Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴՐՈՒՄ՝ ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 09,1999 00:00
sharadrutyun

Հայտնի բան է, որ ուսուցման արդյունավետությունն ուղիղ համեմատական է հետաքրքրաշարժությանն ու խաղայնությանը: Շարադրությունն ու փոխադրությունը հետաքրքիր են նրանց համար, ովքեր գրել գիտեն:

Այսօրվա մեր դպրոցներում քանի՞ աշակերտ կա, որ շարադրություն կամ նույնիսկ փոխադրություն գրել գիտի: Ամեն դպրոցում՝ միջին հաշվով 2-3 հոգի: Մի քսանհինգ տարի առաջ էլ այդ թիվը մեծ չէր. ամեն դպրոցում՝ 5-6 հոգի: Մի այդքան էլ գոնե կարողանում էին «թխել», այսինքն գրքերից ծաղկաքաղ անելով՝ շարադրություն սարքել: Մնացածը ծածկաթերթիկին էին ապավինած: Պատրերացնու՞մ եք այն դասատուի վիճակը, որ ստիպված է մեկ օրում ստուգել 20 հատ 2-3 էջանոց անմիտ բառակույտեր: Ահա թե ինչու շարադրությունից ու փոխադրությունից այսօր խուսափում են թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժները: Միայն կրթությունից քիչ բան հասկացող առանձին պաշտոնյաներ կարող են այսօր խաղագումար դնել ուսուցման կամ ստուգման այդ եղանակների վրա:

Քանի՞ տարվա քրտնաջան աշխատանք է պետք, որ մեր երեխաները եւ դասատուների զգալի մասը շարադրություն գրել սովորեն: Եվ բարոյահոգեբանական ի՞նչ խթաններ, կազմակերպչական ի՞նչ լծակներ են անհրաժեշտ դրա համար:

Իհարկե, կարելի է «շարադրություն» կամ «փոխադրություն» կոչվող միջոցառում անցկացնել, ստացված տխուր արդյունքները դարակներում կողպել եւ հպարտորեն հայտարարել, թե ամեն ինչ հրաշալի է: Համազգային ինքնախաբեության այդպիսի դրսեւորումներ էին, օրինակ, Երեւանի մասին «տնային առաջադրանքով» շարադրության համաքաղաքային մրցույթը եւ այս տարվա 8-րդ դասարանի ավարտական փոխադրության քննությունը: Վերջինս իրոք փոխադրություն էր 8-րդից 9-րդ դասարան կամ դպրոցի նստարանից փողոցի սեղանիկ: Բայց ամոթ է խոսել գիտելիքների ստուգման «փոխադրություն» կոչվող եղանակի մասին: Եթե վերջինս իրոք կիրառվեր, ապա եկող ուսումնական տարում 9-րդ դասարան գրեթե չէինք ունենա:

Երեւում է՝ ոմանց դուր է եկել ուռա-համայնավարական ոճով միջոցառումներ անցկացնելու գործելակերպը, եւ նրանք առաջարկում են 10-րդ դասարանի ավարտական քննությունն էլ փոխադրության եղանակով անցկացնել (ծնողների ու աշակերտների մեծ մասն էլ թյուրիմացաբար հասկացել է, իբր բուհական ընդունելության քննությունն էլ է փոխադրությամբ լինելու):

Գուցե՝ փոխադրության կողմնակիցներին թվում է, որ եթե «շաքար» ասես, բերանդ կքաղցրանա, եթե երկու տարին մեկ փոխադրության եղանակով «քննության» մասնակցես, թե փոխադրություն, թե նույնիսկ շարադրություն գրել կսովորես: Զուր հույսեր: Խորհրդային դպրոցում ամիսը 1-2 շարադրություն էին գրում, բայց էլի բուհի ընդունելության քննության գնում էին շարադրության ծածկաթերթիկների կոդավորված գոտիներով:

Հայտնի է եւս մի բան: Չկան շարադրություն կամ փոխադրություն ստուգելու այնպիսի հստակ ձեւայնացված չափանիշներ, որոնք հնարավոր լինի կիրառել մեր անբարոյական հասարակարգում: Ցանկացած հանձնաժողով կարող է որոշել շարադրության կամ փոխադրության եղանակով քննության հարյուրավոր, նույնիսկ հազարավոր գրավորներից ոչ մեկը 17 կամ 18 միավորից բարձր չգնահատել (ինչպես երբեմն անում է պատմության բուհական ընդունելության հանձնաժողովը), եւ դա կանի միանգամայն բավարար հիմնավորումներով: Հանձնաժողովը կարող է նաեւ ցանկացած գրավոր գնահատել n+5 միավոր, այսինքն՝ 10 միավորի տատանում ապահովել: Դա նշանակում է, որ ցանկալի գրավորի գնահատականը կարելի է ուզած պահի 5-6, նույնիսկ 10 միավորով բարձրացնել, իսկ անցանկալի գրավորինը՝ նույնքան իջեցնել:

Այս հանգամանքը նկատի ունենալով է, որ աշխարհի շատ ու շատ երկրներում ամենապատասխանատու քննությունները ցանկացած առարկայից անց են կացնում հարցարանային եղանակով: Այս եղանակը թույլ է տալիս օգտագործել նախօրոք չափորոշված, փորձարկված, անհրաժեշտ բազմազանությամբ եւ համամասնորեն ընտրված նյութ եւ կիրառել գնահատման շատ ավելի հստակ ու ճշգրիտ չափանիշներ: Հարցարանային լավագույն մեթոդիկաների (օրինակ՝ multiple choice-ի) դեպքում ճշգրտությունը հասնում է 0,1 միավորի (շարադրության 5-6 միավորի փոխարեն): Նույնիսկ մեզ մոտ հայոց լեզվի գրավորի համար կիրառվող հարցարանային եղանակի դեպքում ճշգրտությունը հաջողվել է հասցնել մեկ միավորի: Բոլոր առաջադրանքների անթերի կատարումով գրավորը, օրինակ, ստուգողը հարկադրված է 20 գնահատել, քանի որ դա են պարտադրում չափանիշները, որոնք կախված չեն ստուգողի ոչ ճաշակից, ոչ ցանկություններից, ոչ էլ քմահաճույքներից (ինչպես շարադրության կամ փոխադրության դեպքում):

Հարցարանային եղանակը, երբ հիմնված է լինում բավարար ծավալով շտեմարանի վրա, հնարավորություն է տալիս բացառել ծածկաթերթիկների կիրառումը (ի տարբերություն շարադրության կամ փոխադրության): Համընդհանուր հուսալի միակ եղանակը մնում է շտեմարանի նյութը յուրացնելը եւ առաջադրանքների ցանկացած պատահական զուգակցումը ինքնուրույն լուծելու պատրաստ լինելը: Դա ենթադրում է առարկայի ամբողջական դասընթացի կրկնություն (յուրացում) եւ շտեմարանի բոլոր առաջադրանքների կատարում, որ ինքնին մեծածավալ եւ արդյունավետ աշխատանք է:

Հարցարանային եղանակի շնորհիվ այսօր դպրոցականները եւ դիմորդները պարապում են ոչ միայն ուղղագրություն, կետադրություն եւ տողադարձ, այլեւ բառակազմություն, իմաստաբանություն, ձեւաբանություն, շարահյուսություն: Կրթության նախարարությունը փոխանակ նպաստելու այդ եղանակի կատարելագործմանը, զարգացմանը, մասնավորապես multiple choice-ի մեթոդիկայի ներդրման շնորհիվ նաեւ հնչյունաբանության, քերականագիտության, ոճաբանության, հայոց լեզվի պատմության եւ այլ ենթաբաժինների ստուգման ներառմանը, տոտալ պատերազմ է հայտարարել հարցարանային եղանակին՝ փոխարենը որեւէ նոր բան չառաջարկելով:

Ամենաարտառոցն, իհարկե, հարցարանային եղանակից հրաժարվելու եւ փոխադրության անցնելու պատճառաբանությունն է: Իբր տեսեք, հարցարանային եղանակն այնպիսի մի ագրեսիվ բոբո է, որ հայ գրականության դասաժամերն էլ է կլանում, այդ ժամերին դասատուները «թեսթ» են պարապում (նաեւ ծնողների ճնշմամբ): Եթե «Հայ գրականություն» առարկան դպրոցում արհամարհված է եւ կարող է անտեսվել, ապա դրա մեղքը բնավ էլ հարցարանինը չէ: Այլ բան, եթե հայոց լեզվից քննությունը փոխարինվի հայ գրականությունից քննությամբ:

Եթե պարզվի, օրինակ, որ մարզադահլիճ չունեցող դպրոցներում ձմեռները մարմնակրթության դասերին մաթեմատիկա են պարապում, ապա ի՞նչ պետք է անել, մարզադահլի՞ճ կառուցել, թե՞ «Մաթեմատիկա» առարկան վերացնել: Վերջին դեպքում ակնհայտ է, որ մարմնակրթության փոխարեն մաթեմատիկա այլեւս չեն պարապի: Բայց արդյո՞ք մարմնակրթություն կպարապեն, քանի դեռ մարզադահլիճ չկա, այն չի ջեռուցվում, այդ դասերը հետաքրքիր չեն անցնում:

Որ հարցարանային եղանակի դեմ պայքարողները առանձնապես բան չեն հասկանում ոչ հարցարաններից, ոչ էլ ընդհանրապես կրթությունից, ապացուցվում է հայոց լեզվի բուհական ընդունելության քննության հարցարանի այն նմուշից, որ թերթերին հրապարակելու համար տրամադրել է կրթության եւ գիտության նախարարությունը (տես, օրինակ, «Առավոտ», «Իրավունք» թերթերը, «Դիմորդ-99» տեղեկատուն): Ակնհայտ է, որ այդ նմուշը կազմողները (ավելի ճիշտ՝ նախկին նմուշը փչացնողները) խիստ մակերեսային պատկերացում ունեն հարցարանի մասին:

Փոխանակ գնահատման չափանիշները հարկ եղած չափով խստացնելու, առաջադրանքների ծավալներն են մեխանիկորեն կրկնապատկել: Դա դեռ քիչ է, առաջին առաջադրանքի դեպքում չափանիշն էլ են ավելի քան կրկնակի խստացրել: Մյուս կողմից՝ երկրորդ եւ երրորդ առաջադրանքների չափանիշները կրկնակի մեղմացրել են՝ փաստորեն փոխհատուցելով, զրոյի հավասարեցնելով ծավալի կրկնապատկումը: Այս անհասկանալի, անտրամաբանական, հակասական, խտրական մոտեցումները կարելի է միայն մի կերպ բացատրել. հարցաթերթիկն աղավաղողները ջանացել են հարցարանից թելադրություն արտածել: Դա նրանց ինչ-որ չափով «հաջողվել» է: Արհեստականորեն արժեզրկելով 2-5-րդ առաջադրանքները՝ նրանք հարցարանի առանցքն են դարձրել համր թելադրության առաջադրանքը, որի համար տրվում է ընդամենը 6 միավոր, բայց կարող է հանվել առնվազն 52 միավոր: Տրվելիքի եւ հանվելիքի տարբերության «մկրատը» ահռելի է: Մինչդեռ մյուս առաջադրանքների դեպքում մկրատ գրեթե չկա (այն կարող է առաջանալ միայն հարակից սխալների հաշվին):

Աղավաղված են հարցարանների շտեմարանից վերցված 2-րդ եւ 3-րդ առաջադրանքների նմուշներն այնպես, որ նախատեսված վեցական լուծումների փոխարեն առկա են տասական եւ ավելի լուծումներ: Դրանից առաջադրանքները կորցնում են պատասխանների միանշանակությունը, հեշտանում են, բայց եւ դառնում լպրծուն, խճճված, անտրամաբանական: Չափանիշների մի քանի հավելում-նորամուծություններ էլ ստուգողներին մղում են անհարկի դաժանության եւ «քթիմազության» (միավոր հանել առաջադրանքի պահանջը չգրելու, առաջադրանքների տեղերը փոխելու համար եւ այլն):

Մնում է հուսալ, որ քննող հանձնաժողովի փորձառու անդամները կվերանայեն այս աղավաղումները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031