Լրահոս
Օրվա լրահոսը

Բլեյանին – ноль внимание

Հուլիս 10,1999 00:00
Tigran Janoyan

Հուլիսի 15-ին լրանում է Աշոտ Բլեյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը։ Այս առիթով «Առավոտը» զրուցեց պրն Բլեյանի փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ։

«Օրենքի պահանջի համաձայն՝ կալանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ նախաքննություն իրականացնող մարմինը, եթե նպատակ ունի երկարացնել կալանքի տակ պահելու ժամկետը, պետք է միջնորդությամբ հանդես գա։ Մենք հաշվարկեցինք ամսի 15-ից 10 օր. դա եղավ հուլիսի 5-ը։ Բայց քանի որ հուլիսի 5-ը Սահմանադրության օրն էր, աշխատանքային չէր, դատավարական ժամկետն ընդհատվեց եւ հաշվեցինք երկուշաբթի՝ ամսի 6-ին։ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ես ստուգեցի, այդպիսի միջնորդագիր չկար։ Հետագայում (10-օրյա ժամկետի խախտմամբ) միջնորդագիրը ներկայացվել է։ Դատարանն ընդունել է եւ դատավոր Ներսիսյանի նախագահությամբ պետք է քննարկվի՝ երկարացնե՞ն արդյոք Բլեյանին կալանքի տակ պահելու ժամկետները, թե ոչ։ Արդեն իսկ ստեղծված իրավիճակը բերում է նրան, որ դատարանը դիմադրելու ուժ չունի եւ լռելյայն կերկարաձգի ժամկետը։ Բնականաբար, մենք դա նորից կբողոքարկենք։ Կանցնենք դատական պրոցեդուրաներով, բայց խնդիրը դրանցով գրագետ եւ ճիշտ անցնելը չէ։ Ամբողջ մտահոգությունն այն է, որ չնայած ձեւավորվեց եռաստիճան դատական նոր համակարգ, մասնագիտական որակավորման քննություններով մարդիկ անցան, հանրապետության նախագահի հրամանագրով եկան, նշանակվեցին դատավորներ, բայց դատական պրակտիկան, այս ամիսների աշխատանքը բերում է այն համոզման, որ որակական առումով նոր դատարան չունենք։

Նորից իրավապահ մարմիններից ակնհայտ կախված, իրավապահ մարմիններից վախեցած, սեփական լիազորությունների շրջանակն այդ վախից սահմանափակած մի դատարան ունենք, որով հնարավոր չէ նորմալ հասարակություն կառուցել։ Ցավալին ու զարմանալին այն է, որ մարդկային լեզվով բոլոր դատավորները հասկանում են, իսկ իրավական լեզվով չեն հասկանում։ Հետեւաբար, դատական համակարգում կադրերի հարցում վերից վար ունենք երկփեղկված անձերի գաղափար։ Ասել, որ այդ մարդը վատն է, սրիկա է, չեմ կարող։ Մարդկային առումով դա չեմ կարող թույլ տալ, որովհետեւ նա եւ լավ հասկանում է, գրագիտության առումով էլ քիչ թե շատ բավարարում է։

Ցանկացած դատավորի առջեւ ամենակենսական հարցը սեփական անձի պաշտպանության խնդիրն է դրված։ Սա ծիծաղելի է։ Դատավորը կոչված է արդարադատություն իրականացնել, իր քաղաքացիական ու մասնագիտական ազատ, անկաշկանդ, արիության հասնող հատկանիշներ դրսեւորել։ Նա վախեցած իր անձնական խնդիրների սահմաններից, այն կողմ չի կարողանում անցնել»։

Պրն Ջանոյանի սիրտը ճիշտ էր գուշակում. երեկ երեկոյան դատարանը հայցը լսեց եւ որոշեց խափանման միջոցը (կալանքը) երկարացնել եւս 2 ամիս։ Նախաքննությանը այս 2 ամիսն անհրաժեշտ է՝ հարցաքննելու եւս 200 վկայի։ Ի դեպ, դատարան՝ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, դիմել էին նաեւ Բ-1 թաղամասի 1000 բնակիչներ։ Բայց, ինչպես ասում են՝ ноль внимание։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031