ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն անցած շաբաթ փորձեց, վերջապես, որոշ քայլերի դիմել՝ դաշտային հրամանատարների եւ «տղերքի» իշխանությունը պետական կարգուկանոնով փոխարինելու ուղղությամբ: Բնականաբար, այդ քայլերն արժանացան դաշտային գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փոխազդեցությանը, որն ասպարեզ նետեց մեծ քանակով վարկաբեկիչ նյութեր իր մրցակիցների հասցեին: ԼՂՀ իշխանավորները, հավանաբար, պատրաստ չլինելով «կոպրոմատի» նման դոզայի, համապատասխան հակաքարոզչություն չկազմակերպեցին:
Բուռնաշը
«Հրազդանի» տոնավաճառի տնօրեն Աշոտ Աղաբաբյանը, Աջափնյակի թաղապետի պաշտոնի համար մրցակցության մեջ մտնելով պատգամավոր դարձած մեկ այլ «ատամանի» դրածոյի հետ, շատ շուտ կարողացավ հակազդել իր «Բուռնաշ» մականվան հաճախակի կիրառմանը, որը սկզբից նրա համար անակնկալ էր: Բուռնաշը բացատրեց, որ այդ մականունը նա ստացել է խրամատներում՝ իր մարտական գործընկերոջից: Ցավոք, պրն Աղաբաբյանը չի ճշտել, թե 4-ամյա պատերազմի ընթացքում նա քանի՞ րոպե է անցկացրել խրամատում:
Կարդացեք նաև
«Ճ» կլասի պատգամավորը
ԱԺ-ի մեծամասնությունը կազմող «պպզող» պատգամավորներից մեկը, անակնկալի գալով այն իրողությունից, որ մի շարք լրատվամիջոցներ իրեն Թալեյրանի եւ Չերչիլի մակարդակի քաղաքական գործիչ չեն համարում, այդ թերթերին /հավանաբար՝ նաեւ մեր/ դիմելով, բացականչեց. «Անասունի ծնունդներ, եթե ժողովուրդը մեզ ընտրել է՝ դուք ինչ իրավունք ունեք մեզ չհավանելու»: Մնում է «Ճ»-ի ոճով պատասխանել. «Ժողովրդի այն մասը, որին դու կաշառել ես, մեզ համար ասնավանի չի»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ