Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

… Այլ փրկեա զմեզ ի չարեն

Հուլիս 09,1999 00:00
ejmiaci

Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինին վերջին հրաժեշտը տալու նպատակով երեկ Մայր Տաճար էին եկել Հայաստանի, Սփյուռքի (եւ ոչ միայն) քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ։

Հայաստանի ներքին անցուդարձին, քաղաքական զարգացումներին անտեղյակ մեկը մի հայացք գցելով ծառերի հովին կանգնած գործիչների խմբերի կազմին, հանգիստ կարող էր հիմնավոր եզրակացություններ անել հանրապետության ներքաղաքական կացության վերաբերյալ։

Նախ՝ Լեռնային Ղարաբաղից եկած պատվիրակության մասին։ Այն բազմամարդ չէր. ժամանել էին ԼՂՀ կառավարությունից վարչապետ Անուշավան Դանիելյանն ու արտգործնախարարը։ Նախագահ Արկադի Ղուկասյանն ու Սամվել Բաբայանը մնացել էին Ղարաբաղում, ուր իրավիճակը առայժմ «լարված է, բայց կայուն»։ Նրանց՝ Էջմիածին չգալու կապակցությամբ բանավոր վարկածներին չենք անդրադառնում։

Բոլորի ուշադրության կենտրոնում ՀՀ առաջին նախագահ, հանգուցյալ կաթողիկոսի հայրենակից Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Պարոն Տեր-Պետրոսյանը, սակայն, բոլորից պատշաճ հեռավորության վրա էր կանգնած, եւ նրա ու նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհներն իրար ոչ մի կերպ չհատվեցին։ Լեւոն Տեր-Պետրոսյանին շրջապատել էին Բաբկեն Արարքցյանը, Տեր Հուսիկը, Վահագն եւ Վիգեն Խաչատրյանները, Բագրատ Ասատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արա Սահակյանը։ Դավիթ Շահնազարյանն այդ խմբում չէր։ Իրար հետ շփում չպարտադրող հեռավորության վրա էին կանգնել նաեւ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները։ Նրանցից զգալի հեռավորության վրա ի մի էր եկել նոր կառավարությունը ու (պետք է նկատել) աշխույժ զրուցում էր։ Կառավարության այս կազմից հարգելի պատճառով բացակայում էին վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որոնք իրենց դիրքին վայել՝ տեղ էին զբաղեցրել նախագահ Քոչարյանի եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կողքին։ Այսինքն՝ կաթողիկոսի աճյունի մոտ։ Ի դեպ, սփյուռքահայ մեր հայրենակիցների լուսանկարչական սարքերը չխկչխկացին, երբ Վազգեն եւ Սերժ Սարգսյանները՝ երկուսով (եւ ուս-ուսի) դուրս եկան վեհարանից՝ ի տես բոլոր «չուզողների»։

Լուսանկարների մասին. բավական անակնկալ էր տեսնել, թե ինչ անհարկի խանդավառությամբ համախմբվեցին արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանն ու կրթության եւ գիտության նախարար Էդիկ Ղազարյանը՝ միասին լուսանկարվելու եկեղեցու ֆոնի վրա։ Լուսանկարվել ցանկացողների թիվը (խոսքս պաշտոնյաների մասին է) քիչ չէր։ Ընդ որում, որպես գեղեցիկ ու էկզոտիկ «տեսարան» էր ընկալվել նաեւ Մալթայի դեսպանը՝ միջնադարյան իր տարազով, սուրը՝ կողքին։ Ինչպես ասացինք, լուսանկարվել ցանկացողները դիրքավորվում էին այնպես, որ կադրի մի անկյունում իր «ուրույն» տեղը գտնի վերոնշյալ դեսպանը։

Քաղաքական բացակա գործիչներից աչքի ընկավ Վանո Սիրադեղյանը։ Հեռվում, ծառերի ստվերում խմբվել էին ու արեւից պաշտպանվում էին դեսպանները։

Վեհափառ հայրապետի թաղման ծեսն ավարտվելուն պես նրանք շտապեցին Երեւան, իսկ հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը ու «այլ բարձրաստիճան հյուրեր» շարժվեցին դեպի վեհարան։

Գուցե թե այս դիտարկումներն օրվա տրամադրության հետ չեն քայլում, սակայն այսպիսի վիճակներում պաշտոնյաների վարքը շատ ավելի խոսուն է, քան նրանց բոցաշունչ ճառերն ամբիոնից։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031