Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՎԵՔ՝ ՄԻԱՅՆ ԹԵ ԳԵՂԵՑԻԿ

Հուլիս 09,1999 00:00
loxazgest

Ծփում է Սեւանը, կանչում է Սեւանը,

Ծով ալիքների մեջ ծփում է Սեւանը։

Այ, այսպես ամեն ամառ շոգից-կրակից «վառված» հայաստանցիներիս (հատկապես մայրաքաղաքաբնակներիս) անվերջ կանչում է Սեւանը։ Կանչելը լավ է, որ կանչում է, բայց դե մենք էլ ամեն տարի հո նույն լողազգեստով չենք գնալու։ Պարզ բան է, լողափը ոչ միայն հանգստի ու հաճույքի վայր է, այլ նորաձեւության վերջին ճիչի հագուստները ցուցադրելու վայր։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ նորաձեւ հագուստների շնորհիվ մարմինն ի ցույց դնելու վայր։

Մի 100 տարի առաջ ներկայիս լողազգեստները ոչ միայն սարսափելի անպարկեշտ կհամարվեին, այլեւ ամենաաներեւակայական երազում անգամ չէր պատկերանա։ Այդուհանդերձ, 100 տարի առաջ էլ մարդիկ լողում էին եւ երեւի թե վատ չէին լողում։ Ասեմ, որ Սեւանի ավազանի բնակիչները (հատկապես կանայք ու մեծահասակները) առանձնապես չեն հեռացել այդ 100 տարուց։ Տարիներն անցնում են, իսկ Սեւանի ավազանի կանայք եթե լողում են, ապա միայն շորերով, լողազգեստ հագնելը այս կանանց համար նույնքան անպարկեշտ է, որքան 100 տարի առաջ եվրոպացի կանանց համար։ Բայց կյանքն առաջ է ընթանում (հատկապես Եվրոպայում) եւ ներկայումս համաշխարհային մոդելյորները լողի սիրահարներին չեն թողնում տխրել՝ ամեն տարի առաջարկելով նորանոր մոդելներ։ Տղամարդկանց կարծիքով լողազգեստում կարեւորը դրա պարունակությունն է։ Իսկ կանայք լողափնյա նոր շրջանը սկսում են մի մտահոգությամբ՝ ինչպես կարողանալ գեղեցիկ հանվել։ Միաժամանակ պահպանելով նորաձեւության շունչն ու նրբագեղությունը։ Լողազգեստի նորաձեւության հայտնի կենտրոնները նոր ձեւեր ու տեսակներ են առաջարկում ընդամենն այդ փոքրիկ կտորի համար, որը սակայն թաքցնում է կանացի գեղեցկության եւ հմայքի ողջ էությունը։

Որքան էլ տարօրինակ է, լողազգեստների հարցում մինչեւ օրս մոդելյորների երեւակայությունն առանձնապես «թռիչքների» չի հասել։ Նրանք առաջարկում են լողազգեստի ընդամենը 2 տեսակ՝ փակ (միասին) եւ առանձին։ Իհարկե, փակ լողազգեստներն այնպիսի բացվածքներ ունեն, որ արդեն չկա որեւէ բան փակելու անհրաժեշտությունը։ Օրինակ, առաջնակարգ «Պերլա» ֆիրման առաջարկում է փակ սպորտային լողազգեստներ, որոնց մեջքն ամբողջությամբ բաց է, չհաշված բարակ թելը։ Այս տարի լողազգեստների բացվածքները կարող են չափազանց տարբեր լինել, դրանք կարող է լինել մեջքի հատվածում, փորի հատվածում։ Ազատորեն կարող եք բացել կուրծքը (նախընտրելի է գեղեցիկը) եւ ընդհանրապես չփակել կոնքերը։ Հետաքրքիր է, որ այս տարի լողազգեստի մոդելյորները մի տեսակ նոստալգիա են ապրում՝ լողի սիրահարներին առաջարկելով ռետրո ձեւեր։ Այս ամառ բավականին հեղինակություն է վայելում բիկինը։ Դրանց ներքեւի մասը կիսաանդրավարտիք (շորտեր) է հիշեցնում, իսկ վերեւի հատվածը մեծ լանջաբացվածքով է, սակայն ուշադրություն դարձրեք, ոչ թե մեզ հայտնի 2 առանձին եռանկյուններ, այլ ընդհանուր բացվածք, որն ընդգծում է կանացիությունն ու հմայքը։ Շատ մոդայիկ է բիկինների հետ կոնքերին կապել թափանցիկ «գլխաշորեր»։

Բնականաբար, հայաստանցիներս չենք կարող մրցել արեւմուտքի կանանց հետ, ու նրանց նման մեզ թույլ տալ ամռան այդ կարճ ժամանակահատվածի համար գնելու առաջնակարգ ֆիրմաների լողազգեստներ։ Ուստի մենք բավարարվում ենք այն լողազգեստներով (նաեւ հագուստով), որ առաջարկում է մեր շուկան։ Նորաձեւության առումով Երեւանի խանութներում եւ տոնավաճառներում վաճառվող լողազգեստները չեն զիջում արեւմտյան ֆիրմաների լողազգեստներին, միայն թե սրանք որակի առումով բավականին հեռու են առաջնակարգ կոչվելուց։ Սեւանի ափին իրենց հանգիստն անցկացնողներին երեւանյան տոնավաճառներն առաջարկում են Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, ինչպես նաեւ Մոսկվայից բերված լողազգեստներ։ 10-ից մինչեւ 25 (լավագույնները՝ նույնիսկ 100) դոլար արժեցող լողազգեստներն այս տարի առանձնանում են վառ գույներով, շատ տարածված են կանաչ, դեղին, կարմիր միագույն լողազգեստները։

Այնպես որ, ձեզ մնում է միայն գնել լավագույն լողազգեստ ու շտապել Սեւան։ Միայն հիշեք, որ լավագույն լողազգեստը կարող է թաքցնել ձեր մարմնի փոքրիկ թերություններն ու ընդգծել կանացի հմայքն ու նրբագեղությունը։ Հենց դրան էլ կոչված է լողազգեստը, իսկ դուք կարծում էիք, թե լողալո՞ւ համար է։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031