Կառավարության հունիսի 24-ի նիստում Վազգեն Սարգսյանն ասել էր, թե «ինչի նման է՝ մարդը կառավարությունում է աշխատում, իմանում է բոլոր գաղտնիքներն ու երկրի տնտեսական անվտանգության նրբությունները ու մեկ էլ հանկարծ հայտնվում է արտասահմանում։ Պատահական չէ, որ արդյունաբերության մեր երկու նախկին նախարարներն այսօր արտասահմանում են ապրում»։ Սակայն վարչապետը չէր էլ նշել, թե ո՞ր նախկինների մասին էր խոսքը։ Երեկ Թումանյան փողոցում հանդիպեցինք նախկիններից Աշոտ Սաֆարյանին եւ տխրեցինք, որ արտասահմանում չէ, բայց ուրախացանք, որ գաղտնիքներով ու «երկրի տնտեսական անվտանգության նրբություններով» այստեղ է։
ՎԱՏ ԼՈՒՐ
Այս օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ էին փորձել ԼՂՀ-ում առկա զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Սամվել Բաբայանից, բայց նա խուսափել էր զրուցել որեւէ մեկի հետ։ Այս առնչությամբ մի հետաքրքիր միջադեպի մասին տեղեկացանք։ Հերթական թերթի հերթական թղթակիցը պրն Բաբայանի օգնականից ստանալով «Զբաղված է» պատասխանը, հետաքրքրվել էր՝ «Իսկ վա՞ղը»։ «Վաղն էլ զբաղված կլինի»,- պատասխանել էր աննկուն կանխատեսողը։