Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Հուլիս 09,1999 00:00
hayastan

Ահա արդեն ութ տարի է անցել Հայաստանի անկախացումից, սակայն մեր մտածողությունը, նախեւառաջ քաղաքական մտածողությունը դեռեւս պատրաստ չէ ընդունելու այդ փաստը եւ գիտակցելու հայի ամբողջ կենսաշխարհի այն փոփոխությունները, ինչը բխում է առկա փաստից։ Առավել վառ այն դրսեւորվում է Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում։

Այս տողերի հեղինակն ինքը մի անգամ իրեն բռնեց այն բանում, որ մամուլում, գեղարվեստական գրականության մեջ հանդիպելով «Թուրքիա» բառին, նույն պահին պատկերացնում էր մի ինչ-որ հեռավոր, տարաշխարհիկ արեւելյան երկիր, որին հասնելու համար հարկ է Ժերար դը Ներվալի օրինակով «ճամփորդել դեպի Արեւելք»։ Այնինչ, ահա, խնդրեմ, Թուրքիան, պետք է միայն պատուհանից դուրս նայել։ Նա գտնվում է հրանոթային կրակոցի տարածության վրա։ Արեւմուտքում, եւ ոչ՝ Արեւելքում։

Միաժամանակ, Թուրքիայի նկատմամբ հայերի առաջին հերթին քաղաքական վերաբերմունքի ամբողջ տրամաբանությունը հիմնված է հենց դասական գրական աշխարհազգացողության վրա։ Թուրքիային եւ ցեղասպանությանը առնչվող հարցերը մեզ համար սերտորեն զուգակցվում են Վաշինգթոնի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Բրյուսելի, Աթենքի… հետ։ Քրդական հարցը նույնպես միջազգային քաղաքականության ոչ առաջնային կարեւորության իրադարձություն է։ Թեեւ մի երկու ամիս առաջ տարակուսանքով Երեւանի փողոցներում ականատես եղանք մռայլ-վճռական, հիանալի կազմակերպված մարդկանց շարասյուներին, որոնք տանում էին իրենց ազգային հերոսի դիմապատկերները, ում երբեք չէին տեսել, սակայն հանուն որի պատրաստ էին իրենց կանանցով եւ երեխաներով հացադուլի նստել։

Մեր սահմանի վրա կենտրոնացած թուրքական զորքերի, մեր դեմ ուղղված ինչ-որ օպերատիվ-մարտավարական հրթիռների մասին աղոտ տեղեկություններ էին հասնում մեզ։ Սակայն մեզանում հատուկ ուշադրության չէին արժանանում։ Մենք լսեցինք, որ լայնահռչակ Օջալանը եղել է այստեղ (համենայնդեպս, Թուրքիան դրանում հաստատ համոզված է)։ Բայց իրականում դա այդպես է, թե ոչ՝ այդպես էլ չպարզվեց։

Եվ այսպես, Թուրքիան մեր կողմից չի ընկալվում որպես առկա փաստ։ Այդ դեպքում զարմանալու ոչինչ չկա, որ մենք եւս թուրքերի աչքում առկա փաստ չենք։ Նրանց տեսակետից այստեղ գրեթե երկու հարյուրամյակ Ռուսաստանն է եղել, ապա՝ Խորհրդային Միությունը։ Ռուսաստան, ԽՍՀՄ բառեր լսելիս՝ ի՞նչ է պատկերացնում թուրքը (մամուլ ու գրականություն կարդացող)։ Կարմիր հրապարա՞կը, Սիբի՞րը, արջերի՞ն։

Դրանից բացի, գոյություն ունեն Հայկական հարցն ու ցեղասպանության խնդիրը։ Հայկական հարցի մասին թուրքերը (ենթադրում եմ, որ նաեւ շատ հայեր) առաջին անգամ լսել են 1878 թ. Բեռլինյան կոնգրեսում, որի ժամանակ մեծ տերությունները փաստել են Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ խառնվելու իրենց իրավունքը՝ այն Հայկական հարց անվանելով։

Մեզ՝ հայերիս, բազմաթիվ պատմական վկայությունների համաձայն, դա օգուտ չբերեց։ Ապա՝ տեղի ունեցան Թուրքիայում հայերի ազգային-ազատագրական շարժումը, 1915-ի կոտորածը, Ալեքսանդրապոլի (1918), Սեւրի (1919), Բաթումի (1920), Մոսկվայի (1921) եւ Լոզանի (1922) պայմանագրերի կնքումը, ինչպես նաեւ Աթաթյուրքի դոկտրինան, որը թուրքերին խստագույն արգելում էր դուրս գալ (բոլոր իմաստներով) Մոսկվայի եւ Լոզանի պայմանագրերի հաստատած սահմաններից։ Թուրքերի տեսանկյունից դրանով Հայկական հարցը վերջնականապես լուծվեց։ Հայերն, իբրեւ քաղաքական սուբյեկտ, անմիջական բանակցություններում (Ալեքսանդրապոլի, Բաթումի) այդ հարցը չեն դրել առհասարակ։

Մեծ տերություններն իրենց հերթին դա դրել են Սեւրում, սակայն հետո հրաժարվել են Մոսկվայում եւ Լոզանում (Ռուսաստանը չէր մասնակցել Սեւրի ու Լոզանի պայմանագրերի նախապատրաստմանը, այդ ժամանակաշրջանում նրա հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորում էին Բրեստ-Լիտովսկյան եւ Մոսկովյան պայմանագրերով, ուր բացակայում էր Հայկական հարցը)։ Այսպիսով, առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգի ձեւավորման մեջ Հայկական հարցը չէր մտնում։ Թուրքական իշխանությունները ինքնուրույն, ինչպես նաեւ համաշխարհային հասարակական կարծիքի ճնշման տակ (եւ բոլորովին էլ ոչ հայերի) որոշ քայլերի գնացին երիտթուրքերին ջարդերի համար պատժելու (մի քանի բաց դատավարություններ անցկացվեցին), ինչպես նաեւ դիմեցին հայերին արդարացնելու մի շարք միջոցառումների, նյութական վնասների փոխհատուցման, քրդական ավազակախմբերի զինաթափման ուղղությամբ։ Դրան զուգընթաց, հայերի տեղահանությունն ու ջարդերը շարունակվում էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայկական հարցը վերստին բարձրացվեց, այս անգամ՝ Խորհրդային Միության կողմից, որը նախապատրաստվելով Թուրքիայի օկուպացմանը, Հայաստանի եւ Վրաստանի անունից նրան տարածքային պահանջներ ներկայացրեց։ Մյուս տերությունների հակառակ գործողությունների պատճառով, այդ ծրագրերը զարգացում չունեցան, տարածքային պահանջները հետ վերցվեցին։

Երրորդ անգամ ցեղասպանության հարցը լրջորեն բարձրացվեց Հայաստանի անկախացումից ժամանակ անց, ինչը նույնպես, ըստ էության, մեծ տերությունների նախաձեռնությունն էր։ Հարկ է ընդգծել, որ մինչեւ վերջերս հայերը իբրեւ քաղաքական սուբյեկտ ոչ մի հարց չէին բարձրացրել։ Ոչ «Հայոց Նեմեզիդիայի» ակցիաները, ոչ ԱՍՍԱԼԱ-ի ահաբեկչական գործողությունները, ոչ հայ գիտնականների եւ հրապարակախոսների գործունեությունը, ոչ 1965 թ. հասարակական ելույթները, ոչ ԱՄՆ-ի կոնգրեսում, Ռուսաստանի Պետդումայում կամ Ֆրանսիայի ազգային ժողովում հայ լոբբիստական շրջանների գործունեությունը չէին կարող բնութագրվել որպես քաղաքական սուբյեկտի դրսեւորումներ, քանզի ոչ մի որոշակի քաղաքական նպատակ չէր արտահայտվում, ինչին որ սովորաբար ձգտում է սուբյեկտը։ Ենթադրենք՝ ցեղասպանությունը ճանաչվել է (կամ մոտ է ճանաչման) մեծ տերությունների եւ համաշխարհային հասարակական կարծիքի կողմից։ Ապա ի՞նչ։ Հասկանալի է թե ինչ՝ մեծ տերությունների համար (ավելի ճիշտ, մնացյալ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի)։ Քրդական գործոնի ակտիվացման եւ կայուն կիպրական գործոնի հետ մեկտեղ ստեղծվում է միջոցների մի երրորդություն՝ Թուրքիայի ներքին գործերին խառնվելու շարունակության իմաստով։ Եվրոպան լրացուցիչ հիմնավորում է ստանում Թուրքիային Եվրամիություն չթողնելու, Ռուսաստանն այդ գործոններն օգտագործում է Թուրքիայի՝ հետխորհրդային տարածքում ունեցած գործունեության սահմանափակման համար, սակայն հիմնական օգտաշահը ԱՄՆ-ը կլինի, որն, ըստ էության, լուրջ ապակայունացման (ընդհուպ մինչեւ փլուզում) կուրս է վերցրել Թուրքիայի հանդեպ, որպես ժամանակակից աշխարհում անկախ մնացած փոքրաթիվ երկրներից մեկի։

Իսկ ի՞նչ են ակնկալում հայերը Ցեղասպանությունից։ Շատերը ապահովվում են Ֆաշիստական Գերմանիայում հրեաների ցեղասպանության փոխհատուցման մոդելին, որն ընդգրկում է, ինչպես հայտնի է, երեք կետ՝ բարոյական, նյութական փոխհատուցումը եւ ռազմական հանցագործներին պատժելը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ հրեաների ցեղասպանության իրական հետեւանքը (փոխհատուցումը) եղավ… Իսրայելի պետության ստեղծումը, ինչին վաղուց ուղղված էին հրեական բոլոր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ջանքերը։ Հայերը նման նպատակ ունե՞ն։ Ավա՜ղ, ոչ։ Այն դեպքում, երբ Արեւելյան Հայաստանում իսկ հայերի պահպանությունն է անհնար, նույնիսկ լրջորեն չի քննարկվում Արեւմտյան Հայաստանի վերածնությունը։ Նյութակա՞ն փոխհատուցում, սակայն՝ ո՞ւմ։ Մի բան է դա միաձույլ հրեա ժողովրդի պայմաններում, որը օժտված էր (մինչեւ պետականության ձեռքբերումը) քաղաքական անհատականությամբ, որը պահպանվում է առայսօր, անգամ Իսրայելի պետությունից անկախ։ Այդ պայմաններում ստացված միջոցները տրամադրվում են համահրեկան նպատակներին (ինչպիսին էլ դրանք լինեն)։ Հայերն այդպիսի կազմակերպություն չունեն եւ այն միջոցները, եթե անգամ ստացվեն, պարզապես մասնավոր անձանց ձեռքը կընկնեն։ Ի՞նչ միտք կա պայքարել հանուն դրա։

Առայժմ որոշված չեն նպատակադրության հարցերը, եւ դա առավելապես նպատելի է այն պայմաններում, երբ ցեղասպանության հիմնահարցը հայոց պետականությունն է իր ձեռքը վերցնում։ Եթե անձինք, խմբերը, գիտնականները, ահաբեկիչները, Սփյուռքում գործող կուսակցությունները կարող էին ցեղասպանության հարցը բարձրացնել առանց հստակ նպատակադրության, իրենց պարտականությունը սահմանափակելով ապագա քաղաքական սուբյեկտի՝ հայկական պետականության համար նախադրյալ ստեղծելով, ապա այն պետությունը, որը ձգտում է սուբյեկտ դառնալ (այլապես, այն ինչի՞ն է ծառայելու), նպատակադրություն պետք է ունենա։ Ի՞նչ է դա նշանակում։

Ցեղասպանության հարցում իրադարձությունների զարգացման ներկայիս միտումը, սեւեռված լինելով ապագային, հավանաբար կբերի մեծ տերությունների ճնշման աստիճանական աճին՝ Թուրքիայի վրա, մինչեւ… ինչ-որ բան չպատահի։ Օրինակ՝ ի՞նչ։ Թուրքիան ճանաչո՞ւմ է ցեղասպանությունը։ Սակայն այդ դեպքում ճնշումը ոչ միայն չի թուլանա, այլ նաեւ փաստացի գործողությունների բնույթ կընդունի, օրինակ՝ հողերի օտարացման ուղղությամբ (Թուրքիայի տեսանկյունով՝ անեքսիաների), դրամական փոխհատուցման բազմամիլիոն չափով (Թուրքիայի տեսակետով՝ կոնտրիբուցիաների) եւ անվերջ (Գերմանիան առայսօր վճարում է, իսկ հրեական կազմակերպությունների ախորժակը միայն աճում է), ապաշխարության պահանջին (Թուրքիայի տեսակետից՝ ստորացմանը), ինչը Գերմանիայի օրինակով կարող է շարունակվել հավիտենապես։ Այդ դեպքում ուժ կստանա նաեւ նախադեպ իրավունքը, այդ նույն բանը քրդերը, հույները, ասորիները կպահանջեն, Թուրքիայի իրավասուբյեկտության լուրջ սահմանափակություն կառաջանա ինչպես արտաքին քաղաքական հարաբերություններում, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։ Թուրքիան կհայտնվի հետպատերազմյան Գերմանիայի վիճակում, մի պետություն, որը տանուլ էր տվել պատերազմը, անվերապահ կապիտուլյացիա էր ստորագրել, եւ առաջիկայում գոյությունն է պահպանելու լոկ հաղթած պետությունների հսկողության (եւ օկուպացիայի) ներքո։ Թուրքիան կգնա՞ այդ ամենին։ Հանուն ինչի՞։

Երկրորդ տարբերակը. Թուրքիայի վրա աճում է ճնշումը, բայց նա չի նահանջում։ Այդ դեպքում նրա մոտ առաջանում է (վերստին) Հայկական հարցի վերջնական լուծման գաղափարը։ Ինչպես ասում են՝ սեպը սեպով են հանում, ուրեմն՝ ցեղասպանությունը՝ ցեղասպանությա՞մբ… Չի կարելի չընդունել, որ Հայկական հարցի լուծման 1915 թ. Թուրքիայի ընտրած միջոցը միանգամայն արդյունավետ էր՝ Հայոց հարցը 60 տարի հիմնավորապես մոռացության էր տրվել։ Հայոց կառավարությունը Բաթումի եւ Ալեքսանդրապոլի բանակցություններում մտահոգված էր ինչ-որ կերպ Երեւանի հանրապետության պահպանությամբ եւ՝ միայն։ Այսօր միանգամայն հնարավոր է, որ դա Թուրքիայի համար այնքան էլ հարթ չանցնի, ինչպես համաշխարհային պատերազմի ժամանակ։

Այսօր այն ավելի շուտ կընդունի Քուվեյթի կամ Կոսովոյի սցենարը։ Այսինքն՝ Թուրքիային խստորեն կպատժեն (կռմբակոծեն, կսահմանափակեն նրա պետական իրավասուբյեկտությունը), իսկ Հայաստանը… իրենից կներկայացնի Կոսովոյի կամ Քուվեյթի բնապատկերը՝ «ազատագրումից» հետո։ Կենտրոնանալով Հայաստանի ազատագրության եւ նոր ցեղասպանության համար Թուրքիային պատժելու վրա, հին ցեղասպանության մասին, ամենայն հավանականությամբ, հիմնովին կմոռանան (այն բանին հարիր, երբ երիտթուրքերի արարքները մթագնեցին Աբդուլ Համիդի «քաջագործությունները»)։

Առավել եւս, երբ Թուրքիայի համար մշտապես մի տարբերակ է մնում, որը նա կիրառում էր 1918 թվականին։ Նախկին կառավարությանը (երիտթուրքերի) լուծարում է, բանակի եւ «հայրենասիրական շարժման» (Քեմալի) ինքնագլուխ եւ պետական պատասխանատվության չենթարկվող գործողությունների շնորհիվ գրավվում է Ղարսի երկրամասը, Նախիջեւանը, Ալեքսանդրապոլը, ապա՝ Նոր պետություն է ազդարարվում, որը խստորեն մեղադրում է նախկինին եւ անգամ ցուցադրական դատավարություններ է կազմակերպում նրա անդամների նկատմամբ, իսկ այնուհետեւ հանգիստ մեծ տերությունների հետ քննարկում է աշխարհում Թուրքիայի նոր տեղի հարցը։ Թուրքիան սոցիալիստական-տոտալիտար Իրաքը կամ Հարավսլավիան չէ, որոնց առաջնորդները հանուն իրենց իշխանության պահպանության, պատրաստ են զոհել ամեն ինչ։

Շարունակելի

ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆ

«Գնոզիս» ամսագրի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031