Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՐԴԻՆԱԼ ԿԱՍԻԴԻԻ ԽՈՍՔԸ

Հուլիս 09,1999 00:00
vatikan

Գարեգին Ա Վեհափառի հուղարկավորության արարողությունից հետո «Առավոտը» բացառիկ հարցազրույց ունեցավ Վատիկանի քրիստոնեական միասնության խորհրդի նախագահ, կարդինալ Կասիդիի հետ։

Նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Մենք շատ հեշտ ենք բարեկամացել Գարեգին կաթողիկոսի հետ։ Մենք հիմա այստեղ ենք, սբ. Էջմիածնում, որովհետեւ շատ մոտ եւ ջերմ հարաբերություններ էին ստեղծվել Հայ առաքելական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ։ Ի դեպ ասեմ, որ շատ դյուրին էր մարդկայնորեն հաղորդակցվել Գարեգին կաթողիկոսի հետ։ Թեպետ դա շատ հեշտ ու հասարակ էր ստացվում, բայց, միաժամանակ, պետք է փաստեմ, որ Հայոց վեհափառը շատ ուսյալ անձնավորություն էր եւ խորապես գիտակցում էր այն պատճառների էությունը, որոնք հիմք են էկումենիկ միության համար։ Մենք նախատեսում էինք բազմաթիվ հանդիպումներ ունենալ եւ քննարկել էկումենիկ շարժմանն առնչվող բազմաթիվ հարցեր՝ ինչպես այստեղ, սբ. Էջմիածնում, այնպես էլ Վատիկանում։ Սակայն, ցավոք, այդ խոսակցությունը որոշ ժամանակով հետաձգվեց, որն ունեցել էր ոգեղեն սկիզբ եւ որի մասին զրուցելով էլ մենք փոխադարձորեն հավանել էինք միմյանց»։

-Իսկ ինչպե՞ս է Հովհաննես Պողոս Պապի առողջական վիճակը։

-Նա հիմա, շուրջ երկու շաբաթ է, շատ պինդ ու ամուր է եւ չունի որեւէ պրոբլեմ։ Առողջ է ամբողջ մարմնով եւ հատկապես առողջ է նրա միտքը։ Հովհաննես Պողոս Պապը հիմա շատ ակտիվ է, իսկ երբեմն էլ՝ ավելի ակտիվ, քան բազմաթիվ երիտասարդներ։

-Իսկ էկումենիկ շարժման շրջանակներում, որի մասին դուք խոսում եք, ինչպիսի՞ համագործակցության դաշտ է հնարավոր գոյացնել Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ։

-Ես, իհարկե, չէի ցանկանա այդ կարեւոր հարցի մասին այսպես ոտքի վրա խոսել։ Մինչդեռ գնահատելու շատ բան կա։ Շատ կարեւոր էր, որ անձնական մեծ բարեկամություն էր ստեղծվել մեր եւ Գարեգին կաթողիկոսի միջեւ, ինչը եւ գոյացրել է այն հիմքը, որ մենք այսօր այստեղ ենք՝ սբ. Էջմիածնում։

Ասենք որ, կարդինալ Կասիդիին ուղեկցում էին Վատիկանի այլ ներկայացուցիչներ եւս, որոնցից մեկը՝ Գու Ջովվաթին, ազգությամբ իտալացի, մաքուր հայերենով մեզ փոխանցեց հետեւյալը. «Ես կըրնամ ըսել, որ Գարեգին Վեհափառը մեզի համար շատ մեծ բարեկամ եղավ։ Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որ շարունակե իր ճամփան խաղաղությամբ եւ մարդասիրությամբ, ինչպես մեծ օրինակ է տվել բոլորիս Գարեգին Վեհափառը։ Երկնից, ուր Վեհափառը կբնակե հիմա, պիտի պահե ու պահպանե հայ ժողովուրդը»։

Սիրո եւ բարեկամության խոսքեր ասացին նաեւ Վեհափառի հուղարկավորության արարողության մասնակցած այլ եկեղեցական եւ հոգեւոր գործիչներ եւս։ Ի մասնավորի, Վիեննայում գտնվող «Էկումենիկ պրոօրիենտիե» կազմակերպության ներկայացուցիչ, աշխարհիկ անձնավորություն, պրն Շտիրլեմանը, որը ճեպազրույց էր հրավիրել «Արմենիա» հյուրանոցում, ասաց, որ իրենց կազմակերպությունը, հիմնված լինելով 35 տարի առաջ, նպատակ ունի գործունեություն ծավալել արեւելյան եւ արեւմտյան եկեղեցիների միջեւ երկխոսության դաշտ ձեւավորելու համար։ Գարեգին Ա կաթողիկոսի հետ, ինչպես տեղեկացրեց պրն Շտիրլեմանը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի սեպտեմբերին աստվածաբանության խնդիրներին նվիրված մի ժողով կամ սեմինար կազմակերպվի Հայաստանում։ Սակայն Գարեգին կաթողիկոսի մահով այդ միջոցառումը հետաձգվում է եւ կգումարվի նոր Հայրապետի ընտրությունից հետո միայն։ Պրն Շտիրլեմանն ասաց նաեւ, որ Գարեգին կաթողիկոսին ճանաչել է դեռեւս սպահանյան, նյույորքյան նրա գործունեության ժամանակներից։

«Արմենիա» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման էր ներկայացել նաեւ Սիրիայի իսլամական բարձրագույն խորհրդի անդամ եւ Հալեպի իսլամական կալվածքների տնօրեն շեյխ Մուհամադ Սուհաիբ Աշչամին։ Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Նա ասաց, թե Սիրիայում պետությունը նույն կերպ է վարվում քրիստոնյաների եւ մահմեդականների հետ եւ եկեղեցիները համարում է այն տեղը, ուր մարդիկ իրենց սերն են արտահայտում առ Աստված։ Շեյխը համոզված էր, որ հայ եւ Սիրիայի իսլամ ժողովուրդների միջեւ հոգեւոր կապը պատմական արմատներ ունի։

Բնական է, որ հայ լրագրողներին իր խոսքն ասաց նաեւ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Պիտիրիմը։ Նա համոզված էր, թե շատ լուրջ հայացքով են իրենք նայում հայոց եւ ռուսաց համատեղ ապագային։ Հայ եւ ռուս ժողովուրդները ազատասեր են ու աշխատասեր, որոնք հիմա ժողովրդավարական հիմքերի վրա տնտեսական նոր հարաբերություններ են ստեղծում։ «Մենք կարող ենք գտնել համագործակցության բազմաթիվ եզրեր։ Միգուցե եկեղեցին լուրջ խոսք ունի ասելու հատկապես ստեղծագործական ճանապարհներ գտնելու առումով, որպեսզի նորմալ միջպետական տնտեսական հարաբերություններ հաստատվեն։ Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները պետք է բարիդրացիության օրինակ ծառայեն։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ ես մեծացել եմ Արմյանսկի պերեուլոկում՝ Լազարյան կենտրոնն ինձ շատ մոտ է։

Չկա որեւէ խոչընդոտող երեւույթ ու մենք այս առիթը, որը թեպետ տխուր հիմք ունի, մեկ անգամ եւս պետք է օգտագործենք մեզ համար ընդհանուր արժեքները վերաիմաստավորելու համար»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031