Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՍ ԴԵՌ «ՌԱԶԲԻՐԱՏՆԵՐ» ԱՆԵԼ ՉԳԻՏԵՄ

Հուլիս 09,1999 00:00

Ես միայն սովորում եմ

Իսկ այդ գիտելիքներն իրոք խիստ պետքական կլինեն նոր խորհրդարանում։ Այս առումով բոլոր կանխատեսումները կարծես իրականանալու են։ Համենայն դեպս, նախանշանները երեւացին ԱԺ աշխատանքի հենց առաջին օրվա ընթացքում։

Զանազան մականվանի պատգամավորների հետ «ռազբորկաներիս» պատմությունը ուշ եմ ներկայացնում, բայց ոչ ուշացած, քանի որ երկիրը պիտի ճանաչի իր ընտրյալներին։

Առաջինը հին-նոր պատգամավոր Լ.-ն էր, որի հետ այս տարվա մարտին հարցազրույց էի հրապարակել։ Այժմ նա «տխուր նայեց ինձ» եւ անցավ իր խաղին բառացի. «Չգիտեմ էլ, ո՞ւմ պատվերն ես կատարել»։ Համառ հորդորներիցս հետո վերջապես պարզաբանեց, որ ինքն ինձ հետ այն ժամանակ ընկերական էր խոսել, իսկ ես բռնել-գրել էի ու իրեն թերթերի բերանը գցել։ Նորագտյալ ընկերոջիցս, որի հետ երկրորդ զրույցն էր սա, հետաքրքրվեցի, թե արդյոք պատահաբար չի՞ նկատել մեր առաջին զրույցի ժամանակ իր բերանին մոտ պահած դիկտաֆոնը։ Փոքր-ինչ մտորելուց հետո նա մտերմիկ խոսակցությունն անհեռանկար համարեց ու սկսեց առավել տխուր պնդել, որ ես այդ զրույցը խեղաթյուրել էի։ Այս անգամ զրկված էի ապացուցման հնարավորությունից՝ 4 ամիս էր անցել զրույցից, իսկ ես ձայնագրությունը միայն 2 ամիս էի սրբորեն պահպանել՝ օրենքով նախատեսված մեկ շաբաթվա փոխարեն։

Նույնքան անելանելի վիճակում էի արդեն նորընտիր պատգամավոր Լ.-ի հետ զրույցի ընթացքում։ Նա պնդում էր, որ իր մասին մեր անխտիր բոլոր հրապարակումները կեղծիք են եւ ավելին՝ իր մականունը հենց մեր թերթն է իրեն կպցրել։ Չնայած «Առավոտը» մի հնգամյակ գոյություն ունի, իսկ նա իր թաղամասում արդեն մի տասնամյակ է հայտնի իր այդ մականունով (Ի դեպ, երբ նախորդ խորհրդարանին մաս կազմող մի պատգամավորի հարցրել էի, թե ինչու են իրեն «Մուկ» անվանում, երդվեց, թե առաջին անգամ ինձնից է լսում այդ մասին։ Չնայած հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներից սկսյալ՝ բոլորը նրան հենց «Մուկ» են անվանում)։ Հիմա քանի որ այս մի պատգամավոր Լ.-ին դրական էին բնութագրում՝ բարեկամաբար առաջարկեցի, որ հայտնի՝ ինչպես կարելի է իրեն գտնել եւ երբ իր մասին հրապարակում լինի՝ նախապես ճշտենք։ Հրաժարվեց։ Սա այն դեպքն էր, երբ ուզում ես լավություն անել՝ գցել ջուրը, բայց լավություն անելու քո իրավունքը ոտնահարվում է։ Չէին օգնում բազմակի փաստարկները, թե ինչպե՞ս պիտի իր մասին հրապարակումները ստույգ լինեն՝ եթե ինքը զրկում է դրանք ճշգրտելու հնարավորությունից։

Սրանք տխուր, բայց գոնե խաղաղ «ռազբորկեք» էին։ Փոքր-ինչ ուշ նորընտիր պատգամավոր Ճ.-ն բավական ագրեսիվ պահվածք դրսեւորեց. մի քանի լրագրողուհիների ներկայությամբ միջանցքում գոռգոռում էր ընդհանրապես մամուլի հասցեին. «Անասունի ծնունդներ, եթե ժողովուրդը մեզ ընտրել է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մեզ չհավանելու»։ Անգամ զարմանալի չթվաց, որ ներկա տղամարդ պատգամավորներից որեւէ մեկը չմիջամտեց ու չփորձեց կարգի հրավիրել նրան՝ թերեւս իրենց սրտից էր խոսում։

Բավական համառոտ ու զուսպ նկարագրված այս զրույցների հետեւանքն այն էր, որ անգամ չարձագանքեցի էլ, երբ նշանավոր խանութպան պատգամավոր Մ-ն ձեռքն իմ կողմը տնկելով սկսեց բողոքել, թե ինչու եմ իր մասին գրել՝ «ոմն» եւ իրեն հակադրել իր դաշնակցական մրցակցին. «Ուրեմն ինքը էս 3 ամսում գործի՞չ դարձավ, իսկ ես քաղաքական գործիչ չե՞մ»։ Ավելի ուշ այդ դաշնակցականին (որը նույնպես պատգամավոր է) պատմեցի այդ «ռազբորկայի» մասին։ Նա էլ, քանի որ բոլոր իսկական դաշնակցականների պես «նստած-հելած» է, ինձ խիստ արժեքավոր խորհուրդ տվեց. «Պիտի ասեիր՝ կարա՞ս իրա դեմն ասես, ապե՛։ Նրանք ուրիշ լեզու չեն հասկանում»։

Դե, ես էլ մինչեւ սեպտեմբերի 13-ը, երբ նոր ԱԺ-ն կրկին իր նիստերը կգումարի, «ռազբիրատներում» վարքականոնի նորմերն եմ փորձում ուսումնասիրել։ Քանի որ անհնար է խորհրդարանական աշխատանքները լուսաբանել ու ԱԺ-ի մի ստվար զանգվածին չանդրադառնալ։ Իսկ այդ զանգվածը… ուր է թե հերքումներ պահանջեր կամ դատարան դիմեր՝ գոնե իրենց ներկայացված հարցադրումներն ու հակափաստարկները փորձեր ըմբռնել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031