Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Զադոյան. «Ես տեր եմ ձեզ, դուք էլ ինձ թիկունք կանգնեք»

Հուլիս 08,1999 00:00
Davit Zadoyan

Օրերս ՀՀ էներգետիկայի նոր նախարար Դավիթ Զադոյանը այցելեց «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲ ընկերություն։ Բնորոշ է, որ համակարգի յուրաքանչյուր նոր ղեկավար բաշխիչ ցանցերի հետ իր ծանոթությունը սկսում է այստեղից։

Նախ, այն պարզ պատճառով, որ Երեւանն իսկապես հանրապետության «սիրտն» է ու շատ բան է կախված մայրաքաղաքում տիրող վիճակից։ Երկրորդ, որ ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը իրացվում է Երեւանում։ Եվ, վերջապես, «Երեւան քաղաքը ամենակոմպակտ վայրն է, եւ բարեփոխումներն այստեղ ավելի արդյունավետ կլինեն»,- ասաց նախարարը։

Մինչ հանդիպման մասին պատմելը՝ մի փոքրիկ դիտարկում առհասարակ «բարեփոխում» երեւույթի շուրջ։ Անշուշտ, մենք բոլորս՝ ամենավերին օղակից մինչեւ ստորին պտուտակը, նոր աշխատավայրում հայտնվելուն պես փորձում ենք բերել մերը, առանձնահատուկն ու միմիայն մեզ բնորոշը, ինչն էլ ինքնին բարեփոխման նախադրյալ կարող է դառնալ։ Իսկ նախադրյալն արդեն կատարված ու կայացած արժեք է դառնում այն դեպքում միայն, երբ ընդունում ենք կամ գոնե չենք բացառում, որ մեզնից առաջ էլ մարդիկ աշխատել են, թեկուզ՝ պակաս, բայց՝ նվիրումով։ Երբ ընդունում ենք, կամ գոնե չենք բացառում, որ լավն ու վատը, թացն ու չորը, ազնիվն ու անազնիվը բնության մեջ եւ մեր օղակում (որ երբեմն կարող է մի պտուտակի չափ լինել) 50-50 հարաբերությամբ են հանդես գալիս։

Ասել ու պնդել, թե էներգահամակարգում հրեշտակներ են շրջում՝ ամպոտ ոտքերով ու դեմքի անմեղագույն արտահայտությամբ, սեւ հումորի պես մի բան կլինի։ Սակայն առանց մասնավորներին իմանալու կասկածել ընդհանուրին, սա էլ բանի նման չէ, բայց անխուսափելի մի բարդույթ է, որ բոլորս բերում ենք մեզ հետ այս համակարգ մտնելիս, ու դատապարտված ենք հաղթահարել դարձյալ բոլորս միասին։ Իսկ միասինի, իրար սատարելու եւ վստահելու արժեքը, դատելով հանդիպումից, նախարարը լավ գիտե, եւ վերնագիր դարձած խոսքն էլ դրա վկայությունն է։

Հենց սկզբից անմիջական, անկեղծ, սպասվածից ավելի բաց խոսքը թուլացրեց լարվածությունը, որը պիտի խանգարեր ճիշտ հարաբերվելուն. «Չգիտեմ, բարի, թե չար բախտով, նշանակել են ձեզ նախարար։ Խիստ խնդիրներ են դրել մեզ վրա, ու համոզված եմ՝ կկատարենք։ Հանրապետությունում իրոք ծանր է կացությունը։ Ժողովուրդը դժվար վիճակում է, բայց լավատեսությունը չի լքում նրան։ Սակայն, եթե, Աստված մի արասցե, այս կառավարությունն էլ չշտկի իրավիճակը, կարող է պայթյունավտանգ լինել։ Մեզ վերջին շանսն է տրված, ու ոչնչի առջեւ կանգ չենք առնի, պատժելու ենք մեղավորներին»։ Իսկ այս ոլորտի մեղավորները նյութական պատասխանատուներն են՝ սկսած առանձին դիսկրետ օղակից մինչեւ ծառ սխեմայի ամենախոր արմատները։

Շատ է խոսվել էներգետիկայի բնագավառի տեխնիկական՝ անխուսափելի եւ գերնորմատիվային կորուստների մասին։ Վերջինի հարցում պարոն Զադոյանի վերաբերմունքը միանշանակ էր. «Բոլորդ ինձնից լավ եք հասկանում, որ գերկորուստ գոյություն չունի, սա հորինված է գողությունը օրինականացնելու համար։ Հասկանում եմ, կան տեխնիկական կորուստներ՝ դրանց տեր եմ։ Եկեք տղամարդավարի պայմանավորվենք, եկող ամսից գերկորուստ չկա»։ Ընդհանրապես, տվյալ պահի համար նախարարը կարեւորում էր հենց այս խնդիրը, որ այլ կերպ նաեւ մարդկային գործոն է կոչվում, առանց որի ոչ մի բաժանորդ չի կարող հասնել «բաղձալի» նպատակին։ «Թողեք հաշվիչը գրանցի բաժանորդի ամբողջ ծախսը, թող նա պարտք մնա պետությանը…»,- հորդորում էր նախարարը։

Հետո պարոն Զադոյանը ներկայացրեց իր «խաղի կանոնները», որոնց եւս «տեր է կանգնելու»։ Մասնավորապես նրա անմիջական հսկողությամբ պետք է պատժվի վատն ու խրախուսվի լավը՝ առանց արտաքին ուժերի ներգործության։

Նախարարը պատեհ առիթը բաց չէր թողնում նաեւ կատակելու համար։ Իր բնակության վայրը սպասարկող մասնաճյուղերի տնօրենին լսելիս, ամսական արդյունքներին ծանոթանալիս «դժգոհեց». «Հոգիս հանեցիք, այ մարդ, միշտ հաշվիչիս վրա ավել եք գրում, այս ամիս, օրինակ՝ 14000 դրամ»։ Նույն պահին պարզվեց, որ փոխնախարար Ռոբերտ Նազարյանն ավելի մեծ գումար է մուծում եւ հենց սա էլ հավանաբար ժողովրդավարության նվաճումն է, որ ի հեճուկս դեմոկրատական ցենտրալիզմի՝ վերեւիններն են հարկատու դառնում։

Չխուսափեցինք նաեւ տխուր թեմաներից՝ մինչեւ տարեվերջ համակարգում աշխատող եւս 700 հոգի կհամալրի գործազուրկների բանակը։ «Ցավալի է, մանավանդ, երբ մտածում ես, որ յուրաքանչյուրի հետեւում մի քանի ուտող բերան կա»։ Բայց համակարգի օպտիմալացումը ժամանակի հրամայականն է։ Դարձյալ ասվեց, որ մինչեւ տարեվերջ «Երեւանի էլեկտրացանցը» կմասնավորեցվի։ Սակայն այս սեփականաշնորհման ձեւը, գույնն ու միտումը դեռ հստակեցված չէ։

Սա նախարարի ընդամենը հականե-հանվանե ծանոթությունն էր ընկերության ղեկավար կազմի հետ, իսկ աշխատանքի վերլուծությունը կկատարվի մոտ օրերս, երբ կամփոփվեն առաջին կիսամյակի արդյունքները, պատկերն ամբողջական կլինի եւ կմատնանշվեն երկրորդ կիսամյակի հանգուցային խնդիրները։

ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Հ. Գ. Նման հանդիպում կայացել է նաեւ «Կենտրոնական» ցանցում, ու կարծես բոլոր կողմերը համամիտ են, որ արդյունավետ ու փոխվստահելի համագործակցությունն է միակ ուղին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031