նոր աշխատավայր գալուց մեկ շաբաթ էլ չանցած, կանչում են Կարեն Սերոբիչի մոտ։

Եվ ի՞նչ էր պատահել։ Հովհաննես Սերգեյիչը Կենտկոմ գնալով, չի էլ ենթադրել, թե իր պահվածքը պետք է վերանայի, սովորության համաձայն, շարունակել է շինարարության պետերի հետ հեռախոսազրույցները վարել այնքան բարձրաձայն, որ միջանցքում է լսվել, եւ այն բառապաշարով, որ ընդունված էր շինհրապարակներում։ Դե իրավապահ մարմինների սեկտորի վարիչն էլ, որ զբաղեցնում էր հանդիպակաց աշխատասենյակներից մեկը, ի պաշտոնե ու բնույթով կարգուկանոնի վերակացու, աջ ու ձախ հետաքրքրվել է. «Ո՞վ է այս Կենտկոմը փողոցից չտարբերողը, ո՞վ է նրան այստեղ բերել»։ Իրական միջադեպ է, որին սակայն դժվար է հավատալ Հովհաննես Սերգեյիչի ներկա բարեկրթությունը նկատելով։ Թե երբ է հասցրել շինհրապարակի անպատշաճ բառապաշարով խոսելուց անցնել գրեթե եվրոպական պահվածքի, մտավորականի ինտելեկտ ձեռք բերել, դժվար է ասել։ Համենայնդեպս, ընդամենը 33 տարեկան հասակում Կարեն Սերոբիչը նրան վստահում է հանրապետության ամենամեծ շրջանի գործկոմի նախագահի պաշտոնը. Աբովյանի շրջգործկոմի նախագահը լինում է ամենաերիտասարդը, եւ թերեւս կարողանում է ակնկալություններն արդարացնել։

Իշխանափոխությունից հետո էլ, որքան առաջարկում են ՀՀՇ-ին անդամագրվել, հրաժարվում է, սակայն համարվելով առավել արժանավոր թեկնածու, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվում է Կոտայքի մարզպետ։ Տեր-Պետրոսյանի մասին նույնպես հարգալից է արտահայտվում։ Իհարկե, երբ Վահագն Խաչատրյանը, սովորության համաձայն, չէր ընդունում, թե էքս-նախագահն էական սխալներ է գործել, Հովհաննես Սերգեյիչն ընդդիմանում էր։ Ի դեպ, երեւի թե իրեն է պատկանում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի եւ գործի ամենադիպուկ բնութագիրը. «Նա կացինը ձեռքին պետություն էր կառուցում հարյուրամյակների դատարկության մեջ։ Եվ Սփյուռքն էր նա բոլորից լավ ճանաչում, ու գիտեր ինչպես հարաբերվել, եւ Ղարաբաղյան կարգավորման նրա տարբերակը լավագույնն էր՝ ժամանակի ընթացքում կհամոզվեք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին թվում էր, թե այս երեք միլիոն ժողովուրդը իր ինտելեկտը, զարգացածությունն ու պետության ընկալումն ունի, եւ առանց բացատրելու էլ պիտի հասկանա, թե ինչ է արվում։ Նույնիսկ իր ընկերներին չէր բացատրում։ Չհասկացվելու խորացող անջրպետը, ի վերջո, բերելու էր ֆիասկոյի եւ բերեց»։

Ներկա իշխանությունների վերաբերյալ Հովհաննես Սերգեյիչը դրական վերաբերմունք է արտահայտում Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի առիթով։

Փլուզված մոզաիկայից պատկեր հավաքել

ԱԺ նախագահի մասին որեւէ խոսակցություն վերաշարադրելն ավելորդ է։ Որպես կանոն ամեն ինչ վերջանում է եզրակացությամբ, թե Կարեն Սերոբիչին սիրում են համարյա ամենքը։ Վազգեն Սարգսյանը, իհարկե, նույնպիսի սեր եւ ժողովրդականություն չի վայելում։ Հասարակությունը, չգիտես ինչու, հատկապես հիշում է նրա «համազգային բոբոյի» դերակատարությունը, եւ ոչ թե պատերազմում հաղթանակած զորավար լինելը, մարզական ոլորտում կրթություն ունենալը եւ ոչ թե Գրողների միության անդամ լինելը, եւ այդպես շարունակ։ Այդուհանդերձ, գուցե ինչ-որ տեղ զարմանալի է, բայց Հովհաննես Սերգեյիչը լուրջ ակնկալություններ ունի Վազգեն Սարգսյանից իբրեւ վարչապետի. «Ես էլի առիթ եմ ունեցել այս համեմատությունը կատարելու. 1988-ին կար կառուցված, ներդաշնակ, ամբողջական երկիր՝ Սովետական Հայաստան։ Դա փլուզվեց, ինչպես մոզաիկ պատկերն է խախտվում։ Եվ այս տասը տարվա ընթացքում միայն մոզաիկայի քարերն են տեղափոխվում, պատկեր չի հավաքվում։ Տեր-Պետրոսյանը ինչ-որ պատկեր կիսատ հավաքեց, հետո նորից քանդեց, սկսեց նորը հավաքել։ Ինձ թվում է, Վազգեն Սարգսյանը կլինի այն անձը, որ մոզաիկան ավարտուն կհավաքի, ամեն ֆիգուր դնելով իր տեղում»։ Դա ինչպե՞ս է արվելու կառավարության ներկա կազմով։

«Այս կառավարությունը մի կես տարի աշխատի, կտեսնենք։ Համոզված եմ առաջիկա ամիսների ընթացքում փոփոխություններ կլինեն, Սարգսյանն այդպիսի խնդիր չունի, որ նախարար նշանակի եւ այլեւս չփոխի։ Ընդհակառակը՝ կարծում եմ, նա շատ ճկուն կառավարություն կունենա։ Մասնակի փոփոխություններով նոր ուժեր կներգրավվեն, հները կուղարկվեն, մինչեւ, ի վերջո, 6-7 հոգի ձեւավորվեն իբրեւ կառավարության կորիզ, որոնք եւ պետական-քաղաքական մտածողությամբ եւ վարչական-կազմակերպչական ունակություններով համապատասխանեն զբաղեցվող պաշտոնին։ Ինչ վերաբերվում է Սարգսյանին, իհարկե, նա թերություններից զերծ չէ, բայց պլյուսներն էլ չի կարելի չտեսնել՝ ունի կամքի ուժ, հետեւողականություն, ունի ռեալ իշխանություն եւ որոշում ընդունելու վճռականություն։ Գիտեմ, բոլորդ ասում եք՝ նա ում հետ եւ ինչպես է բանակցելու՝ թեկուզ միջազգային տնտեսական կառույցներում. տնտեսական գիտելիքները կբավարարե՞ն։ Մի ավելի էական պահ եք անտեսում։ Սարգսյանի խոսքին հնարավոր է հավատ ընծայել, նրա հետ պայմանավորվածությունների վրա հենվել։ Եթե նա ասում է մուտքերի մասով այս ցուցանիշները կապահովվեն, նշանակում է, կապահովվեն. բանակցողի համար դա է էականը։ Եվ վերջին հաշվով… ցանկացած ոլորտի մասին գիտելիքներ ժամանակի ընթացքում կարելի է ջանալ ու ձեռք բերել, մինչդեռ իշխանությո՜ւն, հիերարխիկ ենթարկվող նախարարնե՜ր, կառավարելի գործադիր բուրգ…»։

Արդյոք չափազանցված լավատեսություն չէ՞։

«Ճիշտ է, խոսակցությունը մի կես տարուց ավելի առարկայական հարթություն կտեղափոխվի, բայց հետեւյալը եկեք մտածենք։ Եվ ես դա իմ ընկերներին էլ եմ ասում. լիբերալների շրջանում, որոնք մերժում են թե այսօրվա ԱԺ-ն, թե կառավարությունը։ Բոլորին հերթով չընդունենք, պիտակավորենք, մերժենք, ո՞ւր ենք հասնելու։ Մտնում ենք երրորդ հազարամյակ եւ ունենք այս տանդեմը Դեմիրճյան-Սարգսյան։ Մի կողմից, այս երկիրը տասնամյակներ ղեկավարած եւ տնտեսական բարգավաճման հասցրած մարդ, նրա տարիքը, փորձառությունը, ինտելեկտը, մյուս կողմում՝ երիտասարդ, ուժ եւ իշխանություն ունեցող վարչապետ։ Ինչո՞ւ չցանկանանք ու չօգնենք, որ այդ տանդեմը երկիրը հանի այս դրությունից»։

Ո՞վ է դեմ, թող բոլոր հայաստանցիները ցանկանան եւ օգնեն, եթե, իհարկե, դրանից ինչ-որ բան կփոխվի։

Չկարողանան՝ կվերադառնան իրենց մականուններին

Այն դիտողությանը, թե «Կայունություն» խումբը «Միասնություն» դաշինքից ուղղակի տարբերել չի լինի, ինչպես նախորդ ԱԺ-ում «Երկրապահն» ու «Բարեփոխումները», Հովհաննես Սերգեյիչը, իհարկե, համամիտ չէր. «Այդպես չէ։ «Կայունությունը» չի ստեղծվել կառավարության եւ վարչապետին միայն սատարելու համար։ Ես առաջինը կլինեմ, որ նրանց թերությունները կքննադատեմ։ Կարծում եմ, խմբի մյուս անդամները նույնպես։ Եթե «Միասնությունում» դեռ ինչ-որ տեղ կարող են կաշկանդված լինել, ապա մեծամասնական ընտրակարգով ընտրված, որեւէ նախընտրական դաշինք չներկայացնող անձինք նման խնդիր կամ բարդույթ չունեն»։

Այդուհանդերձ, «Կայունությունում» ընդգրկված պատգամավորներից շատերը միայն մականուններով են հայտնի, եւ գոնե լրագրողական շրջանակներում, լուրջ թերահավատություն կա, թե նրանք երբեւէ կձեւավորվեն իբրեւ օրենսդիր, կամ քաղաքական մտածողություն կդրսեւորեն։ Հովհաննես Սերգեյիչը ինչո՞ւ այդ խումբը ձեւավորեց, ինչպե՞ս. «Նախ, շատ պրոզայիկ։ Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հավաքվեցին, ովքեր նախընտրական դաշինք չէին ներկայացնում եւ, բնականաբար, բոլորս էլ գիտակցում էինք, որ միայնակ արդյունավետ գործել խորհրդարանում հնարավոր չէ ՝ ոչ օրենսդրական նախաձեռնությունների դաշտում, ոչ քննարկումներում դիրքեր պաշտպանելու, ոչ քվեարկությունների վրա ներազդելու առումով։ Իմ առաջարկությունը խումբ ձեւավորելու մասին ջերմությամբ ընդունվեց։ Ոչ այնքան քաղաքական հենքի վրա է միավորում տեղի ունեցել, որքան նորընտիր պատգամավորներին արդյունավետ կերպով խորհրդարանական աշխատանքներում ներգրավելու խնդիր է լուծվել։ Ինչ վերաբերում է այդքան վանող մականուններին, եթե օբյեկտիվ մոտենանք, ինչո՞ւ են եկել խորհրդարան այդ մականուններով հայտնի անձինք։ Նրանց մի մասը պատերազմով է անցել, մյուս մասը՝ գումարներ ունի, եւ ինչի՞ են ձգտում։ Ձգտում են հեղինակության ու հասարակական կյանքում դերակատարություն ունենալու։ Հանուն դրա, թողել են իրենց եկամտաբեր զբաղմունքները, եւ այլն, այսօր խորհրդարանում ժամերով գրականություն են ուսումնասիրում, օրինագծերի վրա են աշխատում։

Ջանում են եւ եթե կհասնեն նրան, որ իսկապես դառնան խորհրդարանական, հրաշալի կլինի։ Եթե չկարողացան՝ հաջորդ ընտրություններից հետո կմոռացվի, թե նրանք երբեւէ խորհրդարանում են եղել, ինչպես նախկին երկու խորհրդարանների պատգամավորներից շատերի դեպքում։ Եվ հասարակությունն էլ կհիշի մականունները միայն։

Վերջապես թե ինչու այդ մարդիկ եկան խորհրդարան, դա էլ բացատրություն ունի։ Այսօրվա ընտրողը ասֆալտի, ջրի, վերելակի, աշխատատեղի հարց է բարձրացնում։ Ուղղակի սոցիալական պատվերն է այդպիսին։ 2003-ին քաղաքական դաշտը փոքրիշատե ձեւավորված կլինի, հուսանք, սոցիալական լարվածությունը կթուլանա։ Եվ մարդիկ արդեն կգնան իդեաների հետեւից, գաղափարներ կառաջադրվեն ու կընտրվեն։ Իսկ առայժմ ունենք այն իրավիճակը, որն ունենք»։

Էմանուել Կանտը տարբերում էր, «աշխարհը ինչպես գոյություն ունի» եւ «աշխարհը ինչպիսին պետք է գոյություն ունենա»։ Ելնելով այն իրավիճակից, որ ունենք, իրականությանը հակազդելով, դժվար թե տեղապտույտը վերջանա։ Հետեւաբար արժե, որ ներկա խորհրդարանի կազմը պարտավորված զգա բարեփոխում նախապատրաստել եւ երկիրը մոտեցնել այնպիսի սոցիալ-քաղաքական կացության, որ գաղափարներ առաջադրվեն ու ընտրվեն, ինչպես Հովհաննես Սերգեյիչն է ասում։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031