Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑԱԾ-ՉՄՈՌԱՑՎԱԾ ՕՐԵՐԻ ԴԱՌԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 09,1999 00:00
Toto

«Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են եւ ունեն իրենց ցեցերը՝ ազգը ներսից ուտողները։ Այդ է պատճառը, որ առաջադիմության հայելու մեջ ինքնավստահ եւ հաստատակամ կեցվածքով արտացոլվում են այն ժողովուրդները, որոնք կարողացել եւ կարողանում են դիմակայել իրենց ցեցերին, այսինքն՝ կարողանում են ինքնամաքրվել, ինչպես ինքնամաքրվում է Մեծ բնությունը։ Ինքնամաքրումը պետք է լինի հարատեւող գործընթաց։ Այն ապրելու եւ առաջադիմելու թիվ մեկ նախապայմանն է։ Ազգերը եւ պետությունները, որոնք եղել են երբեմնի եւ անհետացել կամ կործանվել են, արժանացել են այդ տխուր ճակատագրին հենց այդ պատճառով, որ աստիճանաբար կորցրել են ինքնամաքրման կարողությունը»։

Արմեն Սարգսյան. «Հայն առաջադիմության հայելու առջեւ», Ջանասէր

Մենք երեւի կլռեինք, եթե «1999-Հայերը դարաշրջանի շեմին» Եվրոպայի Հայ միությունների ֆորումի կոնֆերանսին, որը կայացավ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 2-ը Եվրոպական խորհրդարանում (Բրյուսել) եւ շարունակվեց Բրյուսելի Հայ տանը, կրկին չհանդիպեինք Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Այդ հանդիպումը մեզ հիշեցրեց 1998 թ. սեպտեմբերին Գերմանիայում հայկական արվեստի եւ մշակույթի օրերը, որի տխուր ականատեսները դարձանք, թե ինչ խղճուկ պատկերով ներկայացվեց հայ ազգային արվեստն ու մշակույթը գերմանական հասարակությանը, գերմանական կառավարական ատյաններում գտնվող բանիմաց, (ոմանք՝ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, արվեստին քիչ թե շատ ծանոթ) գերմանացի արվեստագետներին ու Գերմանիայում ապրող հայերին։

Ցավոք, ներկայացված խմբերը, բացի Կամերային երգչախմբից, որն այդ օրերի մեր միակ մխիթարությունն էր, չունեին պրոֆեսիոնալ բավարար պատրաստվածություն այդպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառման մասնակցելու, այն էլ՝ Գերմանիայի խստապահանջ ու արվեստի գիտակ հանդիսատեսի առջեւ։

Երբեմնի «…Նաիրյան աղջիկների հեզաճկուն պար…»-ը տեսնելու ակնկալիքով գնալով՝ ականատես եղանք գույնզգույն, փայփլուն, անճաշակ, վառվռուն գույներով, իբրեւ հայկական տարազներ կոչված հագուստներով աղջիկների չափից ավելի կոտրատվելուն, իսկ կիթառի նվագակցությամբ, «Դլեյամանի» տակ պարող աղջկա հնդկական, արաբական, թե պարսկական պարերին նմանվող շարժումները մեզ շատ հիասթափեցրին։ Չկար հայկականը, ո՞ւր էին մեր հայկական ոգով ներշնչված արվեստն ու մշակույթը, որոնց բազմադարյա պատմությունը դրոշի պես ձեռքներիս պարզած ու նրա պաշտպանությամբ ուզում ենք հասնել Հայ դատի հաստատմանը։ Պանտոմիմ թատրոնի ժամից ավելի ձանձրացնող ներկայացումը, տասը տարեկան երեխայի՝ Սայաթ-Նովայի երգերի ոչ պրոֆեսիոնալ կատարումը, դուդուկահարների միջակությունը, որոնց զուռնայի ձգվող ճղճղան, քրդական հարսանիք հիշեցնող երաժշտությունից հոգնած հանդիսատեսը կամ թողնում էր դահլիճը, կամ չխլանալու համար փակում էր ականջները։ Գերմանացի արվեստի պատմության տեսաբանը, որին հրավիրել էինք վայելելու մեր ազգային երգն ու պարը, ստացավ այնպիսի տպավորություն, որ այն ինչ-որ քրդական, թուրքական, արաբական ու հնդկական տնավարական մշակույթի խառնուրդ է եւ ինքնատիպություն չունի։ Արդյո՞ք պարոն նախարարը այդ ամենից անտեղյակ էր։ Չկա՞ր ավելի կատարյալը՝ ներկայացնելու օտարազգի հանդիսատեսին:

«… Հիմա Հայաստանում ամեն ինչ փոխվել է, դուք տեղյակ չեք…»,- կպաշտպանվեր նա։ Ու այդպես էլ չիմացվեց, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ Պանտոմիմ թատրոնի ներկայությունն այդ օրերին, գուցե մեր նախապապերը պանտոմիմի մեծ վարպետներ են եղել ու նման թատրոն են ունեցել, ու մենք անտեղյա՞կ ենք, թե՞ ուզեցանք Գերմանիայում մոդեռն արվեստ ցուցադրել։ Եվ ինչի՞ հասանք, Գերմանիայում գործող հայ պատմաբանների, գիտնականների, ազգին նվիրված գործիչների, անհատների դժվարին ու հաճախ անասելի ջանքերով տարված աշխատանքի շնորհիվ Հայ դատի պաշտպանման, Գերմանիայում հայկական ցեղասպանության հարցի ճանաչման, հայոց լեզուն հայ երեխաներին սովորեցնելու, այն տարածելու ու հայկական արժեքները պահպանելու գործում դրական արդյունքի հասնելու համար, օտարին ապացուցելու, որ հայ ազգը հազարամյակների պատմություն ունի, որ աշխարհի հնագույն ազգերից մեկը լինելով, կարողացել է մինչեւ օրս պահպանել իր ազգային արժեքները, հավատը, լեզուն, մշակույթն ու արվեստը՝ սերնդից-սերունդ փոխանցելով ու սրբությամբ պահպանելով։ Այն դժվարությունները, որ ունեցել է եւ ունի Սփյուռքը՝ կաթիլ առ կաթիլ հաստատելու իր ինքնությունը, ստիպելու օտար պետություններին պաշտպանել Հայ դատը, այսպիսի նախարարների գործունեությունը խանգարում է մեզ՝ հայ ազգի մասին եղած բարի կարծիքը հաստատելուն։

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրություններում ազգ, պետություն ներկայացնող նախարարը պետք է ունենա ծանրակշիռ, զարգացած ու հեղինակավոր խոսք, մտքերն արտահայտելու հմտություն, հրաժարվի անձնական շահերից ու իրեն վստահված հանձնարարականը կատարի արժանապատվորեն, կամ գոնե կառավարական ճաշկերույթներում իրեն վայելուչ պահել կարողանա (ի նկատի ունենք այդ օրերին գերմանական Հալլե եւ Բոնն քաղաքներում տրված ճաշկերույթները)։

Մենք խնդրում ենք մեր կառավարությանը՝ նախարարներ նշանակելիս խիստ ընտրություն կատարել, հատկապես՝ արտասահմանյան երկրներ հաճախ այցելողներին՝ համապատասխան անձանց՝ պահանջված կոչումին արժանի, որպեսզի «հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ հետը չհանի»։

Մենք, իհարկե, ոչ մի թշնամանք չունենք պարոն Շառոյանի անձի հանդեպ, բայց երբ անհատը պետություն ու ազգ է ներկայացնում օտար երկրում, նա այլեւս անհատ չէ, այլ ազգի հայելին եւ որոշ դեպքերում պիտի հրաժարվի իր անձնական նախասիրություններից եւ ալկոհոլի ազդեցության տակ անհարգի վարվելակերպով չամաչեցնի իր հայրենակիցներին այլազգիների ներկայությամբ։

Ու երեւի ճիշտ կլիներ, որ նա, հարգելով իր անձը, փոխեր իր աշխատանքի բնույթն ու արտասահման գար ոչ թե որպես պետությունը ներկայացնող պաշտոնական անձ, այլ մի սովորական զբոսաշրջիկ։ Այդ ժամանակ մենք նրան խոստանում ենք այս տարվա օգոստոսին Երեւանում անցկացվող համահայկական սպորտային խաղերին մասնակցող, Գերմանիայից ժամանող քառասուն հայ ուսանողներից՝ յուրաքանչյուրից մեկ օրվա միայն քնելու եւ նախաճաշի համար հիսուն ամերիկյան դոլարի՝ նրա պահանջը բավարարել (խե՜ղճ ուսանողներ, տասը օրվա համար քսան հազար ամերիկյան դոլա՞ր…), նրա համար կազմակերպել ճոխ ճաշկերույթներ, որտեղ նա կկարողանա սփյուռքահայերին խորհուրդ տալ. «…հայերեն սովորում եք, սովորեք, չեք սովորում, մի սովորեք…» ու թող երգի «Հորովելը»։ Կամ, արդեն ոչ կառավարական ճաշկերույթի ժամանակ, ճաշի հետ մատուցված գինու փոխարեն կկարողանա կոնյակ կամ վիսկի պահանջել, եւ իր արարքը քննադատողներ էլ չի ունենա, ու քննադատությունը չհանդուրժող պարոն Շառոյանը ստիպված չի լինի նրանց անվանը կամ անձին անվայել մակդիրներ կպցնել։

ԱՆՈՒՇԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

Գերմանահայ համայնքի անդամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031