Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կեղծ կատեգորիա էր

Հուլիս 09,1999 00:00

Ընդդիմությունը կեղծ կատեգորիա էր Հարցազրույց «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ -1998 թվականի նախագահական ընտրություններից հետո «Առավոտ», իսկ ապա «Այժմ» թերթերում հայտարարել էիք, որ այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում անհեթեթ է խոսել նոր ընտրությունների մասին, առավել եւս՝ պատրաստվել դրանց, քանի որ պատգամավորներն այլեւս նշանակվելու են։ Այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք թե մեծամասնական, թե համամասնական (ԱԺՄ ցուցակով) ընտրակարգով ընտրություններին։ -«Այժմ» թերթում տված իմ հարցազրույցում ասել էի, որ ամենասարսափելին այն կլինի, որ ընտրությունները չկեղծվեն, այսինքն ժողովրդի կամքը վերջնականապես կոտրված լինի, եւ պայքարող քաղաքական ուժ չլինի։ Մինչեւ ապրիլ ամիսը հույս ունեի, որ հնարավոր է քաղաքական սուր պայքար եւ իմ մասնակցությունը պայմանավորված էր դրանով։ Ցանկացած երկրում ընտրությունները լինում են բեւեռացնող հանգամանք։ Կուսակցությունները իրար դեմ պայքարում են նույնիսկ, այսպես կոչված, անթույլատրելի մեթոդներով, սակայն դա համարվում է քաղաքակիրթ պայքար։ 1999 թ. ընտրությունները Հայաստանի քաղաքական ուժերը գնահատեցին իբրեւ քաղաքակիրթ, բայց դա ես կանվանեի քաղքենի պայքար։ -Սակայն ձեր ընտրատարածքում քաղաքական պայքարի փոխարեն ծավալվեց առավել սուր, տնտեսական պայքար։ Ըստ ձեզ, ինչո՞վ է բացատրվում գործարարների մղումը խորհրդարան։ -Հայաստանի բիզնեսմենը շատ է տարբերվում արեւմտյան բիզնեսմենից։ Արեւմտյան բիզնեսմենի համար իր աշխատանքը ոչ միայն փող աշխատելու, այլ նաեւ իր հետաքրքրությունները բավարարելու միջոց է։ Հայ բիզնեսմենն ունի զուտ հայկական նպատակներ. ունենալ տուն, ամառանոց, ավտոմեքենա, շրջապատ, ուտել-խմել։ Այդ ամենն ունենալուց հետո նա մտածում է, թե ինչն է իրեն պակասում։ Հիշենք Պեպոյի մեջ Զիմզիմովի մեդալ ստանալու պատմությունը։ Եթե նա այդ մեդալն էլ ստանա, ամբողջապես հարգված կլինի շրջապատի կողմից։ Ներկայիս Հայաստանում մեդալի դերը խաղում է պատգամավորական մանդատը։ -Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ներկա քաղաքական դաշտը։ -Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական կյանքը 1998 թվականից սկսեց մեռնել եւ քաղաքական ընդդիմության վերջնական մահը կարող եմ արձանագրել 1999 թվականի ընտրություններից հետո։ Պարզվեց, որ քաղաքական ընտրությունը ստեղծված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու համար։ Դրա պատճառը թերեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի անհանդուրժողականությունն էր, որովհետեւ, եթե այն ժամանակ նա Հայաստանի քաղաքական կուսակցություններին (նայած՝ որին, որ չափով) հրավիրեր սուրճ խմելու, հավանաբար այն ժամանակ արդեն քաղաքական ընդդիմություն չէր լինի։ Բազմաթիվ քաղաքական ուժեր դատարկ մտավարժանքներ են անում իշխանությունների հետ համագործակցելու, երկիրն այս վիճակից հանելու վերաբերյալ։ Այսպիսի մոտեցումը ես բացարձակապես չեմ ընդունում։ Համագործակցությունը կարող է լինել մի քանի հիմնարար կետերի՝ տարածքային ամբողջականության, անկախության եւ օրինականության շուրջ։ Ցանկացած նորմալ երկրում պետք է լինի քաղաքական ընդդիմություն եւ, կախված ներքին իրավիճակից, այն կարող է լինել արմատականից մինչեւ սովորական։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ընդդիմությունն արմատական էր, եւ եթե ընդունենք, որ 1998-ից հետո քաղաքական դաշտը մեղմացել է, ապա դա չի նշանակում, որ ընդդիմություն չպետք է լինի։ Երբ համագործակցության մասին խոսակցություններ են լինում, թե՝ իշխանության մեջ լծակ ունենանք, որ կուսակցությունն ուժեղացնենք, բարոյական կողմը մի կողմ դնելով փորձենք նայել իրական փաստերը։ 1995-ի ընտրությունների ժամանակ մի քանի արդեն նախկին ընդդիմադիր կուսակցություններ գնացին համագործակցելու իշխանությունների հետ. ՔԴՄ-ն, ռամկավարների մի հատված, հանրապետականները, հնչակները, արդյունքում ստացան 2-3 պատգամավոր եւ վարկաբեկվեցին ժողովրդի աչքում։ Նույն բանը կատարվեց այս անգամ։ 1998 թվականի ընտրություններից հետո սերտ համագործակցության գնացին ԱԻՄ-ը, ՀԴԿ-ն, ՀՅԴ-ն եւ կիսահամագործակցության՝ ԱԺՄ-ն։ Արդյունքում ԱԻՄ-ը եւ ՀԴԿ-ն ստացան 0%, ՀՅԴ-ն՝ իր կառույցների շնորհիվ, 7%, իսկ ԱԺՄ-ն մի կերպ հաղթահարեց իր 5%-ը, որը նույնն է, որ չհաղթահարեր։ Շատ կցավեմ, եթե պարզվի, որ ԱԺՄ-ն ստեղծված էր միայն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու համար։ Ի վերջո, ստացվում է, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները ստեղծվում են ոչ թե իրենց ծրագրային գաղափարներն իրագործելու, այլ անհաջողակ մարդկանց համար իշխանության մեջ պաշտոններ ապահովելու՝ այսպես կոչված համագործակցության քողի տակ։ -Իսկ ինչպե՞ս եք գնահատում հասարակության արձագանքը։ -Այսօր ամենացավալին այն է, որ եթե նախորդ տարիներին հասարակական կարծիքը թեկուզ թույլ, բայց ինչ-որ տեղ գործում էր, կար ներքին դիմադրողականություն, ապա այսօր դա ընդհանրապես բացակայում է։ Նախկինում, երբ փակում էին թերթեր կամ իշխանությունների կողմից ուժային փորձեր էին լինում մամուլի նկատմամբ, ստեղծվում էր հասարակական կարծիք. քաղաքական կուսակցություններն ու մամուլը մեծ աղմուկ էին բարձրացնում։ Այսօր համատարած անտարբերություն է՝ փակված է «Օրագիր» թերթը, սակայն մամուլը նույնիսկ փոքր բացառություններով չի արձագանքում դրան։ Սա շշմելու երեւույթ է։ Հիշեք, թե ընդդիմադիր կուսակցությունները ինչպիսի աղմուկ բարձրացրեցին 92-ին «Հայլուրի» փակվելու առնչությամբ։ Սա է այսօրվա Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ ճահիճ։ Փաստորեն ստացվում է, որ քաղաքական կուսակցությունները եւ հասարակության այլ շերտեր, մտավորականությունը, շարժվում են հետեւյալ կարգախոսով. «Այն ձեռքը, որը չես կարող կտրել՝ պաչիր-դիր գլխիդ»։ Խոսքը Հայաստանի ներկայիս վարչապետ Վազգեն Սարգսյանի մասին է։ Եթե երկու տարի առաջ ողջ ընդդիմադիր ուժերը, մամուլը Վազգեն Սարգսյանի դեմ էին, ապա այժմ մեկը մյուսից առաջ է ընկնում նրան հաճոյանալու համար։ -Ինչպե՞ս բացատրել, որ 8 տարի արմատական եւ սկզբունքային դիրքերից հանդես եկող կուսակցությունները շարժվեցին ճիշտ հակառակ ուղղությամբ։ -Հույսը կտրելով քաղաքակիրթ ճանապարհով՝ ընտրություններով, իշխանության անցնելու հեռանկարից, Հայաստանի քաղաքական ուժերը փորձում են դա անել խորամանկության միջոցով։ Իշխանության իրենց պատկերացրած թեւի հետ պայքարելով մյուս թեւի դեմ։ Եվ երբ նրանց հաշվարկները սխալ են դուրս գալիս, շատ արագ կարող են կողմնորոշումը փոխել եւ պաշտպանել իշխանության մյուս թեւին (օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը)։ Այսինքն՝ ընդդիմությունը, որպես քաղաքական կատեգորիա, մեզ մոտ չի ձեւավորվել։ Վերաիմաստավորելով հայտնի խոսքերը, կարելի է ասել, որ Հայաստանում այսօր ընդդիմությունը կեղծ կատեգորիա է։ Հարցազրույցը վարեց ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել