Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Հուլիս 09,1999 00:00
Garegin A

Հունիսի 29-ին երկրային կյանքն ավարտեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Երեկ Մայր աթոռ սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Վեհափառ հայրապետի հուղարկավորության արարողությունը։

Արարողությանը մասնակցելու համար Մայր աթոռ էին ժամանել քրիստոնեական քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, հայաստանյան ու օտարերկրյա պաշտոնատարներ։ Վաղ առավոտվանից մայրաքաղաքից ու շրջաններից Մայր աթոռ էր գալիս հավատացյալ ժողովուրդը։

Ժամը 10-ին հուղարկավորության արարողությունը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ։ Վերջին օծման արարողությունը կատարեցին Կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Սբ. Պատարագի ավարտից հետո հրաժեշտի խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Ժամը 11-ին հուղարկավորության արարողությանը մասնակցելու ժամանեց հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ժամը 12։30-ին եպիսկոպոսաց դասի առաջնորդությամբ եկեղեցուց դուրս բերվեց Վեհափառ Հայրապետի աճյունը։ Սգո արարողության ժամերգությունից հետո հրաժեշտի խոսք ասաց Համայն Վրաստանի կաթողիկոս. պատրիարք Իլիա Երկրորդը։ Նա հանգուցյալ Հայրապետին բնութագրեց որպես քրիստոնյա աշխարհի ակնառու հոգեւոր հովիվ, նշեց Գարեգին Ա-ի մեծ ավանդը հայ եւ վրաց ժողովուրդների եւ քույր եկեղեցիների միջեւ բարի հարաբերությունների ամրապնդման գործում։ Այնուհետեւ հրաժեշտի խոսք ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով. «Գարեգին Ա-ն բացառիկ երջանիկ կաթողիկոս էր, որ Լուսավորչի գահին բազմեց հայոց անկախ պետությունում»։

Այնուհետեւ Երջանկահիշատակ Հայրապետի աճյունն ամփոփվեց սարկոֆագում, քրիստոնեական հին ավանդույթի համաձայն։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել