Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱ ՓՈՐՁՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՐՑԵՐ

Հուլիս 09,1999 00:00
Vahe Gabrielyan

Ծրագրել էինք նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի հետ Ռոբերտ Քոչարյանի ներփակվելու նկատվող միտումների, մամուլի հետ աշխատանքի սկզբունքների եւ նման հարցերի շուրջ զրուցել, բայց հրատապ հարցը՝ Ղարաբաղում առկա ներքաղաքական ճգնաժամը, փոքր-ինչ փոխեց խոսակցության նախատեսված հունը։

«Կյանքը կտա ղարաբաղցին»

– Նախագահը մտավախություն չունի՞, որ իր միջամտությունը (նախապես ասվել էր, որ Հայաստանը մտադիր չէ ԼՂՀ-ի հանդեպ չեզոք դիտորդի դիրք գրավել) կարող է էլ ավելի շիկացնել կրքերը։

– Այժմ միջամտություն չի իրականացվում։ Խոսքը հնարավոր միջամտության մասին է՝ չնայած նման հեռանկար կարծես չկա։

– Առանց այն էլ շրջանառության մեջ ասեկոսեներ կան, որ Հայաստանը հատուկ նշանակության ջոկատ է ուղարկել ԼՂՀ կամ, որ տեղի ունեցած փոփոխությունները հրահանգավորված ու թելադրված էին Երեւանից։ Արդյոք միջամտելու պատրաստակամության մասին պնդումներն առավել նյութ չե՞ն տա նման ասեկոսեների համար։

– Ասեկոսեներ միշտ լինում են։ Տարբեր ոչ պաշտոնական մակարդակներում արված հայտարարություններին կամ լուրերին եթե անդրադառնալու լինենք՝ ուրեմն, ամբողջ օրը պիտի միայն հերքենք։

Բնականաբար, ԼՂՀ-ն չի կարող Հայաստանից անկախ ընկալվել։ Բայց որեւէ միջամտություն կամ ճնշում, բնականաբար, չի եղել։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ ԼՂՀ նախագահը հատկապես երեւանյան այցից հետո որոշեց այլեւս չհանդուրժել Ժիրայր Պողոսյանի իրականացրած քաղաքականությունը։

– Արկադի Ղուկասյանն արդեն մի քանի ամիս էր, ինչ դժգոհություններ ուներ կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ, բայց դրա ամբողջական գնահատման համար, սովորաբար, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։ Կարծում եմ, գործողությունների արագացումը նաեւ պայմանավորված էր պրն Ղուկասյանի աշխատասենյակում լսող սարքի հայտնաբերմամբ, որն ապացուցեց կարգուկանոնի շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Ամեն ինչ հոսում է, փոփոխվում

– Իսկ ինձ թվում է, որ անպայման արժե բոլոր լուրերին էլ անդրադառնալ։ Եթե հերյուրանքը չի հերքվում՝ կարող է որպես ճշմարտություն ընկալվել։

– Բայց պնդումներ են լինում, որոնք այնքան տարօրինակ ու անհեթեթ են, որ լուրջ ու ողջամիտ մարդը չպիտի դրանց անդրադառնա ու չենք անդրադառնում։ Իհարկե, եթե այդ պնդումները լուրջ ենթատեքստ ունեն կամ կարող են որոշ հետեւանքների հանգեցնել՝ անմիջապես ենք արձագանքում։

– Մամուլի հետ շփումների մարտավարությունն ընդհանրապես է կարծես փոխվել՝ նախագահի պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում առավել ակտիվ քաղաքականություն էիք վարում։ Նկատի ունեմ ճեպազրույցների հաճախականությունը, լրագրողների հետ նախագահի հանդիպումները։

– Այս տարի էլ նախագահի հետ լրատվամիջոցների հանդիպումներն ավելի շատ են եղել, քան թվում է։ Ասենք, միայն մայիսին մի հինգ հարցազրույց կամ հանդիպում է եղել, այդքան էլ հունիսին։ Համենայն դեպս, դրանք պակասեցնելու միտում չկա։ Ահա այս ամիս էլ կլինի հեռուստալրագրողների հետ ավանդական դարձած հանդիպումը։

– Սա առանձին անդրադարձի նյութ է։ Մինչ այդ պիտի նշեմ, որ եթե անցած տարի Ռոբերտ Քոչարյանն ամեն շաբաթ անպայման որեւէ մարզ կամ գործարան էր այցելում՝ այժմ նման շրջագայություններն էլ են ավելի հազվադեպ դարձել։ Անհանգստացնում է, որ նա սկսել է ավելի քիչ շփվել ժողովրդի հետ եւ աստիճանաբար ներփակվելու, զուտ կաբինետային կառավարման անցնելու միտում է զգացվում։

– Չեմ կարծում։ Նախագահը կաբինետում ներփակվող մարդ չէ։ Գուցե ինչ-ինչ պատճառներով այցերն այս պահին քչացել են, բայց հատուկ սահմանափակելու որոշում չի եղել։ Նման այցեր դեռ շարունակաբար կլինեն։

– Անցած տարվա համեմատ այլ փոփոխություններ էլ կան՝ էլ չեք փորձում նախագահի կերպարը մատուցել արեւմտյան որոշ չափանիշներով՝ որպես ժողովրդի միջով ոտքով քայլող մեզնից մեկի, բասկետբոլ խաղացողի եւ այլն։ Ենթադրում եմ, որ պրն Քոչարյանն էլի շաբաթը երկու անգամ բասկետբոլ խաղում է, բայց դա այլեւս չի նկարահանվում։

– Երեւի սկզբնական շրջանում նրան որպես մարդու ներկայացնելու խնդիրը կար։ Իսկ այժմ հասարակությունն արդեն տեղյակ է, որ նա սիրում է բասկետբոլ խաղալ, հեծանիվ քշել եւ ընդհանրապես՝ սպորտով զբաղվել, ակտիվ կյանք վարել։ Նա իրոք չի դադարել այդ ամենն անել, բայց անհրաժեշտություն չենք տեսնում ամեն անգամ դրա վրա ուշադրություն հրավիրել։

Թերթի թղթակցի խանդի արտահայտություն

– Չե՞ք կարծում, որ միայն հեռուստալրագրողների հետ ոչ «ոտքի վրա» ու հապճեպ զրույցներ ունենալով՝ պրն Քոչարյանը բավական սահմանափակում է թերթերում աշխատող լրագրողների՝ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը անմիջապես երկրի նախագահից հիմնավորապես ստանալու հնարավորությունը։

– Նկատառումները մի քանիսն են, թե ինչու ենք ավելի հաճախ հեռուստալրագրողներին նախընտրում, այսպես ասած, գրող թղթակիցներից։ Նախ, երեւի հեռուստատեսության եւ թերթերի դերի եւ օպերատիվության խնդիր կա։ Անաչառ լինենք. թերթերի տպաքանակը եւ հետեւաբար՝ ազդեցությունն այնքան չէ, ինչքան հեռուստատեսությանն է։ Ոչ բոլորն են նաեւ հատուկ ժամանակ հատկացնում թերթ կարդալու, իսկ հեռուստացույց նայելն ավելի հեշտ է ստացվում։ Սա պատճառներից մեկն է, որ հեռուստատեսությամբ հանդիպումներն ավելի պարբերական են։

Սահմանափակ շրջանակով ֆորմատը տրամադրում է ավելի անկեղծ ու հանգիստ խոսակցության։ Ամեն դեպքում, եթե 50 հոգու հրավիրես՝ մի մասին կհաջողվի, մյուսին չի հաջողվի հարց տալ եւ էլի «ոտքի վրա» զրույց կստացվի՝ շուտ եւ շատ հարց տալու եւ ամեն ինչի մասին պատասխաններ լսելու մրցույթ։ Դրա համար էլ նախագահն ընտրել է այս ոճը, որ առավել հրատապ ու հասարակության համար խնդրահարույց մեկ-երկու թեմա քննարկվի եւ ինքն անկաշկանդ մթնոլորտում ավելի հանգամանալից անդրադառնա այդ հարցերին։

– Համոզիչ չէ, թե զրույցի շրջանակների մասին չէր կարելի լրագրողների ավելի մեծ խմբի հետ պայմանավորվել։ Բայց ինչեւէ՝ չծանրանանք այս խնդրի վրա, առանց այն էլ շատ բացահայտեցի առանձնաշնորհյալ հեռուստալրագրողների նկատմամբ թղթակիցներիս խանդը։

Չարտասանված տխուր խոսքեր

– Նախորդ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը «Առավոտին» տրված հարցազրույցում պատմել էր, որ իր ճեպազրույցներում իրեն գրեթե չեն տալիս այն հարցերը, որոնք, ակնհայտ է, թե պիտի հետաքրքրեին ու հուզեին։ Ձեր փորձառությունն այս առումով ի՞նչ է հուշում։

– Ինքս էլ եմ հնարավոր հարցերը փորձում կանխատեսել եւ պատրաստել։ Չէի ասի, թե դրանք երբեք չեն համընկնում։ Կարելի է ասել՝ 10-25 %-ով են հնչում այն հարցերը, որոնք պետք է որ, իմ կարծիքով, հետաքրքրեին հասարակությանը։

– Կարո՞ղ եք չհնչած հարցերի օրինակներ բերել, որ ավելի առարկայական լինի, թե այդ ինչ թեմաներ են հետաքրքրում հասարակությանը, բայց լրագրողներս չենք կռահում։

– Որոշակի օրինակներ այս պահին չեմ հիշում, բայց դրանք հիմնականում վերլուծական բնույթի հարցեր են։ Տարօրինակն այն է, որ դրանք այնպիսի հարցադրումներ են, որոնց մամուլն այս կամ այն կերպ անդրադարձած է լինում։ Ասենք, մի թերթ հղում է անում նախագահին, նրան մի կարծիք ու գործողություն վերագրում կամ գտնում, որ տվյալ բանի համար նախագահն է պատասխանատու եւ այլն։ Ենթադրում ես, թե պիտի փորձեն պարզել հրապարակումների իսկությունը, նախագահի վերաբերմունքը, բայց հիմնականում անտեսում են։

– Իսկ ինչո՞ւ եք սպասում մինչեւ Ձեզ այդ մասին հարցնեն։ Չե՞ք փորձում այդ չհնչած հարցերը սեփական նախաձեռնությամբ պարզաբանել՝ հասարակական կարծիքն ապակողմնորոշումից փրկելու համար թեկուզ։

– Եթե խոսքը հստակ ձեւակերպված հայտարարությունների մասին է, որոնց կարիք կա անպայման անդրադառնալ՝ պատասխանում եմ։ Ամենավերջին օրինակը «Երկրում» Վաֆա Գուլիզադեի հայտարարությունն էր, թե իբր Ռոբերտ Քոչարյանը խոսել է Ադրբեջանի տնտեսական զարգացման տեմպերի մասին, որին անմիջապես ինքս արձագանքեցի։

Խառնվածքի հարցեր

– Նախորդ նախագահի խոսնակը բավական մեծ ազդեցություն ուներ հատկապես պետական լրատվամիջոցների վրա՝ դրանց գործունեությունն ուղղորդելու առումով։ Պաշտոնավարման փոքր ժամկե՞տը Ձեզ իրավունք չի վերապահում քարոզչության ստվերային ղեկավարումը ստանձնել, ինքնե՞րդ չեք ցանկանում դա անել, թե՞ պատճառներն այլ են։

– Ես, իհարկե, տեղյակ չեմ, թե ինչ չափով էր նախորդ մամուլի քարտուղարը ներազդում լրատվամիջոցների աշխատանքի վրա։ Բայց չեմ կարծում, թե ազդեցության կամ ուղղություն տալու խնդիր կա։ Մամուլի աշխատանքներին չեմ միջամտում, նման իրավունք եւ պարտականություն չունեմ։ Երեւի թե, նախագահի մամուլի քարտուղարի աշխատանքի ոճը պայմանավորված է նրան առաջադրված խնդիրներով, ու նաեւ՝ թե ով է նախագահը։

– Դուք նախորդ նախագահի հետ էլ եք աշխատել՝ գործելակերպային եւ այլ հարցերում տարբերությունները շա՞տ են։

– Նախորդ նախագահի հետ միայն որպես թարգմանիչ եմ աշխատել՝ դա լրիվ ուրիշ գործառույթ էր, շփման աստիճանը շատ սահմանափակ։ Հետեւաբար, զերծ կմնայի համեմատություններից։

– Ներկա նախագահի հետ եթե շփումներն ավելին են՝ կարո՞ղ եք վկայել, թե որ հրապարակումներն են նրան առավել զայրացրել։

– Ռոբերտ Քոչարյանը շատ զուսպ մարդ է եւ մամուլի հրապարակումներից չի զայրանում։

– Դիվանագիտական պատասխան էր։

– Հարցն էր սադրիչ։ Բայց իրոք չեմ հիշում շատ զայրացրած հրապարակումներ, որոնց մասին արտահայտվեր։

– Արդեն մշտական դարձող տպավորությունս է եւ, կներեք, բայց Դուք էլ բացառություն չեք, որ մամուլի քարտուղարները ձգտում են առավելագույնս քիչ տեղեկատվություն հաղորդել եւ խուսափողական, ոչինչ չասող, դիվանագիտական պատասխաններ տալ։ Այդ խնդիրը ձեզ առաջադրվո՞ւմ է, թե՞ ինքներդ եք սահմանում։

– Հարցերից խուսափելու խնդիրը դրված չէ։ Ուղղակի պետք է այնպիսի պատասխաններ տալ, որոնք իրենք, որքան հնարավոր է, լրացուցիչ այլ հարցեր չեն առաջացնի։ Մամուլի քարտուղարի խնդիրը սենսացիոն հայտարարություններ անելը չէ, այլ պետության ղեկավարի դիրքորոշումն արտահայտելը։

– Մի քանի դեպքեր կարելի է մտաբերել, երբ Ձեր պատասխանները խնդիրներ հարուցեցին եւ անգամ վիրավորանքների տեղիք տվեցին, որոնց չարձագանքեցիք։ Ասենք, Քաղաքական խորհրդի լիազորությունների կամ նախագահի խորհրդականների ինստիտուտի վերաբերյալ Ձեր մեկնաբանություններին (վերջինիս շատ սուր արձագանքեց Արամ Սարգսյանը) հետեւած վեճերում ո՞ւմ դիրքորոշումն էր պաշտպանում Ռոբերտ Քոչարյանը։ 

– Ես, ամեն դեպքում, նախագահի կարծիքն եմ հայտնել։ Եվ եթե այն դուր չի եկել ոմանց՝ չի նշանակում, թե պիտի անդրադառնայի նրանց դժգոհությանը եւ դա փորձեի դարձնել անձնական հարց։ Հնարավոր է նաեւ, որ նախագահի մտքի իմ շարադրանքը եւ դրա՝ որեւէ մեկի ընկալումն իրարից տարբերվեն։

– Մինչ Ձեր նշանակումը կասկածներ ունեինք, որ լավ չեք կողմնորոշվում ներքաղաքական հարցերում, դրանք Ձեր հետաքրքրությունների շրջանակից դուրս են։ Այս ընթացքում նախասիրությունները փոխվեցի՞ն, թե՞ ոչ։

– Նախասիրության խնդիր չէ, այլ պարտականության, որ պիտի տեղյակ լինես՝ մանավանդ որ հատկապես վերջին շրջանում լրագրողներին ավելի շատ ներքին կյանքի հարցերն են հետաքրքրում։ Եվ ճեպազրույցների բնույթն էլ այնպիսին է, որ կարծես ավելի շատ տեղեկատվական պատասխան ակնկալող հարցեր են տրվում՝ քաղաքականության ճշգրտում, պարզաբանում չի ակնկալվում։ Իհարկե, փորձում եմ բոլոր ոլորտներն էլ ուսումնասիրել, բայց ձեր ետեւից չեմ հասնում՝ արդեն մարդկանց մականունների եւ անձնական կյանքի մեջ եք խորացել։ Ես այդ ամենից շատ հեռու եմ։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031