Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հեղաշրջման քա՞յլ…

Հուլիս 09,1999 00:00
hexashrjum

Քաղաքական հեղաշրջման քա՞յլ… Մեր ունեցած տեղեկություններով «Արցախ» հեռուստառադիո պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղեւոնդյանին աշխատանքից ազատելու պատճառն այն էր, որ մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, հեռուստատեսությունը վճարովի եթեր էր տրամադրել «Արցախի արիներ» պատանեկան միության նախագահ Վարդան Թաշճյանին եւ Ստեփանակերտի «Էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վալերի Բալայանին։ Նրանք իրենց մեկնաբանություններն էին արել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական լարված իրադրության շուրջ։ Վ. Թաշճյանն իր մտահոգությունները կիսեց նաեւ «Առավոտի» թղթակցի հետ.

– Այս լարվածությունը ծայր առավ նախագահ Ա. Ղուկասյանի ելույթից եւ դրան հետեւած քայլերից։ Նախագահը կառավարությունը ցրեց այնպիսի ոճով եւ մի այնպիսի պահի, որ բոլորի համար պարզ դարձավ, որ տեղի ունեցածը ոչ թե կառավարության կազմի սովորական փոփոխությունն է, ոչ թե տնտեսական կուրսի փոփոխություն է, այլ զուտ քաղաքական ակցիա, որի նպատակների մասին նա պարզապես չուզեց խոսել։ Նկատի ունենալով վարչապետին, կառավարության անդամներին նախագահի ուղղած խիստ որակումներն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ նա կատարել է քաղաքական հեղաշրջման քայլ եւ գնալով դրան անտեսել է մի շարք կարեւոր հանգամանքներ, եւ այդ անտեսումն էլ ինքնին կասկածի տակ է դնում կատարվածի օգտակարությունը։ Նախագահն իր վերջին հայտարարությունները կատարեց ծայրահեղ պոպուլիստական ոճով, ինչն անակնկալ էր բոլորիս համար, ինչը չէր կարելի սպասել ցանկացած երկրի նախագահից։

Նա լինելով պետական բարձրագույն իշխանության մարմնավորողը՝ դիմելով նման քայլի, տպավորություն ստեղծեց, որ կարծես ընդդիմանում է ինքն իրեն։ Հենց այստեղ բացահայտվեց քաղաքական հեղաշրջման վտանգի բնույթը, հեղափոխական ոճը։ Նա պիտի հաշվի առներ ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին ռազմաքաղաքական իրավիճակը. թե՛ վարչապետի, թե՛ կառավարության նոր անդամների նշանակումները տեղի են ունեցել առանց խորհրդակցությունների (նախագահի ելույթից հասկացանք, որ ինչ-որ խորհրդակցություններ եղել են Հայաստանի մայրաքաղաք Երեւանում)։ Այն քաղաքական-հասարակական ուժերը կամ ազդեցիկ դեմքերը, որոնք ապրում են Ղարաբաղում, աշխատում Ղարաբաղի տնտեսության, քաղաքականության մեջ, դուրս են մղվել գործընթացից։

Նախագահը հակառակ իր երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին խոստումների, վարչապետ նշանակելուց եւ նոր կառավարություն կազմելուց հետո առկախ թողեց պաշտպանության նախարարության հարցը։ Սա շատ սխալ քայլ էր, որն էլ լարվածության մեջ պահեց բանակը, ստեղծեց անորոշ վիճակ, ներքին խուճապի մթնոլորտ։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա պետք է ասեմ, որ Ղարաբաղի վարչապետ է նշանակվել կասկածելի, ես չեմ ուզում ասել քրեական անցյալ ունեցող անձնավորություն, որն իր հետ Ղարաբաղ է բերել իր քաղաքական գործակցին, քրեական հետախուզության մեջ գտնվող Վլադիմիր Շեվյովին։ Մեր նախագահը եւ հանրապետության դատախազությունը պետք է զբաղվեն այդ հարցերով, անհրաժեշտ ճշգրտումներ մտցնեն առկա տեղեկությունների մեջ։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031