Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԻ ԹԻՄԻ ՄԵՋ ԵՆՔ»

Հուլիս 10,1999 00:00
Anushavan Danielyan

 Երեկ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը

«Մենք ԼՂՀ վարչապետի հետ խոսեցինք հիմնականում տնտեսական խնդիրների շուրջ։ Բնականաբար, չէինք կարող շրջանցել քաղաքական խնդիրները։ Աջակցություն լինելու է ե՛ւ ԼՂՀ նախագահի քաղաքական ծրագրին, ե՛ւ վարչապետի տնտեսական ծրագրին։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք, որ Ղարաբաղի կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները լուծի։ (…) Քաղաքական առումով, համոզված եմ, Ղարաբաղում կայունություն է լինելու, որովհետեւ դա է միակ ելքը. քաղաքական կատակլիզմները, վայրիվերումները հղի են կանխատեսելի հետեւանքներով»։ Սրանք արդեն ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի մտքերն էին հանդիպումից հետո։ Այս մտքերը լրագրողներիս ներկայացնելուց հետո պրն վարչապետը այլեւս հարցերի չպատասխանեց եւ սուրաց իր աշխատասենյակ։ Ստորեւ ներկայացնում ենք լրագրողների հարցերը ԼՂՀ վարչապետին եւ նրա պատասխանները։

«Ար»- Պրն Դանիելյան, ձեր նշանակումով, կարելի է ասել, որ ԼՂՀ-ն բռնել է տնտեսության ապառազմականացման կուրս։

-Ես կասեի, որ իմ նշանակմամբ տնտեսությունը բռնել է բարգավաճման եւ զարգացման կուրս։

-Քանի դեռ Ղարաբաղն ու Հայաստանը պատերազմից դուրս չեն եկել, մեր հիմնական խնդիրը մնալու է պաշտպանության կատարելագործումը։ Հետո նոր մնացած խնդիրները՝ ժողովրդի կենսամակարդակի, սոցիալական վիճակի բարելավման էական կարիք կա, եւ կշեռքի նժարներն աստիճանաբար պիտի հավասարակշռվեն,- այսպես պարզաբանեց Վազգեն Սարգսյանը։ Մնացած հարցերին պատասխանեց միայն Անուշավան Դանիելյանը։

«Ար»- Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց, որ Ղարաբաղին Հայաստանից անկախ չի կարելի դիտել։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ Համաձա՞յն եք։

-Ես ավելի շատ զբաղվում եմ տնտեսական հարցերով եւ չէի ուզենա, որ ինձ ներքաշեն քաղաքական այդ հարցերի մեջ, եւ ես միտում էլ չունեմ, չեմ էլ թողնի, որ ինձ ներքաշեն քաղաքական հարցերի մեջ։ Կան հարցեր, որոնք միասին ենք լուծում, բայց ես գլխավորապես իմ ուժերը, իմ գիտելիքներն ու իմ փորձը կենտրոնացնելու եմ տնտեսության վերականգնման վրա։

«Ար»- Ինչպես եք վերաբերվում մամուլի այն հրապարակումներին, որ դուք ձեզ հետ բերել եք ձեր գործընկերոջը՝ Վլադիմիր Շեվյովին, որը քրեական հետախուզության մեջ է Ղրիմում։

-Ես Ղարաբաղ գնացել եմ միայնակ, եւ այստեղից են ինձ մեքենա տրամադրել։ Դա միայն ասեկոսե է։ Ինձ համար, ճիշտն ասած, քիչ անսպասելի էր դա, որովհետեւ ես այն մարդը չեմ, որ, ասենք, միանգամից քաղաքականության մեջ հայտնվեց, ինձ միշտ էլ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ճանաչել են, եւ այսպիսի հրապարակումները կունենան շատ կարճ կյանք։

«Ազատություն» ռ/կ– հաղորդագրություն է ստացվել, որ երեկ (հուլիսի 8-ին) գիշերը ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմը՝ 11 հոգի, եւ Սամվել Բաբայանը նույնպես, իրենց մեդալները հետ են վերադարձրել Արկադի Ղուկասյանին։ Ինչպիսին է ձեր տեսակետը։

-Դա լրիվ ասեկոսեների արդյունք է։ Այդպիսի բան չի եղել եւ չէր էլ կարող լինել։

«Ազատություն» ռ/կ– Հաղորդագրությունը պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից է։

-Ես գիտեմ, որ այդպիսի բան չի եղել։

«Առավոտ»– Որքանով է Ղարաբաղում վիճակը վերահսկելի եւ կանխատեսելի. արդյոք չե՞ք բացառում ընդհուպ քաղաքացիական պատերազմը։

-Դա անհեթեթություն է։ Ղարաբաղյան իշխանությունները նորմալ տիրապետում են իրավիճակին, եւ էդպիսի կանխատեսումների համար պետք է շատ լավ երեւակայություն ունենալ։

«Առավոտ»- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ կաթողիկոսի թաղմանը չէին մասնակցում ԼՂՀ նախագահը եւ Սամվել Բաբայանը։ Պատճառները զուտ «տեխնիկակա՞ն» էին։

-Ասեմ, որ նույնիսկ նախորդ կաթողիկոսի՝ Վազգեն Առաջինի թաղման ժամանակ էլ, որքան ես գիտեմ, պաշտպանության նախարարը ներկա չի եղել։ Ինչ մնում է նախագահին, դե, պարզ է, եթե իշխանափոխության պրոցես է, եւ կան տեխնիկական հարցեր, որոնք, բնական են, եւ ես չէի ուզենա, որ դրանց վրա ուշադրություն դարձվեր։

«Առավոտ»- ԼՂՀ ԱԺ պատգամավորներից մեկը վերջերս մամուլով հանդես եկավ, որ ԼՂՀ ներքին այս լարվածությունը գերտերությունների ձեռքի գործն է եւ որոշակի նպատակներ է հետապնդում։

-Գիտեք ինչ, դեպուտատներին ամեն ինչ թույլատրելի է, նրանք ժողովրդի կողմից ընտրված են եւ ամեն մեկն ասում է այն, ինչ մտածում է։

«Առավոտ»- Որքանո՞վ են հնարավոր Ադրբեջանի հետ նոր ռազմական գործողությունները։

-Դժվարանում եմ ասել, եւ դժվար թե այդպիսի բան լինի։ Չնայած՝ մենք միշտ էլ եղել ենք պատրաստ եւ պետք է պատրաստ լինենք։ Շնորհակալություն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031